Էդուարդ Համբարձումյան. «Վերջին տվյալների համաձայն տղամարդկանց անպտղությունն ավելի շատ է»

Էդուարդ Համբարձումյան. բժշկական գիտությունների դոկտոր, «Մարդու պտղաբերության կենտրոն»-ի տնօրեն, Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, կոմպոզիտոր, «Երազ» օպերային ներկայացման հեղինակ: Հետաքրքիր անհատականություն, ով ի վերուստ տրված շնորհքով կարողանում է հուզել մարդկային հոգին և ներաշխարհը՝ մի դեպքում օգնելով մարդկանց զգալ ծնող դառնալու բերկրանքը, լսել երկար սպասված մանկան ճիչն ու վայելել փոքրիկ հրաշքին կրծքին սեղմելու անսահման երջանկությունը, մյուս դեպքում՝ իր հոգեթով երաժշտական ստեղծագործություններով թափանցել մարդու էության խորքերը:

Այն հարցին, թե ինչպես է կարողանում բժիշկի լարված աշխատանքը համատեղել երաժշտության հետ, պրոֆեսորը պատասխանեց. «Երեկոյան այս ամենը վերածվում է երաժշտության, այլապես այս լարվածությանը չէի դիմակայի»:

– Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս են գործերը «Մարդու պտղաբերության կենտրոն»-ում, ինչպիսի՞ն է անցնող տարին Ձեր կենտրոնի համար:

– Մեզ մոտ հաջողություններ կան, որի համար շատ ուրախ ենք: Համաձայն 2014թ. վիճակագրական տվյալների, Հայաստանում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ ամենից շատ երեխաներ ծնվել են հենց մեր կենտրոնում: Առողջապահության նախարարության կողմից արժանացել ենք «տարվա լավագույն բուժհիմնարկ և տարվա լավագույն բժիշկ» մրցանակին: Այսինքն՝ մենք գտնվում ենք առաջատար բժշկական կենտրոնների շարքում, որը մեզ և՛ հպարտացնում է, և՛ պարտավորեցնում: Մեր կենտրոնում կատարվում են այն բոլոր հնարավոր տեսակի բժշկական օգնությունները, որոնք պահանջվում են վերարտադրողական բժշկության կենտրոնից՝ ստուգումներ, հորմոնալ, ինֆեկցիոն և գենետիկ հետազոտություններ, ներարգանդային սերմնավորումներ, հորմոնալ խթանումներ, ձվարանների բուժում, արտամարմնային բեղմնավորում, որը կատարվում է բարձրագույն տեխնոլոգիաներով, սակայն այստեղ կարևորը ոչ միայն տեխնոլոգիաներն են, այլև հատուկ մասնագիտական մոտեցումները:

– Ինչպիսի՞ արդյունավետություն ունեցավ «Արագիլ» հիմնադրամը, շա՞տ են դիմողները՝ ՀՀ առաջին տիկնոջ կողմից աջակցություն ստացողները:

-«Արագիլ» հիմնադրամը Հայաստանում եղած հումանիտար օգնության ամենահաջողված ծրագրերից է: Հիմնադրամը ֆինանսապես աջակցում է անապահով բոլոր այն զույգերին, ովքեր օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներով բուժվելու կարիքն ունեն: Այս տեխնոլոգիաներով բուժումը ամբողջ աշխարհում շատ թանկ է, և մեր բնակչության որոշ խավի համար դրանք ուղղակի անհասանելի են: Հենց այս նպատակով էլ ստեղծվեց հիմնադրամը, որը ղեկավարում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Արդեն հարյուրից ավելի երեխաներ են ծնվել հիմնադրամի աջակցությամբ, նրանք այդպես էլ լույս աշխարհ չէին գա, եթե չլիներ «Արագիլը»: Շրջաններում հատկապես անապահով բնակչության մի շերտ կա, որը տասնյակ տարիներ հնարավորություն չէր ունեցել դիմել բժշկի:

«Արագիլի» բացման հետ այդ խավը միանգամից դիմեց, և մեծ հոսք առաջացավ: Թեև մենք պատրաստված էինք, այնուամենայնիվ, որոշակի դժվարություններ առաջացան, թե՛ հիմնադրամի, թե՛ բժիշկների համար:

– Անպտղության խնդիրներն, ի՞նչ եք կարծում, առավել շատ գյուղակա՞ն, թե՝ քաղաքական հանրության շրջանում են առկա, և արդյոք կարո՞ղ են կապված լինել բնապահպանական խնդիրների, առողջ ապրելակերպի, սթրեսների և սննդի անվտանգության հետ: Եթե կարելի է առանձին-առանձին:

Eduard hambartsumyan– Այս հարցին մենք՝ բժիշկներս, այլ տեսանկյունից ենք նայում: Միգուցե մարզերում անպտղության խնդիրներն ավելի շատ են, բայց խնդիրը նրանում է, որ քաղաքի բնակչությունը ավելի շատ հնարավորություններ ունի դիմել բժիշկներին և ստանալ որակյալ բուժում, քան` հեռավոր գյուղերում ապրող բնակիչները: Այս պարագայում շատ մեծ դերակատարում ունի հեռավորությունը, որովհետև բուժումը կարող է 1-2 տարի տևել, իսկ զույգը շատ հնարավոր է, որ չկարողանա այդ մեծ հեռավորությունից գալ մեզ մոտ բուժվելու:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյո՞ք անպտղությունը կապ ունի առողջ ապրելակերպի, սթրեսների, բնապահպանական խնդիրների և սննդի անվտանգության հետ, անշուշտ, որոշ չափով այո: Հայ տղամարդիկ չարաշահում են ծխախոտը, խաշ ու խաշլամաները, սաունաները: Խաշն ու սաունան նույն օրվա ընթացքում երևի թե ամենածանր սթրեսն է, որ կարող են ապրել տղամարդկային սեռական օրգանները: Ծանր աշխատանքը, թունավոր նյութերը ևս կարող են վնասել: Մենք այս ամենը բարձրաձայնել ենք ժամանակին, սակայն այս խնդիրները շարունակում են մնալ արդիական:

– Ասում են՝ տղամարդկային գործոնը կազմում է անպտղության դեպքերի 1/3 –ը, այդ խնդիրը որքանո՞վ է դիտարկելի և քննարկման թեմա նման կենտրոններիդ կողմից:

– Եթե ուզում եք ճիշտն իմանալ 50 տոկոսը կախված է տղամարդուց, 50 տոկոսը կնոջից և ով կասի տղամարդուց քիչ բան է կախված չհավատաք: Ավելին՝ վերջերս վերադարձա բժշկական համագումարից որտեղ ասվում էր, որ վերջին տվյալների համաձայն տղամարդկանց անպտղությունն ավելի շատ է:

– Ամերիկյան վերարտադրողական բժշկության ընկերության տվյալների համաձայն կնոջ և տղամարդու քաշն ու ճարպակալումը ևս կարող են խնդիր հանդիսանալ և հանգեցնել անպտղության: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Ոչ ճիշտ սննդակարգը հանգեցնում է ճարպակալման, ինչը տղամարդկանց և կանանց մոտ կարող է անպտղության խնդիրներ հարուցել: Ուստի շատ հաճախ բուժումը սկսելուց առաջ մենք նախ առաջարկում ենք նիհարել: Երբեմն նույնիսկ նիհարելուց հետո ինքնաբուժման դեպքեր են գրանցվում, և դեղորայքի կարիք չի լինում: Առաջ կարծում էին, որ ճարպը խնդիրներ չի առաջացնում, բայց հիմա հայտնաբերել են, որ այն հորմոններ է արտադրում, որոնք էլ կարող են խանգարել պտղաբերության պրոցեսին:

– Եթե արգանդափողերը խցանված են կամ վնասված (անպտղության 35%-ը հենց այս պատճառով է առաջանում) դա կարո՞ղ է պայմանավորված լինել նախորդող վիրահատությունով, էնդոմետրիոզով կամ վեներական հիվանդություններով:

– Սա կանացի անպտղության ամենաառաջին պատճառներից մեկն է, և այն առաջանում է հենց վերոնշյալ հիվանդությունների հետևանքով: Արգանդափողերը երբեմն վիրահատական միջամտությամբ կարելի է վերականգնել, երբեմն էլ՝ ոչ: Եթե անհնար է լինում վերականգնել, արդեն օգնության է գալիս արտամարմնային բեղմնավորումը:

– Ընդհանրապես Հայաստանում շա՞տ են վեներական հիվանդություններ ունենալու արդյունքում առաջացած անպտղության դեպքերը, և հատկապես ո՞ր հիվանդություններն են տարածված:

-Չէի ասի, որ առանձնապես շատ են, ստույգ տվյալներ չունենք, սակայն քիչ ենք առնչվում նման դեպքերի հետ:

– Ի վերջո, որո՞նք են անպտղության առավել տարածված և հաճախ բուժելի հիվանդությունները: Հայաստանում առանձնահատկություններ կա՞ն:

-Առավել շատ տարածված է խլամիդիան, որը փակում է փողերը, էնդոմետրիոզը, որը և՛ ձվարանները և՛ փողերը կարող է վնասել, հորմոնալ խանգարումները, մեր ժողովրդի մոտ առավել հաճախ հանդիպող ձվարանների պոլիկիստոզը:

– Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան, որի նախագահն եք Դուք, ինչպիսի՞ միջազգային համանման կազմակերպությունների հետ է համագործակցում:

– Այս տարի մենք վերասկսեցինք աշխատանքները երեք խոշորագույն կառույցների հետ, ինչպես նաև մասնիկն ենք Եվրոպական ասոցիացիայի, համագործակցում ենք Միացիալ Նահանգների ասոցիացիայի հետ և իհարկե երկու տարին մեկ ակտիվ մասնակցում ենք հայ բժիշկների միջազգային կոնգրեսի աշխատանքներին:

– ՀՀ առողջապահության նոր նախարար Արմեն Մուրադյանի գալով ի՞նչ նոր ռազմավարություն փոխվեց, ինչպե՞ս են Ձեր փոխհարաբերությունները:

– Մեր փոխհարաբերությունները շատ լավ են, բայց հարցը դրանում չէ: Կարևորն այն է, որ վերջապես առողջապահության նախարարը բժիշկ է, ունի հարուստ աշխատանքային փորձ: Մեզ՝ վերարտադրողական բժիշկներիս համար, յուրահատկությունն այն է, որ նա ուռոլոգ և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ է, այսինքն՝ շատ ավելի մոտ է կանգնած մեր մասնագիտությանը: Այս տարի ընդունված նոր օրենքները շատ բարենպաստ են բնակչության համար, մեզ համար ևս, որովհետև ընդունվեց վերարտադրողական բժշկության հետ կապված օրենքը, ըստ որի ոչ միայն «Արագիլը» այլ հենց պետությունը ևս պետք է օգնի անապահով խավերին՝ բոլոր նրանց ովքեր ֆինանսական աջակցության կարիք ունեն: Այսինքն՝ կատարվում են այնպիսի ակտիվ քայլեր, որոնց մենք վաղուց էինք սպասում:

Eraz– Պարոն Համբարձումյան, «Երազ» ներկայացումը, որի հեղինակն եք Դուք, ինչպիսի՞ արձագանք գտավ, այն որքան գիտենք ընդգրկվել է Օպերային թատրոնի մշտական խաղացանկում: Ի՞նչ նոր նախաձեռնություն ունեք:

-Ամենակարևոր նախաձեռնությունը, որ «Երազը» մնա ցանկում և գտնի իր կայուն տեղը, որովհետև սա միայն սկիզբն է և մեծագույն հաջողություն է մեր ողջ կոլեկտիվի համար, որոնց հետ շուրջ երկու տարի է անընդմեջ աշխատում ենք: Ուրախալի է, որ ներկայացումը ընդգրկվել է Օպերայի և բալետի թատրոնի մշտական խաղացանկում, քանի որ այս պարագայում ներկայացումը շատ ավելի մատչելի և հասանելի է ժողովրդին, այն պարզ պատճառով, որ պետական աջակցություն կա: «Երազը» շարունակաբար ցուցադրվելու է, և հասարակության լայն մասաներ կարող են ծանոթանալ ստեղծագործությանը:

Զրուցեց` Նառա Զաքարյանը

Հ.Գ. «Երազ» ներկայացման պրեմիերան հոկտեմբերի 24-ին է, ժամը 19:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պրոֆեսոր Համբարձումյանի հետ ունեցած հաճելի զրույցից հետո, ես մեծ հետաքրքրությամբ սպասում եմ ներկայացման պրեմիերային: Դուք ևս ունեք այդ հնարավորությունը՝ դառնալ այս հետաքրքիր ներկայացման հանդիսատեսը:

Spread the love