Հայաստանում ճնշում են լրատվամիջոցին

Arman Sahakyan

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը /պետ Արման Սահակյան/ ընդդեմ «Ժամանակի ՄԻՏՔ» թերթը հրատարակող «Մուրց» ՍՊԸ-ի.

Բանն այն է, որ 2012 թ. հոկտեմբերին` 3 տարի ժամանակով, «Ժամանակի ՄԻՏՔ» թերթը հրատարակող «Մուրց» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության հետ ք. Երևան, Արշակունյաց 2ա, «Մամուլի շենքի» 12-րդ հարկում 19 քառ. մետր տարածքով աշխատասենյակը վարձակալելու մասին և մինչև 2013 թ. մարտի 30-նն օգտագործել ու ժամանակին վճարել է վարձակալության գումարները:

Որովհետև 2013 թ. ապրիլի 11-ին «Ժամանակի ՄԻՏՔ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանը պետք է մեկներ ԱՄՆ, Մասսաչուսեթսի նահանգ, այնտեղ թերթը հիմնադրելու և հրատարակելու նպատակով, այդ մասին հայտնել է Պետական գույքի կառավարման վարչությանը, որ հանձնում է աշխատասենյակը: Պայմանավորվածության համաձայն մարտի 30-ին սենյակն ազատվել է և աշխատասենյակի բանալիները հանձնվել «Մամուլի շենքի» պարետին ու դրանից հետո այլևս որևէ րոպե «Մուրց» ՍՊԸ-ից ու «Ժամանակի ՄԻՏՔ» թերթից որևէ մեկը մուտք չի գործել այդ տարածք:

Անցել է արդեն մոտ 3 տարին ու միայն www.datalex.am կայքում փնտրման արդյունքում ենք իմացել, որ 4 դատական գործեր են հարուցված մեր ընկերության դեմ, որի արդյունքում «Մուրց» ՍՊԸ-ից պահանջում են 1 մլն 5 հազար դրամ իբրև վարձավճար և յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տույժերի ընդհանուր գումար:

Առաջին երկու հայցադիմումների ուժի մեջ մտած վճիռների համաձայն արդեն իսկ 313 հազար դրամ ՊԳԿՎ-ի և 148 հազար դրամի չափով կատարողական թերթեր են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայություն և կալանք է դրվել միայն լրատվական գործունեություն իրականացնող «Մուրց» ՍՊԸ-ի «Արարատբանկ» ԲԲԸ-ում գործող 1510002283700100 հաշվեհամարի վրա և խոչընդոտում են ազատ, անկուսակցական, սակայն հասարակական – քաղաքական – մշակութային թեմաներով գրող «Ժամանակի ՄԻՏՔ» թերթի գործունեությանը:

Դատավարությունը նշանակված է 2015 թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 13:30, ք. Երևան, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 4 դահլիճում:

Հայցում ենք Ձեր պաշտպանությունը` հայտարարության տեսքով կամ ՀՀ կառավարությանն ուղղված նամակագրությամբ, Հայաստանում գործող ազատ մամուլի միջոցի ազատ գործունեության համար:

Հրավիրում ենք լուսաբանելու հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին:

Առաջիկա օրերին այս մասին հայտարարություններ կանեն լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները պաշտպանող միջազգային մի շարք կազմակերպություններ ու նրանց հայաստանյան գրասենյակները: Իսկ հայաստանյան համանման ընկերություններն առայժմ լռում են …

Կանխավ շնորհակալություն …

Հարգանքով` Սիմոն Սարգսյան
«Ժամանակի ՄԻՏՔ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
«Մուրց» ՍՊԸ տնօրեն
+374 77 52 24 81
+ 374 55 23 87 60

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20