Ռուսական ԶԼՄ-ները՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին

Zenq

1994 թվականից առաջին անգամ զոհեր եղան շփման գծից նկատելի հեռավորության վրա. զոհվեցին Հայաստանի զինված ուժերի 4 զինծառայողներ, 16-ը վնասվածքներ ստացան սահմանից 5 կմ հեռավորության վա։ Հարվածը հասցվել էր թուրքական արտադրության 107 մմ համազարկային կրակի ռեակտիվ Տ-107 համակարգով։

Բացի այդ, հրետակոծման տակ էր հայտնվել սահմանամերձ հայկական Պառավաքար գյուղը, ինչի հետևանքով 3 կանայք զոհվեցին, վնասվածքներ ստացան 2 տղամարդիկ։ Ի պատասխան՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ բացվեց ականանետային կրակ։ Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով՝ զոհվել են զինծառայող և խաղաղ բնակիչ։ Ոչնչացվել է նաև Պառավաքարի մոտ գտնվող ադրբեջանական հենակետը, որտեղ զոհվել է 5 զինվոր։

Այս կապակցությամբ Հայաստանի ղեկավարությունը մի շարք անսպասելի հայտարարություններ արեց, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ-ն անվանեց երկրի մաս, ինչպես նաև խոստացավ, որ հակառակորդը հրետանային և հրթիռային գնդակոծություններին կստանա համարժեք պատասխան։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

1994 թվականից հակամարտող կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ են ընթանում, սակայն իրական արդյունքներ չկան։

Ադրբեջանի ղեկավարության կողմից ավելի ու ավելի բարձր են հնչում հայտարարություններ ռազմական ռևանշի մասին, հրադադարի ռեժիմը գնալով ավելի հաճախ է խախտվում։ Հատկապես 2014 թվականից պարբերաբար գնդակոծվում են սահմանամերձ գյուղերը, նոյեմբերի 12-ին ադրբեջանական զորքերը խոցել են հայկական Մի-24 ուղղաթիռը։ 2015-ի գարնանից մեջտեղ եկան ականանետերը, իսկ հիմա արդեն՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու հրետանին։

Կողմերը բազմիցս են հակվել էսկալացիայի, սակայն արյունահեղությունը հաջողվել է կանխել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Սակայն հիմա կողմերը ձեռք են բերել ծանր զենքի շատ լուրջ զինանոցներ, ինչը պատերազմի դեպքում կհանգեցնի սոսկալի հետևանքների և մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

Հակամարտության արդյունքն անկանխատեսելի է։ Միանգամայն պարզ է, որ պատերազմն աղետալի է երկու երկրների համար՝ անկախ այն բանից, թե ով հանդես կգա նախաձեռնողի դերում։ Հայաստանի ՊՆ-ն տարածել է հայտարարություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային կառույցներին կոչ անելով ուշադրություն դարձնել այն բանին, որ Ադրբեջանի կողմից շփման գծում հրետանու կիրառումը նոր իրավիճակ է ստեղծում։ Ռազմական գերատեսչության կարծիքով՝ դա հերթական քայլն է լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20