Ադրբեջանցիները սահմանում բարձրախոսներով հայերեն, հակահայ քարոզչություն են անում. Aravot.am

- in Մամուլ
Gyux

Ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել: Այգեհովտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը Aravot.am-ին հայտնել է, որ գնդակոծվող խաղողի այգիները պատկանում են 43 այգեհովիտցու:

Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել նվազագույնը 150 տոննա խաղող: Լ. Գրիգորյանն ասաց, որ իրենք կսպասեն ևս մի քանի օր, հետո կդիմեն Տավուշի մարզպետարան, որպեսզի այդ այգիների տերերին պետական փոխհատուցում տրվի: Նշված այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածները իրենց բերքը պետք է հանձնեին Իջևանի, Այգեպարի և Դեբեդավանի գործարաններ: «Ուռի հողերում« խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է:

Այգեհովտից տեղեկացանք, որ գյուղի ցածրադիր հատվածում գտնվող «Ուռի հողերի» դեմ-դիմաց ադրբեջանցիները բարձրախոսներով կրկնում են հակահայկական քարոզչական տեքստ: Ձայնագրված այդ տեքստում ադրբեջանցիները հայերեն լեզվով հայտարարում են, որ թույլ չեն տա բերքահավաք կատարել, հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել և այլն: Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը, հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով:

Նա ասել է, որ ադրբեջանցիների քարոզչությունը վկայում է նրանց հուսահատական վիճակի մասին, ասելով. «Արջն իր ահից է գոռում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20