Թուրքը հայի աչքերով

- in Մշակույթ
Hayastan - Turkia

Կիրակնօրյա նոթեր. Հայկական միջավայրում «թուրք» բառն ավանդաբար գործածվել և գործածվում է որպես վիրավորանք, հայհոյանք՝ հաճախ կենցաղից ներթափանցելով նաև հրապարակային խոսք։

Ահա մեջբերում մի մամուլի ասուլիսից. «Հայրս թուրք բառը չէր էլ օգտագործում, ասում էր՝ շուն են, հիմա մի սև շուն էլ Օբաման է, դեմը ընտրություններ չկան, ինքն էլ չասաց այդ (ցեղասպանություն) բառը»։ Հեղինակը Տիգրան Կարապետյանն է՝ «ԱԼՄ» հեռուստատեսության հիմնադիր Տիգրան Կարապետիչը։

Հայտնի է, որ թուրքերն էլ մոտավորապես նույն կերպ են մեր մասին արտահայտվում՝ կենցաղում, թե հրապարակային։

Խնդիրն ուրիշ է, թե ի՞նչ չափով ենք ճանաչում մեր երկիրը նվաճողներին, երբեմնի ջարդարարներին, դարավոր հարևաններին։ Չեմ գրում հակառակորդներին, քանի որ, չհաշված 1918-20 թթ.-երը, հայ-թուրքական պատերազմներ, ըստ էության, տեղի չեն ունեցել։ Նույնիսկ սելջուկյան հեռավոր ժամանակներում, հազար տարի առաջ հայ թագավորները գերադասեցին «էվակուացվել» Բյուզանդիայի խորքերը, քան պատերազմել՝ նախ Արծրունիները, ապա Անիի ու Կարսի Բագրատունիները (թող պատմաբաններն ինձ ուղղեն, եթե սխալ եմ)։

«Փաթթոցավորը… տգետ գյուղացիի մը երևույթը ուներ, բայց և կարող էր զանազանել «Ազատամարտ»-ը «Ժամանակ»-են.. Աքսորի կյանքիս մեջ շատ առիթներ ունեցա հաստատելու համար, թե՝ թուրքերը ավելի լավ ճանչցած էին մեր ներքին կյանքը, քան թե մենք՝ իրենցը»,- գրում է Երվանդ Օտյանը՝ հայ մեծ գրողներից միակը, ով գաղթի 4-ամյա (1915-1919) տարտարոսը վերապրելով («Տեր-Զորեն ողջ վերադառնալ պզտիկ հրաշք մը չէ՞ր»), հրապարակեց «Անիծյալ տարիներ» հիշողությունները։

Եթե նայենք հայ գրականության պատմությանը, գումարելով Օտյանի տողերից հետո անցած 100 տարին, պատկերը մեծ երգիծաբանի նկարագրածից շատ տարբեր չէ։

Ստեղծագործություններ, որոնցում թուրք հերոսներ կան, քանակապես իսկ քիչ են։ Մասամբ դա կարելի է բացատրել գրաքննության գործոնով, որը շատ խիստ էր Օսմանյան կայսրությունում, աչալուրջ՝ ցարական Ռուսաստանում, հրեշավոր՝ Սսովետական Միությունում։

Շատ ընդհանուր գծերով ամփոփելով՝ մի քանի ենթաթեմա կարելի է առանձնացնել թուրքական թեմայի երկդարյա անդրադարձներից՝ ազատագրական պայքար, ցեղասպանություն, սեր։

Ազատագրական պայքարի մասին խոսելիս առաջին հերթին հիշում ենք, իհարկե, Րաֆֆու վեպերը, որոնք նաև այդ նույն պայքարի ակունքն են դարձել։ Միայն թե նա համարյա չի նկարագրում թուրքերին, գրում է հայ ֆիդայիների մասին, որոնք «վաղն էին գալու»:

Ահա մի բնորոշ երկխոսություն Րաֆֆու «Խենթը» վեպից։

«- Շուն, ինչու՞ ես սպանում ինձ։

– Դու շատ ես սպանել իմ ազգից»։

Ճիշտ է, սպանվողն այս դրվագում թուրք էլ չէ, քուրդ է, բայց ներկայացնում է օսմանյան բռնապետությունը, իսկ սպանողը հայ վրիժառուն է։

Մեծ հաշվով նույնն է պատկերը նաև ֆիդայիներին նվիրված մյուս հայտնի ստեղծագործություններում՝ ընդհուպ մինչև Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»։

Սիրային թեմայից վերնագրով իսկ միանգամից մտաբերվող գործը Աբովյանի «Թուրքի աղջիկը» պատմվածքն է։

«Թուրք ըլի, Աստուծու պատկեր չի՞, մեռելին տեսնողը բաս սո՞ւք չանիլ, կծիծաղի՞: Խաղաղություն հոգուդ՝ հանգուցյա՛լ մարմին, ա՛յ իմ պատկերակից հողածին»,- մտորում է պատմվածքի հերոսը/հեղինակը:

Պատմվածքում նրա և երիտասարդ թրքուհու հարաբերությունները բավական մշուշոտ են (միգուցե այս տարվա նման զարհուրելի շոգն է եղել պատճառը՝ «քաղաքի շոքն ու կրակը շունչս բերանս էր հասցրել»), բայց հեղինակային հանդուրժողականությունը դեպի այլազգին/այլադավանը միանգամայն հստակ է։

(Զարմանալի է, բայց արևմտահայ ականավոր գրական գործիչ Հակոբ Օշականը (1883-1948) ունի պատմվածք, որը կոչվում է «Թուրքմենի աղջիկը»։ Ճիշտ է, պատմվածքը, որի պատանի հոտաղ հերոսը սիրահարվում է լեռնային մեկուսի լճում մերկ լողացող գեղեցկուհուն, որևէ էթնիկական երանգավորում չունի)։

Թուրքական թեմայի սիրային գծի վառ արտահայտություն է Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմի այն դրվագը, երբ հերոսի հայկական ջոկատը ներխուժում է թուրքական գյուղ.

Եվ հանկարծ… ծառս եղավ Շավարշի ձին. ի՞նչ,

Ի՜նչ զարմանալի հրաշք, Շավա՛րշ…

Դիմացից դուրս թռավ մի հրեշտակ, չէ՛, կի՛ն.

Ձին սանձեց Շավարշը— ու մնաց։

Ջաննաթի փերի էր, կին չէ՛ր, չէ՛.

Չէր տեսել Շավարշը այդպիսի կին…

Ավելի վաղ Չարենցը «Լենինն ու Ալին» պոեմում նկարագրել էր թաքուն բոլշևիկներին համակրող թուրք աշխատավորի, որը սակայն կարող էր լինել ցանկացած երկրից, որը չէր ընդունում պրոլետարական հեղափոխության գաղափարները։ Նույնը վերաբերում է «Ստամբուլ» պոեմի հերոսին՝ որպես բուրժուական զեխության խորհրդանիշ քաղաքի։

«Դանտեական առասպել» պոեմում Չարենցը պատկերել է պատերազմական դաժանությունները, բայց ականատեսի նրա վկայությունները կարելի է հավասարապես համարել հայկական ջարդերի, Ցեղասպանության սարսափների նկարագրություն։

Ցեղասպանության մասին բազմաթիվ վեպեր են հրապարակվել, հատկապես սփյուռքում։ Դրանք հիմնականում պատկերում են հայկական դրախտ, որը կործանում են հանկարծակի ներխուժած թուրք ասկյարները։ Ովքեր չեն կարդացել այս վեպերից որևէ մեկը, կարող են պատկերացում կազմել դրանց մասին… ըստ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի, որի սցենարի համահեղինակը սփյուռքահայ Մարդիկ Մարտինն է՝ հոլիվուդյան 101 լավագույն սցենարիստների ոսկե ցուցակից (համաձայն IMDb-ի)։

Այս սխեմայից շեղվում են Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունին», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»։ Վեպեր, որտեղ ծաղրվում է հայկական կուսակցությունների անխոհեմությունը, արկածախնդրությունը՝ թուրքական արյունարբու վարչակարգի դեմ զինյալ գործունեություներ ձեռնարկելիս։

Փանջունին դարձել է սնափառ հեղափոխականների հասարակ անուն։ Մահարու վեպում կա թուրք մյուդուրի դրական կերպար, նկարագրվում է Մանասերյանի ու մյուդուրի կնոջ՝ թուրք Նանայի սերը։

Օտյանին հայկական ավանդական կուսակցությունները մեղմ ասած չէին սիրում։ Մահարին հալածանքների արժանացավ իր վեպի համար… սովետահայ իշխանությունների կողմից։ Հայաստանի գրողների միությունը հայտարարություն ընդունեց, թե «Հեղինակը, չհասկանալով պատմական իրադարձությունների իմաստն ու ժողովրդական պայքարի նշանակութունը, հանգել է անընդունելի, հակապատմական ընդհանրացումների, որ իբր հայ ժողովրդի մեծ ողբերգության պատճառը “բզեզների բունը անտեղի խառնելն է» (1967)։

«Այրվող այգեստաններն» այրեցին, հեղինակը, ըստ էության, արտաքսվեց Հայաստանից, Լիտվա, որտեղ և մահացավ 1969-ին։
Որպես «Այրվող այգեստանների» վերնագրային «անեծքի» իրականացման շարունակություն կրակի մատնվեց նաև Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» վեպը (1986)։

1980-ականների ազգային զարթոնքը փնտրում էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներ, և թերևս հեղինակի «պաշտոնացուցակային» անձը ավելի մեծ դեր խաղաց այստեղ, քանի որ Ցեղասպանությունից հայեր փրկած թուրքերի հիշատակը պահպանելու, ժողովուրդների միջև երկխոսություն նախաձեռնելու գաղափարներն այսօր առօրեական են։

Բուն թուրքական կամ ներթուրքական կյանքը պատկերելու սակավաթիվ, բայց բնորոշ օրինակներ են «Երախտապահանջ կամ տժվժիկ» հանրահայտ պատմվածքի հեղինակ Ատրպետի գործերը, որ ոճով, ցավոք, ամենից ավելի նման են… ֆրանսիական բուլվարային գրականությանը։

Շարունակությունը կարդացեք www.lragir.am-ում:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ; Գրող, հրապարակախոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20