Հայաստանի փրկությունը

Cuyc 4

Կիրակնօրյա նոթեր. Սահմաններին կրակոցներ են։ Զոհեր։ Հայտնի չէ, թե ինչ զարգացումներ են լինելու՝ Հայաստանի պաշտոնական մարմինները դիրքորոշում չեն հայտնում։

www.lragir.am Բայց հասցրին հանրությունը հակամշակույթի զոհ դարձնել՝ Արմենչիկին վաստակավոր կոչում տալով։

Ո՞րն էր հանրության հակազդեցությունը։ Մշակույթի գործիչներից ոչ ոք չվերադարձրեց իր մեդալները, չհրաժարվեց կոչումից՝ ճարպկորեն նույնիսկ հրահրելով այդպիսի խոսակցություններ։ Բայց առցանց տարածքում վիրավորանքը, դատապարտումը համատարած էր։

Դա ցույց է տալիս, որ Հայաստանում այնուամենայնիվ իրավիճակ է փոխվել։ Կան գործընթացներ, որոնք ոչ վաղեմի անցյալում անհնար էին, այդ անցյալի հակապատկերն են։ Հանրային դիմադրությունը, ժխտումը բացահայտ դրսևորումներ ունեն, քննարկումները, բանավեճերը, որ ծավալվում են, լիովին անկախ են իշխանությունից, պետական մարմիններից։

Հետաքրքիրն այն է, որ հանրային ոլորտի իրադարձությունների մասնակիցների մեծամասնությունը (նույնիսկ Բաղրամյան պողոտայի հակաթալանային հանրահավաքներին) կանայք են, ավելի ստույգ՝ 20-30 տարեկան աղջիկներ։ Մինչդեռ 20-25 տարի առաջ տղամարդիկ ամենուր մեծամասնություն էին, իսկ սրճարաներում, ռեստորաններում ոչ թե միայնակ, այլ նույնիսկ երկու կին չէիր տեսնի առանձին նստած։

Վերջին անգամ այդ երևույթին «Գահֆեսճյան» կենտրոնում նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսի ավարտական հանդիպմանն ուշադրություն դարձրի սեպտեմբերի կեսերին։

Արվեստագետը ներկայացրեց իր ստեղծագործական կյանքի պատմությունը՝ լուսապատկերների ուղեկցությամբ։ Լինելով հրաշամանուկ, ում առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 10 տարեկանում, Երևանում, 1987-ին, նա ձգտել ու նկարչական կրթությունը շարունակել է արտասահմանում։ Ծնվել է Լենինականում, բայց Նյու Յորքում հաջողության հասնելուց հետո էլ կարող է մի ամիս շարունակ առանց քնելու աշխատել հերթական ցուցահանդեսից առաջ։ Իրեն հայտնի նկարչի պես չի պահում որևէ մեկի հետ… Տիգրանին հարցեր տվեցին ու իրենց հիացմունքն արտահայտեցին դահլիճի ութսուն տոկոսը կազմող աղջիկները։ Որոնք, զարմանալի ձևով «ֆանատներ» չէին, զգացվում էր, համախոհներ էին։

Պետք է փորձել իմաստավորել «ֆեմինիզացիայի» այս պատկերը։

Ո՞րն է գաղտնիքը. Հայաստանը վերածվում է ամազոնուհիների պետությա՞ն՝ որպես վերադարձ պատմական անցյալ։ Մի շարք աղբյուրներ, մասնավորապես 1050 թվականի գերմանական քարտեզը, նրանց տեղադրում է Արաքսի ափերին, Արարատի փեշերից ոչ շատ հեռու։ Որոշ գիտնականներ համարում են, որ ամազոնուհիներն են հիմնադրել Եփեսոսն ու Զմյուռնիան (Իզմիր)։ Թեև, ըստ XIII դարի հայ պատմիչ Մխիթար Այրիվանցու, այն բանից հետո, երբ Հայկի թոռ Արամայիսի որդի «Ամասիան մեծ սարն անվանեց Մասիս… հայտնվեցին ամազոնուհիները, այսինքն կանացի զորքը, որ Թորգոմի սերնդից էին, որը նկատելով անհնազանդություն իր բանակում, սպանեց բոլոր տղամարդկանց և իր բանակը կազմեց միայն կանանցից: Նա իր գահը տեղափոխեց Ալիոն և ասպատակելով ամայացրեց երկիրը: Տասնմեկ թագավորներ հավաքվեցին միասին և ոչնչացրին նրանց»։

Սա՝ կես լուրջ – կես կատակ. ամազոնուհիները ոչնչացվե՞լ են, թե՞ ոչ, առասպելաբանությունը հազվադեպ է օգնում ներկան «ձևակերպելու»։

Հանրային ոլորտում կանանց ակտիվության գլխավոր պատճառներից մեկը, կարծում եմ, այն է, որ նրանք տնտեսապես նվազ կախում ունեն այսօր տղամարդկանցից, որոնց ճնշված մեծամասնությունը չի կարողանում «ընտանիք պահելու» ավանդական գործառույթը կատարել և ոչնչով չի հետաքրքրվում։ Իսկ ճնշող փոքրամասնությունը շարունակում է մենաշնորհային վիճակում պահել գլխավորը՝ իշխանությունը, քաղաքականությունը, բիզնեսը, և գլուխ չունի ուրիշ բաների հետ։

Կանանց ակտիվացումն ուրախալի է, բայց, ցավոք, շատերը հոգնելու են և հեռանալու են հանրային ոլորտից… ոմանք ինչ-որ դիրքեր են զբաղեցնելու պետական կառույցներում… ոմանք ամուսնանալու են, խորապես։

Բայց լավն այն է, որ ուզեն-չուզեն նրանք պահպանելու են իրենց իմացությունը, մարդկային որոշակի որակներ, ազատության ձգտման հիշողությունը։

Իսկ ամենաուրախալին այն է, որ այս աղջիկները հաստատապես կմեծացնեն հետաքրքրասեր, արդարամիտ, ազատատենչ երեխաներ։

Շարունակությունը կարդացեք www.lragir.am-ում:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ; Գրող, հրապարակախոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20