Մուսուլմանների միգրացիան Եվրոպա և Մոսկվայի նոր մզկիթը

Եվրոպայի վերջին միգրացիոն ճգնաժամը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որ ռուսական ԶԼՄ-ները «ավետեն» Եվրոպայի վերջնական կործանման մասին։

«Եվրոպայի միգրացիոն մայրամուտը», ««Մեծ միգրացիան» մոտեցնում է Եվրոպայի մայրամուտը» «Միգրացիոն ճգնաժամը միավորված Եվրոպայի վրա խաչ է քաշում» և նմանատիպ վերնագրերով, ինչպես նաև «21-րդ դարի կեսին այսօրվա Եվրոպայի տեղում կլինի Մյունխենյան խալիֆաթ» տիպի պնդումներով հեղեղված է ռուսական լրատվական դաշտը։ Եվրոպայի վախճանը ռուսական ԶԼՄ-ները նախ և առաջ կապում են իսլամադավան միգրանտների մեծ թվի հետ՝ այդ ամենը համեմելով «Եվրոպային տեղն է» բնույթի դատողություններով: Իսկ թե ինչո՞ւ է Եվրոպան արժանի վատ ճակատագրի` ռուսական ԶԼՄ-ները դա գերազանցապես բացատրում են այնտեղի դեմոկրատական ազատություններով` մոռանալով, որ մուսուլման միգրանտները այդ ազատությունների պատճառով են քրիստոնեական Եվրոպան գերադասում նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրներից ու նույն Ռուսաստանից:

Ռուսաստանն առաջինն է

Մուսուլման միգրանտների թվի վերաբերյալ վախերը կամ հրճվանքը, սակայն, իրականում հիմք չունի: Այսօրվա դրությամբ` Ֆրանսիայում մուսուլմանները կազմում են բնակչության7.5%-ը, Նիդեռլանդներում` 6%-ը, Բելգիայում` 5.9%, իսկ Գերմանիայում` 5.8%-ը: ԵՄ մյուս երկրներում (չհաշված Բուլղարիան ու Կիպրոսը) մուսուլմանների տեսակարար կշիռն ավելի փոքր է: Ռուսաստանում մուսուլմանների տեսակարար կշիռը 10% է, այսինքն` ավելի շատ, քան ԵՄ վերը նշված երկրներում: Ուստի, եթե մուսուլմանների թվի պատճառով ինչ-որ քրիստոնեական երկիր կործանվի էլ, ապա դա նախ և առաջ կլինի Ռուսաստանը, ոչ թե Ֆրանսիան կամ Գերմանիան:

Մուսուլման բնակչությունը ըստ երկրների*

Մուսուլմանների տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության մեջ (%)

Ռուսաստան 14 000 000 9.5%

Գերմանիա 4 760 000 5.9%

Ֆրանսիա 4 710 000 7.1%

Մեծ Բրիտանիա 2 960 000 4.7%

Իտալիա 2 220 000 3.6%

Բուլղարիա 1 020 000 14.1%

Նիդեռլանդներ 1 000 000 5.9%

Իսպանիա 980 000 2.0%

Բելգիա 630 000 5.6%

Հունաստան 610 000 5.7%

Ավստրիա 450 000 5.3%

Շվեդիա 430 000 4.4%

Կիպրոս 280 000 24.5%

Դանիա 230 000 4.0%

Ռումինիա 70 000 0.3%

Սլովենիա 70 000 3.4%

Խորվաթիա 60 000 1.4%

Իռլանդիա 50 000 1.1%

Ֆինլանդիա 40 000 0.7%

Պորտուգալիա 30 000 0.3%

*ԵՄ 9 պետություններում (Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Էստոնիա, Չեխիա, Մալթա) մուսուլմանների թիվը պակաս է 10 հազարից:
2050 թվականին՝ ընդամենը 10 %

Հետաքրքիր է, որ ԵՄ-ում մուսուլմանների թվի ավելացման տեմպը ևս այնքան էլ մեծ չէ, ինչքան կարող է տպավորություն ստեղծվել ԶԼՄ-ների հրապարակումներից: Այս տարվա սկզբին հրապարկված հետազոտությունների համաձայն, հաշվի առնելով նաև միգրացիոն միտումները, ԵՄ տարածքում մուսուլմանների թիվը մինչև 2050 թվականը չի գերազանցի 10%-ը:

Այսպիսով` 3 կարևոր հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի մասին խոսելիս: Առաջինը` թեև նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրները (ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները) ևս ունեն սոցիալական փաթեթներ` Ֆրանսիայի կամ Գերմանիայի նման, սակայն Մերձավոր Արևելքից ու Աֆրիկային միգրանտները փախչում են Եվրոպա, այլ ոչ թե արաբական երկրներ` գերազանցապես դեմոկրատական ազատությունների պատճառով: Երկրորդ` ինչքան էլ որ սուր լինի միգրացիոն ճգնաժամն ու անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում, միևնույնն է, մուսուլման բնակչության թիվը այնքան էլ մեծ չէ ու դժվար թե գերազանցի 10%-ը անգամ միգրացիայի բարձր տեմպերի պահպանման պարագայում: Եվ երրորդ` եթե անգամ կա աշխարհում քրիստոնեական մի երկիր, որը կարող է կործանվել մուսուլմանների մեծ թվի պատճառով, ապա դա հաստատ Ռուսաստանն է, որի մայրաքաղաք Մոսկվայում երեկ մեծ շուքով Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բացվեց Եվրոպայի ամենամեծ մզկիթը:

Հրայր Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20