Փախստականների խնդիրը Եվրոպայում և Թուրքիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է հարկերի բարձրացման հնարավորությունը՝ հարյուր հազարավոր փախստականների ծախսերը ֆինանսավորելու համար, որոնց մտադիր է ընդունել Գերմանիան: 

Կանցլերի խոսքով՝ դաշնային կառավարությունը նախկինի պես նպատակադրված է հավասարակշռված բյուջե ստեղծել առանց նոր պարտքերի: Սպասվում է, որ 2015 թ. արդյունքներով պետությունը մոտ 5 մլրդ եվրոյով ավել կստանա, քան ծրագրվում էր: Մերկելը դրական է համարում փաստը, որ և´ երկիրը, և´ դաշնային տարածքները, և´ առանձին համայնքները զարգացման լավ դինամիկա են ցուցաբերում: «Դա շատ է օգնում ժամանակներում, երբ անհրաժեշտ է պատասխանել նոր, անսպասելի մարտահրավերների: Հիմա մենք, իհարկե, պետք է կենտրոնանանք փախստականների խնդրի լուծման վրա»,- նշել է Մերկելը:

Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն միգրացիոն ճգնաժամն անվանել է եվրոպացի որոշ քաղաքական գործիչների արած անպատասխանատու հայտարարությունների հետևանք:

«Հունգարիայում կատարվողը երկու բանի հետևանք է: Նախ՝ դա ԵՄ տապալված միգրացիոն քաղաքականությունն է, երկրորդ՝ եվրոպացի քաղաքական գործիչների արած անպատասխանատու հայտարարությունների շարքը: Դրա հետևանքով կատարվում է այն, ինչ մենք տեսնում ենք»,- ասել է նա:

Լյուքսեմբուրգում ընթանում է ԵՄ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների 2-օրյա ոչ պաշտոնական հանդիպումը՝ նվիրված գլխավորապես միգրացիոն ճգնաժամին:

Մերձավոր Արևելքից մի քանի հարյուր փախստականներ, ովքեր նախկինում չեն կարողացել Բուդապեշտից գնալ Վիեննա` Արևմտյան Եվրոպայում գնացքների երթևեկության դադարեցման պատճառով, ավտոճանապարհով ոտքով գնում են Ավստրիայի մայրաքաղաքի ուղղությամբ:

Բուդապեշտից Վիեննա 240 կմ է, որը փախստականները մտադիր են անցնել 5 օրվա ընթացքում: Նրանց առաջին խմբերը արդեն մոտավորապես հասել են Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Տատաբանիա քաղաքին:

Նրանց մեծ մասը իրենց հետ տանում են իրերով պայուսակներ, քնապարկեր և ծածկոցներ: Անցյալ գիշեր նրանք անցկացրել են ավտոմայրուղու կողքին՝ բաց երկնքի տակ:

Փախստականների պատճառով մայրուղում առաջացել են մի քանի կիլոմետրանոց խցանումներ, սակայն վարորդները իրենց հանգիստ են պահում, ոմանք էլ փախստականներին տալիս են ջուր, ուտելիք և որոշ գումար: Ոստիկանությունը չի խանգարում նրանց շարժմանը, սակայն ջանում է կարգավորել:

Իշխանությունները փախստականներին հատկացրել են ավտոբուսներ, որոնցով նրանք կարող են գնալ կամ Բիչկե քաղաքի ժամանակավոր ճամբար, կամ Ավստրիայի սահման: Լրատվամիջոցների տվյալներով, Հունգարիայից Ավստրիայի սահման են հասել մոտ 2000 փախստականներ:

Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան առաջարկել է փախստականներին ապաստանել իր տանը:

Նա ասել է, որ պատրաստ է Կեմպելեում գտնվող իր տունը տրամադրել փախստականներին հաջորդ տարվա սկզբից, իսկ ինքը կապրի Հելսինկիի տանը: Վարչապետը կոչ է արել երկրի քաղաքացիներին հետևել իր օրինակին և փախստականների հետ համերաշխություն պահպանել:

Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել այնպիսի զբոսաշրջային գոտիների ստեղծմանը, որտեղ չի պահանջվի արտասահմանյան անձնագիր: Սկզբնական շրջանում այդ առավելությունից կկարողանան օգտվել միայն նավերով ժամանածները:

Երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտնել է, որ այդպիսի վայրերում գտնվելը չի համարվի Թուրքիայում գտնվել: Դա կազատի արտասահմանցիներին մաքսային և սահմանային վերահսկողությունից: Բացի այդ, այդպիսի գոտիներում ապրելը կլինի ավելի էժան, քան մնացած հանգստավայրերում: Ենթադրվում է, որ այդ գոտիները կգտնվեն Միջերկրական և Էգեյան ծովափերին: Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Բոդրում, Մարմարիս և Չեշմե:

Մարտին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20