«Տաշիր» խումբը ստորագրել է ՀԷՑ-ը գնելու պայմանագիրը

- in Ով ով է ...
Samvel Karapetyan

«Տաշիր» ընկերությունների խմբից տեղեկացնում են, որ խումբը պայմանագիր է ստորագրել «Ինտեր ՌԱՕ»-ի հետ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվները գնելու վերաբերյալ: Կառավարությունն արդեն հավանություն է տվել գործարքին:

«Տաշիր»-ի սեփականատերը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն է: «Գործարքն արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից և ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը նաև պայմանավորվածության են հասել առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն կշարունակեն ողջ ծավալով կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասված է «Տաշիր գրուպի» տարածած հաղորդագրության մեջ:

«Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը ամբողջությամբ ընդունում է իր պարտավորվածությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարելու հարցում»,- հայտարարել է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` ընկերությունը նպատակ ունի օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ուժեղացնել դրա ֆինանսատնտեսական գործունեությունը, արդիականացնել բաշխիչ ցանցերի սարքավորումները:

«Հայաստանի բնակչությանն օժանադակելու նպատակով որոշում է ընդունվել սեփական միջոցներից` ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով հաջորդ մեկ տարվա ընթացքում փոխհատուցել 2015թ-ի օգոստոսի 1-ից տեղի ունեցած սակագնի բարձրացման տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»,- նշել է Սամվել Կարապետյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի վաճառքի հարցը կքննարկի վաղվա նիստում և կթույլատրի վաճառքը: Հանձնաժողովի կայքում հրապարակաված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ՀԾԿ-ն կորոշի թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: ՀՀ կառավարությունը երկու շաբաթ առաջ էր հանվանություն տվել այս գործարքին: Պարզվել էր, որ գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, իսկ կառավարության անդամները լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել են, որ տեղյակ չեն, թե ով է ՀԷՑ-ի գնորդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20