Եթե չենք համաձայնվում «դիվանագիտականին», ապա կստիպեն պատերազմի միջոցով

- in Վերլուծական
Paterazm

Արևմտյան և ռուսական ԶԼՄ-ներում ու փորձագիտական շրջանակներում խոսվում է Ղարաբաղի խնդրում ինչ որ հանգուցալուծման մասին: Ի մի բերելով այդ հրապարակումները, կարելի է ուրվագծել մոտավորապես հետևյալ պատկերը: Ադրբեջանը, Արևմուտքի համար կորցնելով իր քաղաքական ու տնտեսական նշանակությունը և հասկանալով, որ արևմտյան ասպարեզում հնարավորություններ չկան ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, սերտ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ:

Ադրբեջանը և Թուրքիան ներկայում հայտնվել են բավական բարդ իրավիճակում, կապված մասնավորապես Իրան – Արևմուտք հարաբերությունների կարգավորման հետ: Բացի այդ, Թուրքիան մի քանի ուղղությամբ նույնպես հայտնվել է մեկուսացման մեջ և բարդ խնդիրների առջև կանգնել թե Մերձավոր Արևելքում, թե քրդական խնդրի կապակցությամբ: Նույնպիսի իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը, որը ներկայում փորձում է ամրապնդել իր դիրքերը, թե Եվրասիական միության, թե այլ տարածքների վերահսկողության միջոցով: Նկատելի է, որ այս երեք երկրները փորձում են մի շարք ուղղություններով հանդես գալ համատեղ: Այդպիսի օրինակ է Սիրիան, որտեղ նկատելի են Թուրքիայի ու Ռուսաստանի սերտ համագործակցությունը և պայմանավորվածությունները:

Ղարաբաղի խնդրում նույնպես հաստատվում են որոշակի հանգամանքներ: Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք վերաբերվում են ղարաբաղյան տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն և ռուսական զորքի տեղակայմանը: Բաքվում հասկացել են, որ միակ պետությունը, որն ընդունակ է իրեն հանձնել Ղարաբաղը, Ռուսաստանն է: Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանի համար հարազատ, բնական միջավայր է: Ավելորդ է հիշեցնել, որ Ադրբեջանը ստեղծել է Ռուսաստանը, այդ թվում` հայկական տարածքների հաշվին, և խորհրդային տարիներին այն «ամենաարտոնյալ» հանրապետությունն էր:

Ադրբեջանին չհաջողվեց իր էներգետիկ ռեսուրսները վերածել աշխարհաքաղաքական առավելության, մասնավորապես ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում: Արևմուտքը դա թույլ չտվեց, Ադրբեջանը դիտարկելով որպես վառելիքի այլընտրանքային աղբյուր և տրանզիտ: Արևմտյան ու ռուսական փորձագիտական շրջանակներում նշվում է, որ ղարաբաղյան գոտում հանգուցալուծման սխեման մոտավորապես հետևյալն է: Եթե Հայաստանը չի համաձայնվում ռուսական զորքի տեղակայմանը, սկսվում է «լոկալ» պատերազմ, որի ժամանակ Ռուսաստանը թույլ չի տալու հայկական զինված ուժերի հաջողությունը: Այդ նպատակով, Ռուսաստանն արդեն սպառազինության առավելություն է տվել Ադրբեջանին, նրան մատակարարելով ժամանակակից զենք:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վերջերս խաղարկվեց հերթական բլեֆը ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու նպատակով ռուսական 200 միլիոն դոլար վարկի մասին: Այդ վարկը Ռուսաստանը կտա միայն այն դեպքում, եթե մտադրություն չունենա զորք մտցնել Ղարաբաղ: Հակառակ դեպքում դա անիմաստ է: Այսինքն, եթե հայկական կողմը չի համաձայնվում «դիվանագիտական» ճանապարհին, ապա նրան կփորձեն ստիպել պատերազմի միջոցով: Արդյոք Հայաստանը կհամաձայնվի այս սխեմային: Համենայն դեպս, Դուշանբեում Սերժ Սարգսյանի առաջարկը կարող է նշանակել, որ ինչ որ համաձայնություն կա: Վերը շարադրվածը արևմտյան ու ռուսական ԶԼՄ-ների ու փորձագիտական շրջանակների հրապարակումների «ծաղկաքաղ» է: Ընդ որում, այդ շրջանակները բավական տեղեկացված են և սերտ համագործակցում են իրենց կառավարությունների հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20