Հայաստանը թոշակառուների համար լավագույն երկրների ինդեքսում 43-րդն է

Age International կազմակերպությունը հրապարակել է թոշակառուների համար լավագույն երկրների երրորդ ամենամյա վարկանիշը։ Դիտարկվող 96 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 43-րդ տեղը։ Անցած տարի Հայաստանը 40-րդ տեղում էր։

Global AgeWatch ինդեքսում երկրները դասակարգվում են՝ հաշվի առնելով թոշակառուների կյանքի որակն ու առողջությունը։ Ցուցակում ընդգրկված է ընդամենը 96 երկիր, քանի որ շատ երկրներ հրաժարվել են տվյալներ տրամադրել։

Հարևան Վրաստանը ցանկում զբաղեցրել է 29-րդ տեղը, Թուրքիան՝ 75-րդ։ Ադրբեջանն ու Իրանը բացակայում են։ Ռուսաստանը 65-րդ տեղում է։

Թոշակառուների համար լավագույն երկիր է ճանաչվել Շվեյցարիան, որին հաջորդում են Նորվեգիան և Շվեդիան։ Հնգյակում են նաև ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կանադան։ Ամենավերջին հորիզոնականում Աֆղանստանն է։

Առաջին տասնյակում ընդգրկված երկրներում տարեց մարդիկ թոշակի անցնելուց հետո ապրում են մոտ 26 տարի, մինչդեռ ինդեքսի վերջին հորիզոնականների երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցում 16 տարին։

«Այսօր տարեց մարդկանց մասնաբաժինն ավելանում է աշխարհի բոլոր երկրներում։ 2050 թվականին ինդեքսի 96 երկրներից 46-ը 1/3-ով բնակեցված կլինեն մարդկանցով, որոնց տարիքը կգերազանցի 60-ը։ Մենք ընդամենը 35 տարի ունենք, որպեսզի նախապատրաստվենք նման ապագայի»,- հայտարարել է Թոբի Փորթերը, որը հովանավորել է այդ հետազոտությունը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20