«Նեզավիսիմայա գազետա». Բաքուն ու Երևանը կրկին պատերազմի շեմին են

Paterazm

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին:

Նյու Յորքում գտնվող Հայստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակել է Արևմուտքի դիվանագետների հետ հանդիպումները՝ նվիրված ղարաբաղյան թեմային։ Երկուշաբթի նրա հետ բանակցություններում լարվածության սրման վերաբերյալ անհանգստություն են հայտնել ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն ու Սերբիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը։ Հենց հակամարտության գոտում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում հակամարտող կողմերը շարունակել են հրետանային հարվածների փոխանակությունը։ Կան զոհեր ու վիրավորներ։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այնտեղ՝ Նյու Յորքում, կայացել է Հայստանի և Ադրբեջանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այն անարդյունք է եղել, քանի որ փաստացի միակ առաջարկը, որը կարող էր իրագործվել ներկա պայմաններում, ադրբեջանական կողմը վերապահումներով է ընդունել։

Խոսքը եղել է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի շփման գծում հետաքննման և հրադադարի ռեժիմի խախտողի հայտնաբերման մեխանիզմ ստեղծելու մասին։ Հայկական կողմն ընդունել է միջնորդների առաջարկը՝ հիշեցնելով, որ վաղուց է նման բան առաջարկել։ Ադրբեջանական կողմը նույնպես համաձայնել է՝ ներկայացնելով, սակայն, մի շարք նախապայմաններ. հայկական միավորումների դուրսբերում, փախստականների վերադարձ, տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնում և այլն։ Այն չէր կարող ընդունվել Հայաստանի կողմից։

Իսկ այնուհետև սահմանամերձ շրջանում գործի է դրվել հրետանին։ Ադրբեջանական կողմից ականանետներից և թուրքական արտադրության TP-107 հրթիռա-հրետանային համակարգից գնդակոծվել են ԼՂ-ից հեռու գտնվող Տավուշի մարզի հայկական զինված ուժերի դիրքերը։ Զոհվել են 4 հայ զինծառայողներ, ավելի քան 10-ը ստացել տարբեր ծանրության վնասվածքներ։ Դրանից մեկ օր առաջ կրկին Տավուշի մարզի գյուղերից մեկի հրետանային գնդակոծման հետևանքով զոհվել էին 3 կանայք, 4 մարդ վնասվածքներ էին ստացել։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռազմական գործողություններ սանձազերծելու փորձի պատասխանատվությունը դրել է Բաքվի վրա և խոստացել պատասխան ուժային գործողություններ։ Նախագահը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հայկական կողմին հնարավորություն չեն տալիս հետևել կրակի չվերսկսման ռեժիմին և այլընտրանք չեն թողնում։

Նախագահից հետո հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ՊՆ-ն՝ նախազգուշացնելով ադրբեջանական կողմին հատուցման անխուսափելիության և հակառակորդի գործողությունները կանխատեսելու և կանխարգելելու իր իրավունքի մասին։

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը նույնպես անհանգիստ է եղել։ ԼՂ Պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ հակառակորդն ավելի քան 900 կրակոց է արձակել՝ կիրառելով ականանետներ, նռնականետներ և վերը նշված՝ թուրքակաան արտադրության ТР-107 ռեակտիվ հրթիռա-հրետանային սարքավորումներ։ Հայկական կողմը զոհ չունի։ Պատասխան գործողություններով ակտիվությունը ճնշվել է։ Իր հերթին, ադրբեջանական կողմը հայտնել է 2 զոհի մասին։

Մեկնաբանելով հակամարտության գոտում լարվածության հերթական ալիքը՝ ադրբեջանցի իշխանամետ փորձագետները դա անվանում են բանակցային գործընթացում «հայկական կողմի անզիջողականության հետևանք» և հիշեցնում Ալիևի բազմիցս հնչեցրած նախազգուշացումների մասին, թե Ադբեջանի համբերությունն անսահամանափակ չէ, և որ իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։

Նրանց հայ պաշտոնակիցները համոզված են, որ Բաքվի նման քաղաքականությունը առաջ կբերի միայն Երևանի ու Ստեփանակերտի պատասխան դաժանացումը։ Մասնավորապես, Կովկասի ինստիտուտի ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ եթե նախկինում «ոչ մի թիզ հող» թեզն առաջադրվել է Հայաստանի արմատական շրջանակների կողմից, ապա հակամարտության գոտում էսկալացիայի հետ այն սկսել է հնչել պետության առաջին դեմքերի շուրթերից։

«Ադրբեջանի քաղաքականությունը չի կարող հանգեցնել զիջումների հիման վրա հակամարտության կարգավորման։ Հայաստանում գնալով ավելի հաճախ են պահանջում կանխարգելիչ գործողություններ կիրառել»,- ասել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ նախագահ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, չպետք է մեկնաբանել որպես կարգավիճակի պաշտոնական ճանաչում, այլ որպես ադրբեջանական կողմին ուղղված հստակ մեսիջ՝ պատերազմի վերսկսումը կունենա ոչ միայն ռազմական, այլև քաղաքական հետևանքներ, օրինակ՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի ճանաչման տեսքով։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.