Քրդերը և սահմանների վերաձևումը տարածաշրջանում

- in Վերլուծական
Turkey

Թուրքիան առաջին անգամ սկսել է կասկածել իր տարածքային ամբողջականությունը պահպանելու հնարավորությանը եւ քրդերին խաղաղեցնելու տարբերակներ է մշակում, տրամադրելով քաղաքական ու մշակութային իրավունքներ: Թուրքիայի առջեւ կանգնած է երկէթնիկ (նվազագույնը), կամ համենայնդեպս երկլեզու պետություն դառնալու հեռանկարը:

Ներկայում Թուրքիան չի վերահսկում իր տարածքի որոշակի շրջաններ, ենթակայությունից դուրս են գալիս ամբողջ քաղաքներ ու ցեղեր: Այդ պայմաններում Իրաքի Քրդստանը, ավելի վաղ Թուրքիայի հետ ցուցաբերելով սերտ հարաբերություններ ու համագործակցություն, փորձում է գլխավորել քրդական տարբեր քաղաքական խմբերը իր տարածքից դուրս:

Անկասկած, դա նախաձեռնել է ԱՄՆ-ն, որին հետաքրքրում է մի շարք պետությունների վերահսկելի նոր իրավիճակի ստեղծումը: Ընդ որում, ԱՄՆ-ն ակտիվ քաղաքականություն չի վարում, փորձելով միայն կարգավորել որոշ հարցեր, որոնք, նրա կարծիքով, դեռեւս ունեն «ժամանակի ռեզերվ»:

Վերջին շրջանում Թուրքիայի ու Իրաքի Քրդստանի հարաբերությունների վիճակը փոխվել է, ԱՄՆ-ի ու Իրաքի դժգոհության կապակցությամբ: Իրաքը ԱՄՆ-ին պահանջներ է ներկայացրել Թուրքիային Իրաքի Քրդստանի մերձեցման հարցում նրա անգործության կապակցությամբ:

Փորձագետները լիովին համաձայն են այն վարկածին, որ Թուրքիան ու Իրաքի Քրդստանը փորձում են գալ քաղաքական որոշակի համաձայնությունների, այդ թվում քրդական քաղաքական տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների հարցում:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իսրայելը Իրաքի Քրդստանը դիտարկում են ոչ միայն որպես ահռելի պաշարներով նավթային տարածք, այլեւ ներկայում ու հեռանկարում Իրանի, Իրաքի, Թուրքիայի ու Սիրիայի դեմ ճնշման քաղաքական լծակ:

Իրաքի Քրդստանի ինքնիշխանության ճանաչման հարցը կարող է լուծվել ավելի շուտ, եթե դրա կառավարությունը հրաժարվի առավել արժեքավոր նավթային հարթակներից: Սակայն, հենց դրանց վերահսկողության մեջ է Իրաքի Քրդստանի ներկայիս կառավարության հիմնական քաղաքական շահը, որի առաջնորդներն իրենց դիտարկում են որպես Մերձավոր Արեւելքի ամենահարուստ քաղաքական գործիչներ, արաբական շեյխերին հավասար: Այդ առաջնորդներին քիչ է հուզում Թուրքիայի ու Իրանի քրդերի ճակատագիրը, քանի որ նրանց խնդիրները թույլ չեն տա նրանց հարստանալ ու երկարաժամկետ վերահսկողություն հաստատել այդ տարածքների վրա:

Սիրիայի քրդերի հողերը վերահսկելու Բարզանիի փորձերը կապված են տարածաշրջանում իր անձնական ազդեցությունը մեծացնելու, Թուրքիայի հետ երկխոսության մեջ նոր փաստարկներ ունենալու եւ հնարավոր է Սիրիայի որոշ տարածքներ գրավելու ձգտման հետ: Սիրիայի քրդերի հանդեպ Բարզանիի գործողությունները գրագետ ու արդյունավետ էին, եւ նրան հաջողվել է հասնել իր նպատակին:

Իրաքի Քրդստանի կառավարությունը քաղաքականություն է վարում ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության երաշխիքների պայմաններում: Հնարավոր է քրդերին լատենտ աջակցություն են ցուցաբերում արաբական որոշ պետություններ, օրինակ Սաուդյան Արաբիան, որոնք հանդես են գալիս ընդդեմ իրաքյան շիաների եւ ցանկանում են թուլացնել շիա քաղաքական ուժերին ու շիա կառավարությանը:

Իրավիճակում նորությունն այն է, որ ԱՄՆ-ն ու նրա գործընկերները փորձում են Իրաքի Քրդստանի քաղաքականությունը կառուցել գերազանցապես Արեւմուտքին նավթով ապահովելու ուղղությամբ:

Հնարավոր է Իրանը ժամանակին այնքան էլ ճկուն դիրքորոշում չի ցուցաբերել քրդերի հանդեպ եւ այդպիսով երկար ժամանակով հեռավորություն հաստատել Իրաքի քուրդ ղեկավարների հետ:

Պետք է ասել, որ վերջին տասնամյակներին իրանցիները Իրանի Քրդստանում կարողացել են քրդերի համար լիովին ընդունելի պայմաններ ստեղծել: Քրդերի հանդեպ Թուրքիայի թշնամական վերաբերմունքի պայմաններում Իրանը շարունակում է մեծացնել իր ազդեցությունը, նկատի առնելով, որ Միջագետքում քրդերն ու ալավիները լուրջ սպառնալիքի տակ են հայտնվել:

Պատերազմների ու ագրեսիայի պայմաններում Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական խնդիրը դարձել է առավել քան լեգիտիմ եւ լիովին արդարացված ու մոտիվացված Արեւմտյան հանրության համար: Ներկայում Արեւմուտքում ոչ ոք չի կարող պնդել, որ քրդերը սեփական պետականության իրավունք չունեն:

ԱՄՆ-ում գիտական ու փորձագիտական շրջանակներում քննարկումներ են սկսվել Թուրքիայում քրդական պետության ստեղծման անխուսափելիության վերաբերյալ: Ընդ որում, կասկած չկա, որ «քրդական նախագիծը» ոչ թե եվրոպական գաղափար է, չնայած Եվրոպայում բավական աշխատել են քրդական խնդրի վրա, այլ ամերիկյան նախագիծ: Այն լինելու է ամերիկյան «հովանավորության» ներքո, ինչի ապացույցն է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը Թուրքիայում, որը մասնակցում է ընտրություններին եւ իշխանության է եկել բազմաթիվ համայնքներում:

Քրդերը դարձել են Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի գլխավոր խաղադրույքը, եւ նրանց հետ է կապված շատ բան տարածաշրջանում պետական նոր սահմանների ձեւավորման գործընթացում: Ներկայիս սահմանները, որոնք 20-րդ դարասկզբին գծել են Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, արդեն ձեռնտու չեն ԱՄՆ-ին եւ պետք է վերանայվեն, ինչպես նաեւ նույն ժամանակ Ռուսաստանի ստեղծած աշխարհքաղաքական սխեման:

Այս խնդրի լուծման գործում քրդերը կոչված են խաղալ գլխավոր դերը: Դա արդեն հասկացել են արաբ առաջատար գործիչները եւ համաձայնվել դրան: Հերթը Թուրքիայինն է, որը մտադիր է մինչեւ վերջ դիմադրել քրդական պետությունների ստեղծմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Ինչ որ տեղ Մերձավոր Արեւելքում, 2015 թ. օգոստոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20