Բարաք Օբաման արձագանքել է հայ լրագրողի նամակին

Barak Obama

Հայաստանի երկրորդ հեռուստալիքի «Լրաբեր»-ի լրագրող Արամ Գրիգորյանն այս տարվա ապրիլին իր ձեռքով  արծաթե անմոռուկներ է պատրաստել և ուղարկել աշխարհի մի շարք երկրների նախագահների,  այդ թվում` ԱՄՆ  նախագահ Բարաք Օբամային, անմոռուկի մեկ այլ օրինակ էլ` ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային:

Արամ Գրիգորյանը նամակ է գրել ԱՄՆ նախագահին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Նախագահ: Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը մեկ անգամ ևս հիշելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունը, հանդես է գալիս դատապարտող հայտարարություններով և կոչերով: Ամերիկայի կողմից հայ ժողովրդին մեկնած ձեռքը և ցուցաբերած օժանդակությունը անգնահատելի է: Վստահ եմ որ երկու երկրներ և ժողովուրդների բարեկամությունը անխախտ կմնա:

Մեծագույն հարգանք տածելով Ձեր հանդեպ, պարոն Նախագահ, ուզում եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող «Անմոռուկ» ծաղիկի, իմ ձեռքով արծաթից պատրաստված տարբերակը նվիրել Ձեզ` ի հիշատակ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության, հարգանք մատուցելով անձամբ Ձեր և ամերիկյան ժողովրդի այդ հարցի շուրջ ունեցած մարդկային դիրքորոշման համար:

Անմոռուկն ընտրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ, որտեղ սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը, դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս, ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում։

Հարգարժան պարոն Նախագահ, Ձեր թույլտվությամբ նաև այդ խորհրդանիշի մեկ այլ տարբերակ, որ նախատեսված է կրելու կանանց, ուզում եմ նվիրել Ձեր տիկնոջը՝ Միշել Օբամային:

Ես հեռուստալրագրող եմ և այդ բնագավառում աշխատում եմ ավելի քան 15 տարի: Սակայն ինչպես բոլորը, ունեմ հոբբի, և արծաթագործության մեջ ես ուղղակի սիրողական մակարդակի մեկն եմ: Խնդրում եմ ընդունել իմ նվերը, որպես հասարակ հայ մարդու սրտի»:

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով հեռուստալրագրողին է փոխանցվել ԱՄՆ նախագահից ստացված պատասխան-արձագանքը: Բարաք Օբաման սիրով ընդունել է  հայ լրագրողի նվերը: Արամ Գրիգորյանը հայտնեց, որ եվրոպական երկրներից նույնպես արձագանքել են իր նվեր-նամակին, սակայն` դեսպանատների մակարդակով, իսկ  ԱՄՆ-ից արձագանքը եղել է անձամբ  Օբամայի կողմից, նրա ստորագրությամբ:

Արամ Գրիգորյանն իր ձեռքով պատրաստված անմոռուկն անձամբ նվիրել է նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակի պատճենները.

 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20