Իվանիշվիլիի հանկարծակի հայտնությունը Հայաստանում

- in Կեղտոտ լվացք

Թբիլիսիում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողությունը: Հյուրերի թվում է եղել նաեւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ում կուսակցությունը Վրաստանում ներկայում իշխող է: Իվանիշվիլին Սուրբ Գեւորգ եկեղեցու բարերարներից մեկն է:

Իվանիշվիլիի վիճակը ներկայում բարդ է: Նա Վրաստան է «գործուղվել» Ռուսաստանից՝ երկրի արտաքին քաղաքական կուրսը եթե ոչ շրջելու, ապա գոնե «կանգնեցնելու» նպատակով: Սակայն հենց Իվանիշվիլիի օրոք կնքվեց Եվրոպական միության հետ ասոցիացիայի համաձայնագիրը, իսկ վերջերս էլ բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը:

Իվանիշվիլիին առայժմ չի հաջողվում իրականացնել իր առաքելությունը, քանի որ վրաց հասարակությունն ու քաղաքական էլիտան, այդ թվում իր կուսակցության շարքերում, բավական հստակ քաղաքական դիրքորոշում ունեն Արեւմուտքի հետ ինտեգրման հարցում:

Իվանիշվիլիի «ռուսական» բոլոր քայլերը բուռն հակազդեցություն են ունենում, նրա մեծամասնությունը խորհրդարանում աստիճանաբար փոքրացել է եւ ներկայում գտնվում է սահմանագծին:

Փոխարենը, Հայաստանում «Իվանիշվիլիների» պակաս չկա, եւ այդ ֆոնին Հայաստանում մի քանի ամիս առաջ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նրա հետ համեմատելը բավական զավեշտալի երանգներ էր ստանում: Նրան ի վերջո հեռացրին քաղաքականությունից, քանի որ Հայաստանում «Իվանիշվիլիի» պահանջարկ որպես այդպիսին չկար, ավելին, կար այնքան ավելցուկ, որ նույնիսկ ռուսները նյարդայնանում էին դրանից:

Վերջին շրջանում Ռուսաստանը սկսել է նոր քաղաքականություն՝ ռուսահայ խոշոր գործարարներին «գործուղելով» Հայաստան, որտեղ նրանք խոշոր տնտեսական ու հումանիտար ծրագրեր են իրագործում: Նրանց նույնպես դժվար է անվանել «Իվանիշվիլիներ», քանի որ նրանք եկել են ոչ թե «թշնամական», այլ «յուրային» միջավայր, որտեղ պետք է փորձեն բարելավել ռուսական քաղաքականության ու բիզնեսի իմիջը Հայաստանում:

Այս առումով, Հայաստանում ու Վրաստանում ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ: Վրաստանը որոշ առումով Ռուսաստանի «բնական դաշնակիցն» է՝ նկատի առնելով ցարական եւ խորհրդային ժամանակաշրջաններում Վրաստանի արտոնյալ դիրքերը, որից զրկվելը վրացիների համար եղել է վիրավորանքի պես մի բան: Սակայն հանգամանքների բերումով նրանք ներկայում գտնվում են դիմակայության մեջ: Հայաստանի պարագայում հակառակն է՝ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում, ավելին՝ դրանք հակասում են իրար, բայց Հայաստանն ու Ռուսաստանը համարվում են դաշնակիցներ:

Վրաստանում «Իվանիշվիլին» այս տեսակետից բնական պահանջ է, Հայաստանում՝ ոչ: Այդ պատճառով Հայաստանում «Իվանիշվիլի» դառնալու փորձերը ռուսները որակեցին «կլոունադա»՝ շատ չխորանալով դրա նրբությունների մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20