Պուտինը վերցնում է Դամասկոսը

- in Հրապարակ
Putin

Ռուսական առաջխաղացումը Մերձավոր Արևելքում.

Այս տարի պաշտոնական Մոսկվան նշում է 1969-1970 թթ. իսրայելա-եգիպտական պատերազմի ժամանակ սովետական ռազմական ներխուժման՝ «Կավկազ օպերացիայի» 45-րդ տարելիցը: Խորհրդային զորքերի ներգրավումը այս հակամարտության մեջ Սառը պատերազմի պատմության ամենահանգուցային դրվագներից էր: Դա առաջին հերթին անակնկալի բերեց արևմտյան հետախուզական հանրությանը, ու նաև պատմության մեջ առաջին ու միակ դեպքն էր, որ խորհրդային զինված ուժերը մարտեր էին վարում Իսրայելի Պաշտպանական ուժերի դեմ: «Կավկազ օպերացիան» հնարավորություն ընձեռեց Խորհրդային միության դաշնակցին խուսափել վարչակարգի տապալումից և ապահովեց Եգիպտոսի տարածքում Մոսկվայի ռազմավարական ակտիվների պահպանման շարունակականությունը: Խորհրդային միության՝ իրար հաջորդող ակտիվ գործողությունները տարածաշրջանում նշանավորում են սառը պատերազմի ընթացքում Մոսկվայի գրանցած հաջողությունները Մերձավոր Արևելքում:

Հիմա կրկին պաշտոնական Մոսկվան հաստատակամորեն ներգրավվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և կրկին հանկարծակիի է բերում Արևմուտքին: Քաջալերվելով տարածաշրջանային մարտահրավերներին դիմագրավելու իր որոշ հաջողություններով և օգտվելով ռազմավարական որոշակի հնարավորություններից՝ Ռուսաստանը ավելի է մոտենում իր հիմնական դիվանագիտական նպատակին հասնելուն, որն է տարածաշրջանում պաշտոնական Վաշինգտոնի հետ հավասար դիրքերում հայտնվելը:

Կրեմլի հաղթանակը

Պաշտոնական Կրեմլի տեսանկյունից՝  Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը մի շարք նշանակալի ձեռքբերումներ է գրանցել: Մոսկվայի ավանդական նպատակները բացահայտ են. բուֆերային գոտու ստեղծում իր հարավային սահմանների երկայնքով, զենքի և ատոմային էներգիայի արտահանում, Մերձավոր Արևելքի ջրային տարածքներում իր հզորության ամրապնդում և տարածում, Արևմուտքի հետ մրցակցություն, իսկ վերջերս հայտնվեց մի նպատակ ևս, այն է՝ տարածաշրջանի քրիստոնեական համայքների միջև և միջոցով իր ազդեցության ընդլայնումը:

«Արաբական գարունը» բարձր վտանգավորության գոտի բերեց վերոնշյալ ռազմավարական նպատակները և նաև Ռուսաստանի տարածաշրջանային ճարտարապետության հիմնասյուները համարվող Իրանի հետ դաշնակցությունը, Լիբիան և Սիրիան: Մոսկվայի կարծիքով՝ Լիբիան քաոսային իրադրության մեջ դնելուց հետո ԱՄՆ-ը կենտրոնացավ Իրանին պատժամիջոցների և սպառնալիքների միջոցով մարգինալացնելու վրա: Պաշտոնական Կրեմլի համոզմամբ՝ նա վարպետորեն կարողացավ դիմագրավել այդ սպառնալիքներին և այդպիսով նունիսկ բարելավեց իր դիրքերը: Լիբիայից հետո Մոսկվան հասկացավ, որ Մերձավոր Արևելքում պետք է ավելի հաստատակամ քաղաաքականություն վարի: Իրանում Մոսկվան սերտ հարաբերություններ է պահպանում և՛ չափավորների, և՛ կոշտ դիրքորոշման կողմնակիցների հետ, վերջերս ձեռք բերված միջուկային համաձայնագրի բանակցություններում նա կառուցողական դիրքորոշում ցուցաբերեց, ինչպես նաև կարողացավ Իսլամական պետության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ավելի ամրապնդել իր հարաբերությունները Իրանի հետ:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների միջև հարաբերությունների լարվածության աճի ֆոնին պաշտոնական Մոսկվան մի շարք համագործակցային առաջարկություններ ներկայացրեց Եգիպտոսին, Հորդանանին, Սաուդյան Արաբիային և Ծոցի արաբական միապետություններին: Հունիսին Մոսկվա այցելեց Սաուդյան Արաբիայի արքայազնը, մեկ շաբաթ անց արդեն օգոստոսին Մոսկվա այցելեցին Հրոդանանի թագավորը, Եգիպտսի նախագահը և ԱՄԷ-ի Աբու Դաբիի արքայազնը՝ ռուսական իշխանությունների հետ քննարկելու տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ռազամատեխնիկական համագործակցությանն ու միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության խնդիրները: Առաջիկայում սպասվում է նաև Քուվեյթի էմիրի և Սաուդյան Արաբիայի թագավորի այցերը Մոսկվա:

Ուշագրավ է Մոսկվայի և ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի ու Սիրիայի հակաասադական ուժերի հովանավորյալ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերություններում գրանցված առաջընթացը: Անցյալ տարի, երկարատև ընդմիջումից հետո, Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը սիրիական հակամարտության լուծմանը միտված երկխոսություն սկսեցին. երկու կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում համագործակցության որոշ հարցեր, շոշափեցին Ռուսաստանում սաուդական 10 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով ներդրումների հնարավորության խնդիրը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում ավելի քան 12 նոր ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ պայմանավորվածության հարցերը:

Արաբական աշխարհից բացի, պաշտոնական Մոսկվան հաջողություններ է գրանցում նաև Իսրայելի հետ հարաբերություններում: Չնայած Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետ կապված ռուս-իսրայելական լարվածությանը՝ ռուսական կողմը կարողացել է ժամանակավոր համաձայնության գալ պաշտոնական Երուսաղեմի հետ: Պաշտոնական Մոսկվան, ի պատասխան Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունման ժամանակ Իսրայելի ձեռնպահ քվեարկելուն, չափավոր քննադատությամբ հանդես եկավ 2014 թ. Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրագործված «Պաշտպանական եզր» օպերացիայի առնչությամբ: Ռուսաստանը նաև հպարտանում է Միջերկրականի տարածաշրջանում այլ դիվանագիտական հաջողություններով: Նա Հունաստանին և Կիպրոսին համարում է իր ռազմածովային ստրատեգիայի հիմնական ապահովման բաղադրիչներ: Ռուսաստանն այս տարվա մայիսի 21-ին տարածաշրջանային ջրերում առաջին անգամ Եգիպտոսի և Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ իրականացրեց:

Վերջապես, ռուսական ուղղափառ եկեղեցու ակտիվությունը Մերձավոր Արևելքում հնարավորություն է տալիս պաշտոնական Կրեմլին ներկայանալ որպես տարածաշրջանի քրիստոնեական համայնքների միակ պաշտպան: Ռուսական ուղղափառ եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Պաղեստինի Ինքնավարության, Սիրիայի և Թունիսի քրիստոնեական համայքնների նկատմամբ Ռուսաստանին ապահովում է իր հետագա դիվանագիտական նախաձեռնությունները հիմնավորել նաև մարդասիրական մղումներով: Գուցե նաև, պուտինյան վարչակարգի մինչև այժմ այս ոլորտում գրանցած ամենամեծ հաջողությունն այն, է որ 2013 թ-ին Հռոմի Պապի հետ համագործակցության շնորհիվ կարողացավ կասեցնել ամերիկյան ինտերվենցիան Սիրիայում: Այդ համագործակցության շնորհիվ է, որ պաշտոնական Վատիկանը Ռուսաստանին է համարում որպես մերձավորարևելյան քրիստոնյաների պաշտպան այլ ոչ թե ԱՄՆ-ին:

ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐ

Ոգևորված իր հաջողություններով Մոսկվան կարող է արագացնել իր գործողությունները: Նշմարվում են հինգ հիմնական միտումներ:

Առաջինը. Իսլամական պետությունն ու Սիրիան չափազանց կարևոր են: Արևմուտքը թերագնահատում է Սիրիայում տիրող իրադության վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի անհանգստությունն ու Իսլամական պետության դեմ պայքարելու նրա պատրաստակամությունը: Պաշտոնական Կրեմլը ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին բնորոշ բառապաշարով Իսլամական պետությունը համարել է որպես ռուսական ազգային անվտանգությանն անմիջական սպառնալիք և նրա հինական թշնամի կազմակերպություն: Այլ պատճառների շարքում նաև, Ռուսաստանը պաշտպանում և աջակցում է սիրիական վարչակարգին, քանի որ, գտնում է, որ հենց սիրիական բանակն է իրականում պայքարում է Իսլամական պետության դեմ այդպիսով կասեցնելով ծայարեղ ջիհադականների հայտնվելը Ռուսաստանի տարածքում: Մոսկվայի մտահոգություններն անկեղծ են, եթե հաշվի ենք առնում Կովկասից, Կենտրոնական Ասիայից և Ռուսաստանի այլ շրջաններից Իսլամական պետության կազմում մարտնչող ահաբեկիչների դեպի Ռուսաստան հնարավոր վերադարձի սպառնալիքը:

Ռուսաստանի մտահոգությունն աճեց նրա վրդովվածությանը զուգահեռ: 2014 թ-ի սկզբից Ռուսաստանը փորձում էր համոզել տարածաշրջանային վարչակարգերին ու Արևմուտքին տարբեր մարտական գործողությունների հրամանատարությունը միավորելու նպատակով: Սակայն Արևմուտքը համառորեն մերժում էր պաշտոնական Մոսկվայի առաջարկությունը ընդլայնելու Իսլամական պետության դեմ պայքարի կոալիցիան ընդգրկելով Սիրիան, Իրանն ու Հիզբալլահը: Եվ այսպես, պաշտոնական Կրեմլը ամենայն հավանականությամբ որոշել է սկսել գործել միակողմանիորեն փորձելով Իսլամական պետության դեմ ռազմական կոալիցիա ձևավորել, որը կմիավորի հակաահաբեկչական բոլոր ուժերին: Այս նախաձեռնության իրականացման համար Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պետք է ՄԱԿ-ի մանդատ ստանա: Պարտության մատնելով Իսլամական պետությանև և նույնիսկ Սիրիայի տարածքում ջիհադականներին մասնակի լիկվիդացնելով Ռուսաստանը կկարողանա ապահովել իր տարածաշրջանային դիրքերը: Ավելին, հակակահաբեկչական նոր կոալիցիայի կազմավորումն ու առաջնորդությունը Ռուսաստանին որոշ քարոզչական դիվիդենտներ կապահովի: Պաշտոնական Կրեմլը կպնդի, որ ԱՄՆ-ը խախտեց տարածաշրջանում Սայքս Պիկոյի համաձայնագրով սահմանված աշխարհակարգը և նպաստեց տարածաշրջանային քաոսի ձևավորմանը: Այդպես վարվելուց հետո, նույնիսկ, ԱՄՆ-ն ցամաքային զորքերի տեղակայման միջոցով իր իսկ ստեղծած խնդրին լուծում տալու ոչ մի նշան ցույց չի տալիս: Ի հակադրության սրան, պաշտոնական Մոսկվան կարող է ներկայանալ որպես մի պետություն, որը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և նաև վստահելի դաշնակից է: Եվրոպական լսարանի համար այն իրեն կներկայացնի որպես փախստականների հիմնախնդրի կարգավորող, որը, Պուտինի կարծիքով ԱՄՆ-ի սխալ քաղաքականության հետևանքն է: Պուտինը փորձում է ներկայանալ որպես պատմական նշանակության առաջնորդ, ով պատրաստ է տարածաշրջանին խաղաղություն բերել, պահպանել քրիստոնեական արժեքները և մարտնչել բարբարոսների դեմ ցուցադրելու Ռուսաստանի քաղաքակրթական դերակատարությունը:

Երկրորդ. Սիրիայի ու Իսլամական պետության խնդիրներից հետո, Մոսկվան կփորձի ներկայանալ որպես տարածաշրջանային այլ հակամարտությունների և գործընթաների հիմնական խաղացող: Պաշտոնական Կրեմլի համոզմամբ Սիրիայի քիմիական զենքի ապամոնտաժման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հիմանական դերակատարը հենց Ռուսաստանն էր: Իր մասնակցությունը P5+1 ձևաչափով բանակցություններին Ռուսաստանի ընկալմամբ, ցույց տվեց, որ այն կարող է նաև կառուցողական լինել: Առաջիկա ամիսների և միգուցե տարիների ընթացքում պաշտոնական Մոսկվան ամենայն հավանականությամբ կշարունակի ներկայանալ որպես տարածաշրջանային անփոխարինելի միջնորդ: Հաշվի առնելով նրա հարաբերությունները Իրանի, Սիրիայի և Հիզբալլահի միջև, ինչպես նաև Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և ԱՄԷ-ի հետ հարաբերությունների առաջընթացը պաշտոնական Մոսկվան նույնիսկ սկսել է ձևավորել իր միջնորդական պոտենցիալը սուննի-շիա հարաբերություններում: Այն արդեն ձեռնարկել է երկխոսություն պաշտոնակն Կահիրեի և Դամասկոսի միջև, որոնք երկուսն էլ ջիհադական սպառնալիքի դեմ են պայքարում: Այն հյուրընկալում է սիրիական ընդդիմությանը և միաժամանակ գովաբանվում է Ասադի կողմից որպես բստահելի դաշնակից հանդես գալու համար: Այն անընդհատ շփումների մեջ է Իսրայելի և Պաղեստինյան իշխանությունների հետ, իսկ Համասի հետ հաղորդակցվում է պետական մակարդակով: Վերջին տարիներին իսրայելական առաջատար հետազոտական կենտրոնների կողմից անցկացված ռազմական-ռազմավարական խաղերի ժամանակ, որտեղ խաղարկվում էր Համասի, Հիզբալլահի, Իրանի և Սիրիայի հետ զինված հակամարտության սցենարը, Ռուսաստանը հանդես է գալիս որպես առանցքային միջնորդ պետություն, որն ունի հակամարտությունները սրելու և հակառակը մեղմացնելու եզակի հնարավորություններ:

Երրորդ. Արևմտյան պատժամիջոցների ու գնաճի պայմաններում պաշտոնական Մոսկվան Մերձավոր Արևելքում տեսնում է նաև տնտեսական հնարավորություններ: Վերջերս կնքված եգիպտա-ռուսական պայամանագրերը ակնհայտ դարձրին այն, որ տարածաշրջանը կարող է ռուսական սննդամթերքի և հացահատիկի արտահանման այլընտրանք լինել Եվրոպական շուկաներին: Նավթի և գազի գների նվազմանը զուգահեռ պաշտոնական Մոսկվան ձգտում է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցություն ծավալել տարածաշրջանում:Չնայած ճգնաժամերի արդյունքում գրանցված հետընթացին Մերձավոր Արևելքի տարածաշրջանը համարվում է ռուսական ռազմական արտադրանքի պոտենցիալ շուկա: Այդ նպատակով պաշտոնական Մոսկվան խրախուսում է ավանդական գնորդներին, Սիրիային և Իրանին ռազմամթերքի մշտական վաճառքը և նոր գնորդների հայտնաբերումը: Տիեզերական ոլորտում համագործակցությունը, տիեզերական արբանյակների արձակումը, ուղեծրային աշխատանքի համար տիեզերագնացների պատրաստումը նոր գիծ է իրանա-ռուսական հարաբերություններում: Այդպիսի համագործակցություն կարող է ծավալվել նաև սուննիական ճամբարի պետությունների հետ:

Այս ամենը կարող է անսպասելի տեղի ունենալ: Ուկրաինական մարտադաշտում Ռուսաստանը ներկայացրեց միջին և հեռահար բալիստիկ ու հրետանային հնարավորություններ, որոնց համակցված էին վերջին շնչի արտադրության էլեկտրոնիկ համակարգեր: Այն օգտագործեց նաև բարձրակարգ Ջամեր համակարգեր անօդաչու սարքերը օդում ոչնչացնելու, ինչպես նաև հեռահար կառավարմամբ գործող զինատեսակաների հրամանատարական և ղեկավարման հաղորդիչները շարքից հանելու նպատակով: Մոսկվան այժմ կարող է իր գնորդներին առաջարկել մարտադաշտում փորձարկված մուտքի արգելափակման/գոտու ուղեփակման (anti-access area-denial equipment) հրթիռային զինատեսականեր: Նման արտադրանքը կարող է մեծ պահանջարկ առաջացնել: Եվ սա արդեն բերում է չորրորդ տենդենցի ձևավորմանը:

Չորրորդ. Ռուսաստանը հնարավոր է փորձում է օգտագործել Մերձավոր Արևելքը լուծելու ուկրաինական հակամարտությունը: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով, իրավիճակը Ուկրաինայում չափից դուրս լարված է, Ռուսաստանի համար իդեալական լուծում կարող է լինել Ուկարինայի ֆինլանդիզացիան, ինքնիշխան ֆեդերալիզացված Ուկրաինան, որն իր անվտանգային քաղաքականությունը կհամաձայնեցնի Ռուսաստանի հետ: Չկարողանալով լարվածությունը թուլացնել պաշտոնական Մոսկվան շարունակում է հսկայական ֆինանսական միջոցներ ծախսել այդ հակամարտության վրա միևնույն ժամանակ մտահոգվել նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի զանգվածային զորավարժությունների անցկացմամբ: Մինչ պաշտոնական Մոսկվան ձգտում է Ուկրաինայում հասնել իր նպատակներին մինիմում ռեսուրսների շնորհիվ, վերահսկել լարվածությունը Բալթյան տարածաշրջանում և խուսափել ՆԱՏՕ-ի անընդունելի հզորացմամբ, Մերձավոր Արևելքը հանդիսանում է եվրոպական խնդիրներից միջազգային ուշադրության շեղման և Մերձավոր Արևելքում համագործակցության ծավալման հնարավորության հարթակ: Իսկապես պաշտոնական Մոսկվան զգացել է, որ ԱՄՆ-ը երախտապարտ է իրանական միջուկային խնդրում ՌԴ-ի կառուցվածքային դիրքորոշմամբ: Հնարավոր է, որ պաշտոնական Մոսկվան այժմ պատրաստ է օգտագործել Մերձավոր Արևելքը ԱՄՆ-ի հետ ռազմավարական պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Այս շրջանակներում ռուսական ուժերի դուրսբերումը կարող է առևտրի առարկա դառնալ պաշտոնական Կիևի վրա ճնշումներ գործադրելու առումով, որպեսզի վերջինս հաստատի սահմանադրական փոփոխությունները երկրում:

Հինգերորդ. Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ու տնտեսական նպատակները պաշտոնական Մոսկվային ստիպում են ընդլայնել ռուսական ներկայությունը Միջերկրականի տարածաշրջանում: 2015 թ-ին Ռուսաստանը հրապարակեց իր նոր ռազմածովային դոկտրինան, որը Միջերկրական ծովում ռուսական ներկայությանը նշանակալի դեր էր տալիս: Դոկտրինի համաձայն Միջերկրական ծովը դիտվում է որպես Ատլանտիկ օվկիանոսի ջրային համակարգի մաս, որի միջոցով պետք է Ռուսաստանը հավասարակշռի ՆԱՏՕ-ին: Միջերկրական ծովում ռազմական քաղաքականության առումով դոկտրինայում առկա է կոշտ բառապաշար, որը ենթադրում է հանձնառու լինել լայնածավալ ռազմական շարժերի: Դոկտրինը ռուսական զինված ուժերին պարտավորեցնում է սկսել նպատակային ձևով տարածաշրջանում ապահովել ռազմաքաղաքական կայունությունը և պահպանել ռուսական ռազմածովային ներկայությունն այնտեղ:

ՊՈՒՏԻՆԻ ՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ

Մինչև այժմ, պաշտոնական Մոսկվան ռազմական ուժ է կիրառել միայն եվրոպական տարածաշրջանում և Ատլատիկում: Սակայն Մերձավոր Արևելքն ու Միջերկրականի տարածաշրջանն արագորեն վերածվում են ռուսական ռազմաքաղաքական ազդեցության գոտու: Իսկապես, եթե Սառը պատերազմը մեզ որոշ դասեր տալիս է, ապա պետք է իմանալ, որ որտեղ ռուսական դիվանագիտությունն է, այնտեղ են նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Պատմությունը նաև փաստում է, որ պաշտոնական Մոսկվան երբեք չի վարանել օգտագործել իր զինված ուժերը այն ժամանակ երբ իր դաշնակիցները կանգնած են եղել գոյատևման վտանգների առաջ: Այս տրամաբանությամբ էր, որ խորհրդային իշխանությունները որոշեցին ռազմական ներկայություն հաստատել Եգիպտոսում և Սիրիայում:
Առաջիկայում Մերձավոր Արևելքում ռուսական ներկայությունը կարող է ռեկորդային դառնալ: Սիրիան և Իսլամական պետության դեմ պայքարը կարող են լինել պաշտոնական Մոսկվայի ներգրավման միայն առաջին նշանները: Ռուսաստանը կարող է ավելի խորը ներգարվվել ոչ թե արդեն ռազմական խորհրդատուներով, այլ նաև ռազմական անձնակազմով, որոնք պատրաստ կլինեն մարտական առաջադրանք կատարել և օդում և ցամաքում:

Տարածաշրջանային և միջազգային աղբյուրներն արդեն չեն բացառում դեպքերի նման զարգացման հնարավորությունը: Պաշտոնական Կրեմլը դեռևս պետք է հաստատի սա, սակայն ռուսական պաշտոնական և ազատ լրատվական աղբյուրները ուղակի և անուղակի ձևով հաստատում են վերոնշյալը: Հաշվի առնելով ռուսական ռազմական ներկայության նշանները Սիրիայում, կարելի է ենթադրել, որ նախագահ Պուտինն առաջիկայում սպասվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ առաջարկելու է տարածաշրջանի կայունացման ծրագիր և խնդրելու է մանդատ շնորհել Ռուսատանին առաջնորդելու տարածաշրջանային հակաահաբեկչական դաշինքը: Եթե Սիրիայի տարածքում աճող ռուսական ռազմական ենթակառուցվածքային ներկայությունը մի պահի վերածվի միացյալ զինված էքսպեդիցիայի, ապա չպետք է հանկարծակիի գալ, քանի որ դա Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության տրամաբանական շարունակությունն է լինելու:

Դմիտրի Ադամսկի

Spread the love