ԵՊՀ-ն ազատվում է հյուրատներից, թե` ծառայում ոմանց

Aram Simonyan

ԵՊՀ հյուրերի տան վաճառքից զատ, խոսակցություններ կան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է վաճառել նաև ԵՊՀ Հանքավանի հյուրատունը։

Հիշեցնենք, որ օրերս Սիմոնյանի որոշմամբ և ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հավանությամբ համալսարանի 5-հարկանի հյուրատունը վաճառվել է «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի հորը՝ Ստանիսլավ Համբարձումյանին: Իսկ որպես հիմնավորում նշվում է, որ շենքի վաճառքից առաջացած միջոցները ուղղվելու են ուսանողների ֆիզիկական դաստիարակությանը։

Արամ Սիմոնյանը հերքել է Հանքավանի հյուրատան վաճառքի մասին տեղեկությունները. «Այդպիսի բան գոյություն չունի։ Հանքավանինը հյուրատուն չէ, այլ ուսումնաարտադրական բազա է՝ երկրաբանների ու բիոլոգների համար։ Դա հերյուրանք է, ինչ-որ մեկի հնարածը: Ճիշտ է, դրանք այնքան էլ լավ վիճակում չեն, բայց ուսանողները իրենց ամառն այնտեղ են անցկացնում։ ԵՊՀ-ն այդպիսի ուսումնաարտադրական բազաներ ունի Դիլիջանում, Ծաղկաձորում, դրանք բոլորն էլ շարունակում են նմալ ԵՊՀ հաշվեկշռում»։

Ինչ վերաբերում է ԵՊՀ հյուրատան վաճառքի վերաբերյալ հանրության արձագանքներին, ապա Արամ Սիմոնյանը դրանք որակեց որպես «ոչ կոռեկտ և իմաստից զուրկ»։

Փոխարենը` դասախոսապրոֆեսորական անձնակազմում շատերն այլ ինֆորմացիաների են տիրապետում ու պատրաստակամություն են հայտնել հանդիպել մեր լրագրողի հետ ու ներկայացնել փաստաթղթավորված մասնրամասներ: Մենք պատրաստակամ ենք ներկայացնելու բոլոր կողմերի հավասարապես կարծիքները խնդրո առարկա թեմայի մասին:

Հեղինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20