Ստամբուլում սիրիացի երեխաներին շահագործում են որպես ճորտեր

Turkey

Ամերիկյան CBS հեռուստաալիքը ցուցադրել է Սիրիայից փախստականների երեխաներին Ստամբուլում որպես ճորտեր շահագործելու վերաբերյալ փաստագրական տեսանյութ:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հեռուստաալիքը գաղտնի տեսախցիկով նկարահանել է Ստամբուլի տասնյակ տեքստիլ ձեռնարկություններից մեկում մինչեւ 10 տարեկան երեխաներին չնչին աշխատավարձով օրական 12 ժամ աշխատեցնելու տեսարաններ:
10-ամյա փախստական Հուսեին Օմերը պատմել է, որ 9 հոգուց բաղկացած իրենց ընտանիքին օգնելու համար ձեռնարկությունում շաբաթվա 6 օրն աշխատում է օրական 12 ժամ, որպեսզի շաբաթական 25 դոլար վաստակի:

Հեռուստաալիքը հայտնել է, որ Ստամբուլում տեքստիլ ձեռնարկությունների աշխատակիցների մեծ մասը սիրիացի փախստականների երեխաներ են: Հալեպից փախստական մի երեխա պատմել է, որ ռումբերից եւ ահաբեկիչներից մազապուրծ այժմ էլ հայտնվել է ճորտի կարգավիճակում:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը գրել է, որ Թուրքիա փախած 2 մլն-ից ավելի սիրիացիներ աղքատությունից ստիպված են աշխատելու ուղարկել իրենց երեխաներին:

Թուրքիայում կյանքի պայմաններ չգտնող սիրիացիներն իրենց երեխաների ապագան տեսնում են Եվրոպայում եւ ուղեւորվում այնտեղ:

Օրերս հայտնի է դարձել, որ միջազգային հանրությունը 1 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիային սիրիացի փախստականների համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20