Ռուսաստանյան թալանի մեղավորը ԱՄՆ-ն է՞. Բաստրիկինի հայտարարության հետքերով

- in Վերլուծական
usa russia

Երեկ ՌԴ քննչական ծառայության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «Российская Газета»-ին տված հարցազրույցում այս տարվա հունիսին Երեւանում էլէներգիայի թանկացման դեմ ցույցերը որակել է որպես ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հակառուսական ցույց:

Բաստրիկինը, որպես տեղեկատվության աղբյուր, նշել է «հավաստի աղբյուրները» և տեղում գործող «դիտորդները»:

Գող բռնելու տեղը

Այդ կապակցությամբ նախ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման հայտը ներկայացրել էր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ը, որի եկամտի 14 տոկոսը, շահույթի տեսքով, գնում է հենց «Ինտեռ ՌԱՕ»-ին:

Էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում հայաստանցիներս (անմիջականորեն, գնաճի տեսքով, կամ պետական բյուջեից) ՀԷՑ-ին վճարելու ենք տարեկան շուրջ 75 միլիոն դոլարով ավելի գումար, որից էլ ապահովվելու է «Ինտեռ ՌԱՕ»-ի 14 տոկոսանոց շահույթը:

Իսկ ահա «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ն, իր հերթին, 46 տոկոսով ոչ անմիջականորեն պատկանում է Ռուսաստանի կառավարությանը: Հետևապես, մեզանից հավաքվող շահույթի գրեթե կեսը մտնում է ՌԴ բյուջե (եթե ճանապարհին չի ուտվում): Իսկ 18 տոկոսով «Ինտեռ ՌԱՕ»-ն պատկանում է իր իսկ դուստր կազմակերպություններին: Այսինքն այդ շահույթը գնում ու սկսվում է պտտվել իր ու իր դուստր կազմակերպությունների փակ շղթայում:

Այդ բարդ կոմբինացիաներում, բնականաբար, բավականին շատ գումար է ուտվում այդ բուրգ-կորպորացիայի ղեկավարների կողմից, ինչի մասին բազմիցս են խոսել Ռուսաստանյան հետաքննող լրագրողներն ու ՀԿ-ները: … Իսկ այդ թալանի «վարակը» հասել է նաև «Ինտեռ ՌԱՕ»-ի դուստր ՀԷՑ-ին, որի արդյունքում, բոլոր առավելություններով հանդերձ (ատոմակայան, փոքր ՋԷԿ-եր և այլն), մենք ունենք ամենաթանկ էլեկտրաէներգիան ամբողջ ԱՊՀ տարածքում:

«Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ-ի ղեկավարները Իգոր Սեչինն ու Բորիս Կովալչուկն են, ովքեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտիկ ընկերներն են և Ռուսաստանում արդեն վաղուց կոռուպցիոն սկանդալների կիզակետում են, ինչի արդյունքում ընկել են անգամ արևմտյան պատժամիջոցների տակ:

Սակայն, դրանով հանդերձ այդ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը, կիսապետական այդ կազմակերպությունում թալանը բացահայտելու փոխարեն այդ թալանից մասամբ տուժած հայաստանցիների բողոքի մեղավոր է ման գալիս ԱՄՆ-ում:

Էլեկտրաէներգիայի գնի և ռուսաստանյան ստի մասին «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» տեսանյութը այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=WmeZ8RlHTrA

Շպիոնա՞ժ

Սակայն Բաստրիկինի հայտարարությունը նաև այլ մտահոգությունների տեղիք է տալիս: Նախ դա այն է, թե ի՞նչ գործ ունի Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հետ: Իր լիազորությունները տարածվում են բացառապես ՌԴ տարածքում, իսկ Հայաստանը անկախ երկիր է, որտեղ ՌԴ քննչական կոմիտեն անելիք չունի:

Ու թեև Ռուսաստանն իրավունք ունի Բաղրամյանական իրադարձությունների վերաբերյալ ունենալու իր կարծիքը, սակայն այն չպիտի լինի զրպարտիչ և սպառնալից:

Սակայն երկրորդ մտահոգությունը կայանում է նրանում, որ Արդարադատության գեներալ-գնդապետ Բաստրիկինը խոսում է ինչ-որ «դիտորդների» մասին: Ու թեև խոսքը կարող է գնալ, ասենք, ռուսաստանյան լրագրողների, կամ Երևանում օրինական գործունեությամբ զբաղվող այլ անձանց մասին, սակայն «դիտորդներ» գաղտնապահական և անհասկանալի ձևակերպումը տեղիք է տալիս հիմնավոր ենթադրելու, որ Երևանում գործում է ՌԴ հետախուզական ինչ-որ ցանց, որը տեղեկություններ է հաղորդում այդ պետության ուժային կառույցներին:

Եվ եթե անգամ այդօրինակ գործունեությունը չի ընկնում «լրտեսության» քրեական բնօրոշման տակ, միևնույնն է, այդօրինակ կերպով տեղեկությունների հավաքագրման փաստը չի կարող ընկալվել երկու երկրների «բարեկամական» հարաբերությունների ֆոնին:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20