Սիմոն Սարգսյան. «Նարեկ»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ. /Ժամանակակից պատմվածք/:

Աշուն է: Ձորում սոսափում են ուռիներ, սոսափո~ւմ անվերջ: Պաղ գետի պես ձորնիվայր հոսում էին աշնան հովերը: Սոսափին խառնվում էր մի ուրիշ շրշյուն: Ուխտ էր այդ օրը, կիրակի …

Նարեկն, ինչպես նրանց գյուղացիները ուխտ են գնում լեռան մի վանք: Դնում են սայլերի վրա, հետևակ: Նարեկը նստած է սայլին, և սայլը սուրում է մի մարմանդ հովտում: Գետակը հովտի վրա իր փրփուրները շուլալելով ասեղնագործում է տասնյակ ժապավեններ: Իսկ աջ ու ձախ կողմերում ժայռերից ծիլ – ծիլ հոսում են լուսեղեն աղբյուրներ: Նայում էր Նարեկը ծնողներին և չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են նրանք տխուր, աչքերը թաց… Ինչ իմանար խեղճ պատանին, որ ինքը պետք է մնա վանքում, նվիրվի վանքին: Նա էլ չի տեսնելու հայրական տունը:

Հեռվից երևում է գմբեթը, այնուհետև` վանքը: Տեղանքը մի թերակղզի է հիշեցնում` մխրճված Վանա ծովում, իսկ երկու կողմում անդունդ: Սևավոր մի վանք նայում է այնտեղից խիստ ու գեղեցիկ, իսկ գմբեթը կարծես նետաղեղ երկինք է սլանում, կապույտ ու ջինջ երկինք …

Կամա~ց, համրաքայլ մտնում են վանք և տեղավորվում մի մութ անկյունում: Բազմամարդ է վանքում, և պատարագն արդեն սկսվել է: Նարեկն անդադար շուրջն է նայում և տեսնում է միայն սևացած, փոշոտ կամարներ, որ ինչպես թևերը բաց արծիվներ իջնում են վերից: Կանթեղը թույլ դողում է խորանում: Վառվող մոմերը` մշուշի մեջ լողացող աստղերի են նման:

– Հայրի¯կ, հայրի¯կ… Վանքում տխուր է, տխուր կարծես մեռելի փակված աչքերի նման:

Ճնշվում է հոր հոգին, իսկ նա երկյուղած ուզում է դուրս փախչել, բայց հայրը բռնել է նրա ձեռքից:

Ժամերգությունն վերջանում է: Նարեկին տանում են բեմ, մոտեցնում սրբապատկերին:

– Համբուրի´ր, համբուրի´ր, որդյակ, – շշնջում է վարդապետն ու գլուխը թեթևակի մոտեցնում սրբապատկերին:

Այնուհետև ամեն ինչ վերջանում է, այնքա~ն շուտ է վերջանում: Նարեկի աչքին ամեն ինչ լռել է արդեն…

Հետո տենում է, թե ինչպես հայր ու մայր խոնարհվել են համբուրում են վանահոր աջն ու կամաց, ետ-ետ դուրս են գալիս: Բոլորը գնացել են, մնացել է մթնած թուխպը, խավարած վանքը, սառնածոր աստղերը երկնքում: Լռել է վանքը, լռել գերեզմանաքարերի պես, լուռ է և նրա մեջ կանգնած թիթեռնիկը` Նարեկը:

Երեկո է իջնում, մանուշակ ցանում գյուղի, դիմացի քարափների ու անդնդի այգիների վրա: Աշնանային արևն երեկոյան այստեղ ավելի շատ է դեղնությամբ փայլում, քան մի այլ վայրում: Եվ մթմշաղն իջնելու հետ իր ճառագայթներն ուղղում է ուռենու ճյուղերից վար, գմբեթը ողողելով լուսափայլով: Ծառերի արանքից երևում են հեռավոր բարձունքների վրա փռված գերեզմանաթմբերն ու ամրությունները, և այդ բոլորը միասին գավիթը դարձնում են հաճելի, մեղմ տխրությամբ թոթովուն, ինչպես լինում է հնության դրոշմը կրող ամեն մի վայր:

Գիշերն անցնում է: Նարեկը քնել է խսիրի վրա, ցուրտ ու կոշտ: Առավոտյան, երբ արևի ճառագայթները ներս են ընկել կամարաձև անցքերից, նրա խուցն է մտել մի ձյունագես, այծամորուք ծերունի և գլխի վեղարը ետ գցել.

– Բարի լույս որդյակ, Աստծո լույս բացվեց վրադ: Ես քո միակ հարազատն եմ այստեղ, քո մորեղբայրը` Անանիան: Դու երբևէ լսած կլինե՞ս իմ մասին …

Տղան մտաբերում է մոր պատմածներից, որը նա պատկերացնում էր մի այլ կերպ …

Երկար զրուցում են: Պատմում է աշխարհի լավ ու վատի, չար ու բարու … մի խոսքով, անցնում է առաջին ծանոթությունն ու առաջին դասը: Հետո շատերն են բարևում, տարեցները շոյում են նրա գլուխն ու հեռանում:

Կեսօրն անց է: Նա դուրս է գալիս վանքից: Նայում է շուրջը: Նրա համար քարափները խոնարհ նայում են, իսկ լեռներն ալիքներ են փոթորկված Վանա ծովի:

Անցնում են տարիներ: Նարեկն արդեն դարձել է վանական: Եվ հավասարազոր գործում է մորեղբոր` Անանիայի հետ, իհարկե և ընդունելով նրա խորհուրդները: Նրանք հաճախ են ծալապատիկ նստում դեմ – դիմաց, ու նա աչքերը լայն բացած ուշակորույս ունկնդրում է այդ անհուն մարդուն, որը բացատրում է տիեզերական շինարարության արվեստը: Նարեկը զգում է, որ նրա մեջ ջերմություն կա, կյանքի նշույլ: Իսկ ազատ ժամերին նա գրում է մագաղաթի վրա, սակայն ի՞նչ է գրում ծերունին այդ` չգիտե:

Ամեն լուսաբացին և մայրամուտին նա նստում է մի դժվարամատչելի անդնդի եզրին, որտեղից երևում են Առտեր և Աղթամար կղզիները և երկա¯ր, երանորե~ն նայում է իրենց տան կողմը, լեռներն ու դաշտերը: Այնուհետև, երբ մայրամուտն իր վերջին ճաճանչներն է հեռացնում Վանա ծովից, նա մանրաքայլ գնում է իր խուցը, մի հաստլիկ մեծամոմ վառում և երկար ժամանակ աչքերը կկոցած գրում է … գրում …

Այսպես խախաղ են անցնում նրա օրերը: Բայց կամաց – կամաց ծայր է առնում մեղադրանքները, բանսարկությունները նրա հասցեին:

Եվ մի օր վանահայրը կանչում է նրան, երբ արդեն ժամերգությունն ավարտվել է և շոյելով նրա գլուխը մեղմ հրամայում.

– Խոսիր, որդյակ, ասա մեզ, ի՞նչ է մտատանջությունը քո:

Նարեկը ակնապիշ նայում է վանականներին, վանահորը, կարծես փայլատակում է և սկսում ոգել: Նա զգում է, որ ինքը պիտի խոսի այն, որով լիքն է ինքը, սիրտ է առնում ու ժայթքում աշխույժով.

Գոհար վարդն էր վառվում

Արևի վեհ վարսերից,

Ու վարսերի վրա վերևում

Ծավալվում էր ծաղիկ ծովային:

Համատարած ծովից,

Պղպջում էր գույնն այն ծաղկի

Գույնին գույն տվող ծաղկի

Որի ճյուղին շուշանն էր շողում

Շողում էր շուշանը հովտում

Շողշողում էր դեմն արեգակի …

Վանականները լսում են մթին քարերի պես անարգանք, սառը: Միայն նրանցից ամենաչարը, տխրադեմ Երեմիան նախանձահույզ ձայնով բողոքում է.

– Զնա աքսորել է պետք, զնա պատուհասի որպես զհերգուածող …

– Լռի´ր, բանսարկու,- սաստում է վանահայրն ու հեռացնում մտախոհ:

… Բարձրագմբեթ, կամարակապ է օթևանը: Որոշ ժամանակ նրա տակ կանգնած է Նարեկն ու ունկնդրում է լռություն: Խավար է օթևանում, խավա~ր …

… Գնում է նա իր մենախուցը, վերցնում մի հաստափոր գիրք և քայլում վանահոր մոտ: Լուռ, գլխիկոր նստած է վանահայրը, երբ նրա դիմաց դռնից ներս ցայտող լույսը փակվում է: Վեր է նայում: Մեծացել է Նարեկը նրա աչքին: Նրա մռայլ սքեմը հալվել և կարծես սքեմի տակից երևում է «երկնային մարդը»:

Նարեկը գիրքը մեկնում է նրան: Վանահայրը վերցնում է այն և բացելով սկսում թերթել: Ծաղիկներ են այնտեղ … գույնզգույն ծաղիկներ … և գեղեցկություն, անհուն գեղեցկություն …

Իսկ Նարեկը լուռ մրմնջում է.

Աչքին ծովե ի ծով ծիծաղախիտ

Ծավալվում էին առավոտյան

Ինչպես երկու փայլակաձև արեգակներ

Եվ լույս առավոտյան …

Վանահայրն անդորր նայում է գրքին, հառաչում և այս աշխարհից հեռացողի երազով, խոր ընկած աչքերով նայում ու շշնջում.

– Այժմիկ պատրաստ եմ երթա~լ …

Հաջորդ օրերն անցնում են խախաղ, իսկ մի քանի օր անց նորից ալեկոծվում է: Վանականները Երեմիայի գլխավորությամբ պաշարում են վանահորը:

– Նա ծաղրի է մատնում մեզ …

– Արտաքսել է պետք …

– Նա պղծում է սրբավայրը դիվական մտքերով,- գոչում են նրանք:

Վանահայրը դուրս է կանչում Նարեկին.

– Ե´կ, որդյակ, ե´կ, արդարացի´ր …

Նարեկը դուրս է գալիս, ժպտերես նայում վանականներին և սկսում ոգել` աչքերը երկինք պարզած.

Մի´ բեր ողորմած,

Ինձ տարաժամ, այսքան շուտափույթ,

Որ ես անվաստակ, ձեռնունայնությամբ

Անցնեմ այս կյանքիս թերավարտ ուղին,

Մի´ մատուցիր ինձ, ծարավի ժամին դառնաղի բաժակ …

Վանականների աչքերի սպիտակները մերկացած սրերի նման փայլում են իր դեմ և նա չի կարողանում շարունակել:

– Պի´ղծ է, պի´ղծ …,- գոչում են նրանք:

– Հեռո~ւ, խավարի ծնունդներ,- գոչում է վանահայրը …

Սակայն Անանիան Նարեկի աչքերում նկատում է մի շող, ճարտար մտքի ճարպիկ խաղ, բայց դե իր հոգին քար է, և նրանք լուռ հեռանում են ու չար անիծում:

Մի քանի օր անց վանականները փորձում են չթողնել Նարեկին երգել ծաղիկների երգը: Նա փակված է մենախցում և վատառողջ է: Նրան այցելում է միայն Անանիան: Նարեկը թախծոտ նայում է նրան ու սկսում է երգել իր ծաղիկների երգը: Անանիան հասկանում է նրան, լսում և երկուսով մոռանում են, որ «բանտի» մեջ են: Նարեկը ժպտում է մեկընդմեջ: Իսկ վանքից դուրս շքեղ հանդես է, վառվում է երկնային ջահը: Թռչունները խնդությամբ ճախրում էին օդում: Մեղմօրոր քամուց ծաղիկները դայլայլ են ասում: Դրսում կյանք է, ուրախություն, բայց լռին է եկեղեցու շրջակայքը: Մեղուն տզզալով կտրում է մենախցի կամարներից ներս ընկած լուսաշողն ու կարծես խուցը լցվում է կյանքի ուրախությամբ …

… Եվ մեկ տարի անց մեռնում է Նարեկը, հոգում ծաղիկներ …

… Երանի~ … անուշ սրտին …

… Արդեն ավերակ վանքի շրջակայքում Նաղաշն է նստել կտավն առաջին և գույներն իրար խառնելով ցանկանում է նկարազարդել Նարեկի «Ծաղկի գիրքը …»:

… Չի´ պատկերացնում … Չի´, ստացվում և չի´ կարող …

Սև դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարամտությունից ու լույսի պակասից դողդոջում է, բայց գալիս է հաստատորեն, կյանք է տալիս նորից … Ոչ ձմեռ և ոչ մի չարիք չեն խանգարում նրան …

Գիրքը հիվանդի բարձի տակ են դնում, և գիրքը կյանքի հույսով է ներշնչում: Ի՞նչ գիրք է` ոչ ոք չգիտի անգրագետ հողագործի ընտանիքում: Գտել են մի ավերակ եկեղեցում, գաղթի ժամանակ, քարերի տակից: Ասում են բժշկում է ամեն մի հիվանդություն … Երեխային շունչ է տալիս …

Ծանրաբեռ գրադարաններում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է նրանց մեջ և տեսնում է … ծաղիկնե~ր, ծաղիկնե~ր, ծաղիկնե~ր …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ; 1993 թ.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20