ԼՂՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

yntrutyun

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ:

Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող հայտարարությամբ: Հայտարարությունը, որը պարունակում է ԼՂՀ և Հայաստանի դեմ Ադրբեջանի մերկապարանոց մեղադրանքների ավանդական հավաքածուն, ակտիվորեն տարածվում է միջազգային կազմակերպություններում և կառույցներում: Իրենց հերթին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները մրցակցություն են սկսել՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից նմանատիպ դատապարտող մեկնաբանություններ կորզելու նպատակով:

Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին: Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա, որտեղ ընտրությունները վեր են ածվել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ, հավատարիմ մնալով ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին՝ ԼՂՀ-ում իշխանության մարմինների ձևավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների միջոցով, որոնք ԼՂՀ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են դարձել:

Առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ թվով վեցերորդ ընտրություններն են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998 թ. սեպտեմբերի 27-ին:

Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի չափանիշներին լիովին համապատասխանությամբ:

Հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դրա հետագա զարգացման և ամրապնդման համար:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.