Արամ Մանուկյանը պատմել է, թե ինչպես են իրեն փորձել բերման ենթարկել

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից հետո պայքարը տեղափոխվում է այլ հարթակ: Այս մասին խորհրդարանում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Հիմա կսկսվի ժողովրդական փուլ, պառլամենտից դուրս փուլը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկությունից առաջ պատգամավորներին թույլ չտվեց խոսել: Արամ Մանուկյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս, որպեսզի պատգամավորները հայտարարություններ անեին:

ԱԺ շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաև Արամ Մանուկյանին. «Զգացի, որ իրենք հիմարություն են անում և թույլ տվեցի, որ այդ հիմարությունը շարունակեն: Բարձրացրեցին, գցեցին մեքենան: Երբ Օսիպյանը տեսավ, որ հիմարությունն արդեն ուրիշ աստիճանի է հասնում, արդեն սկսեցին ինձ համոզել, որ իջնեմ ներքև: Դրանից հետո ինձ քաշելով սկսեցին ցած իջեցնել մեքենայից»:

Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը պատրաստվում էր իրեն ապօրինի բերման ենթարկելու հարցը բարձրաձայնել ԱԺ դահլիճում, ինչպես նաև հայտարարություն անել և պահանջել անհապաղ ազատ արձակել խորհրդարանի շենքի մոտից այսօր բերման ենթարկված բոլոր անձանց. «Եթե ոչ, մենք հիմա բոլոր միջազգային ու տեղական կառույցներին կներկայացնենք այս վիճակը, որ սա բռնի ուժով իրենց նախագիծն անցկացնելու և ժողովրդին զսպելու փորձ էր»:

ՀԱԿ պատգամավորը նաև նշեց, որ իրենց խմբակցությունն ուներ հայտարարություն, որով բարձրաձայնելու էր այն մասին, որ Հայաստանի սահմաններում վիճակը լարված է, պատերազմի վերսկսման վտանգ կա, այս փուլում անթույլատրելի է ժողովրդին ցնցումների տանելը: Հետևաբար, նրա խոսքով, պետք է հետաձգվեր և քվեարկության չդրվեր նախագիծը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20