Թուրքիայի ռազմական միջամտության հնարավորությունը Հայաստանում

- in Հրապարակ
Hayastan - Turkia

Բրիտանական հայացք ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին.

Թուրքիայի թեման բավարար մշակված է բրիտանական քաղաքական վերլուծաբանության մեջ: Մեծ Բրիտանիայում ձեւավորվել է Թուրքիայի գծով մասնագետների միջազգայնորեն ճանաչված խումբ: Մեծ Բրիտանիան միշտ համարել է, որ Թուրքիան տնտեսության եւ ուժեղ պետության զարգացման հարցերում հասել է մեծ հաջողությունների եւ միջազգային ասպարեզում ունի նոր, ավելի նշանակալի դերի իրավունք:

Ներկայում Թուրքիան անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին ու Արեւմուտքին, քանի որ նոր մարտահրավերներ են առաջացել Մերձավոր Արեւելքում ու Ասիայում, եւ առանց Թուրքիայի դժվար կլինի լուծել այդ խնդիրները:

Թուրքիան ձգտում էր տարածաշրջաններում ձեռք բերել նոր դիրքեր, այդպիսով աաջացնելով այդ տարածաշրջանների երկրների մտահգությունը: Ներկայում համարվում է, որ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը տապալվել է, կամ էլ համենայնդեպս հաջողության չի հասել: Սակայն այդ քաղաքականությունն ավարտված չէ, այլ միայն ավարտվել է դրա առաջին փուլը:

Անկասկած, Թուրքիան նոր մոտեցումներ է ձեռնարկում այդ քաղաքականության իրականացման հարցում, թեեւ շատ բան է հասկացել ու եզրահանգել իր արտաքին քաղաքականության թույլ եւ ուժեղ կողմերի վերաբերյալ: Արեւմուտքն այնքան էլ ճիշտ չի վարվել, երբ այդքան էլ չի նպաստել Թուրքիայի այդ քաղաքականությանը: Արդյունքում Մերձավոր Արեւելքի խնդիրները բարդացել են, եւ եկել է ջանքերը համադրելու ժամանակը:

Բրիտանացի փորձագետները դժվար են պատկերացնում Հարավային Կովկասի իրադարձություններին Թուրքիայի ռազմական միջամտությունը, նույնիսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման դեպքում: Թուրքիայում ուշադիր հետեւում են Հարավային Կովկասի ու Սեւ ծովի շրջանի իրադարձություններին, ՆԱՏՕ-ում հարցեր բարձրացնելով եւ տրամադրելով արժեքավոր տեղեկատվություն: ՆԱՏՕ-ում սովորել են իրադարձությունները դիտարկել Թուրքիայի նախաձեռնությամբ, օգտագործելով նրա տեղեկատվությունը:

Փորձագետներն այն կարծիքին են, որ Թուրքիան այնքան սերտ է կապված ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի առանձին պետությունների հետ, ինչպես նաեւ զգուշանում է Հարավային Կովկասի ռազմական հակամարտությունից, որ շահագրգռված չէ ռազմական գործողություններով:

Փորձագետները նշում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունը Մերձավոր Արեւելքն է, եւ միայն այդ ուղղությունը խլում է երկրի ողջ քաղաքական ռեսուրսը: Եվ մինչ Թուրքիան զբաղված է Մերձավոր Արեւելքի խնդիրներով, ի վիճակի չէ քաղաքական ակտիվություն ծավալել Հարավային Կովկասում եւ առավել եւս Կենտրոնական Ասիայում:

Սակայն սա բրիտանացի փորձագետների գնահատականի միայն առաջին կունտուրն է: Բրիտանացի այլ փորձագետներ, ովքեր աշխատում են այլ ուղղություններով, գտնում են, որ Թուրքիան դառնում է առավել անկանխատեսելի, եւ գլխավոր սպառնալիքը ոչ թե տարածաշրջանի երկրների, այլ Եվրատլանտյան հանրության դեմ է:

Մեր հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Մերձավոր Արեւելքում Թուրքիայի քաղաքականությունն այս կամ այն կերպ սպառվի, փորձագետներն ասել են, որ խնդիրն ըստ էության Մերձավոր Արեւելքը չէ, Թուրքիան իր արտաքին քաղաքական գործողություններում սահմանափակված է ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորություններով: Թուրքիան դողում է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների հետ իր հարաբերությունների վրա, քանի որ դրանից է կախված նրա քաղաքական ու տնտեսական բարեկեցությունը, ինչպես նաեւ անվտանգությունը:

ՆԱՏՕ-ն մշակում է նոր մոտեցումներ Դաշինքի ոչ անդամ երկրների հետ գործընկերությունը զարգացնելու համար: Փորձագետները նշել են, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ պետություններ բավական շահագրգիռ են Հայաստանի հարցում եւ պատրաստ են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացներում լոբբինգ անել Հայաստանի համար: Որպես այդպիսի երկրներ նշվում են Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, հնարավոր է Բուլղարիան:

Ինչ վերաբերվում է Մեծ Բրիտանիային, նա գերադասում է ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը դիտարկել հակամարտությունների կարգավորման առաջընթացի պայմանով:

Ներկայում, երբ տապալվել է Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունը, եւ Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ ու ներքաշվել Ռուսաստանի քաղաքականության առաջացրած աղետալի գործընթացներին, Եվրոպայում թերեւս միայն Մեծ Բրիտանիան է շահագրգիռ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը Հայաստանի ներգրավմանը:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիան, առավել քան Ֆրանսիան կամ Գերմանիան, տեղյակ է Թուրիայի մտադրություններին: Լոնդոնը մեծ սպառնալիք է համարում Թուրքիայի ու Ռուսաստանի դաշինքը, նկատի առնելով, որ թեեւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Թուրքիային զսպող կարեւոր գործոն, սակայն արտաքին քաղաքական այլ ուղղություններում դա մեծ նշանակություն չունի:

Լոնդոնում գտնում են, որ վաղուց Թուրքիային զսպող նոր տարածաշրջանային հանգույցների ձեւավորման ժամանակն է: Այս գլոբալ խնդրում բացառիկ դեր պետք է խաղա Իրանը: Բրիտանացիների այս գաղափարը լիովին համընկնում է ԱՄՆ-ի շահերին ու ակտուալ քաղաքականությանը:

Հարց է առաջանում՝ արդյոք «ռուսական վեկտորը» միակ տրամաբանական գործոնն է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Հայաստանին անվտանգության ու պաշտպանության հարցում, ՆԱՏՕ-ի ասպարեզում:

Ներկայիս իրողություններում հայկական բանակը, որը նշանակալի դիրքեր է կորցրել Ադրբեջանին Ռուսաստանի սպառազինության մասշտաբային մատակարարումների արդյունքում, շարունակում է կարեւոր գործոն մնալ տարածաշրջանում, ի տարբերություն հայկական քաղաքական իշխանության:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20