Կճոյանը գողացե՞լ է նախկին վարչապետի անձնագիրը

- in Ով ով է ...
Hogevorakan Terter

Հայաստանում մեկնարկած հայտնի «օֆշորի գործով» դատավարությանը ուշագրավ մանրամասն է բացահայտվել: Դատարանում ցուցմունք է տվել մեղադրվող Աշոտ Սուքիասյանի գործընկեր Արփի Բալյանը, որը ԱՄՆ քաղաքացի է, բնակվում է Հայաստանում, Ամերիկյան համալսարանի դասախոս է եւ օգնել է Աշոտ Սուքիասյանին Կիպրոսում ընկերությունը գրանցելիս՝ թարգմանական օգնություն է տրամադրել:

Բալյանն ասել է, որ օգնել է անշահախնդիր, առանց վճարի, առաջնորդվելով տնտեսության համար նպաստավոր գործին օժանդակելու մտայնությամբ:

Ինչպես հայտնում է aravot.am-ը, Բալյանն ասել է, որ երբ զգացել է ինչ որ բան այնպես չէ, երբ տեսել է, որ բացվում է ոչ թե 1, այլ մի քանի ընկերություն, եւ դրանց հիմնադիրների մեջ է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, հարցրել է Սուքիասյանին, թե Սարգսյանը տեղյա՞կ է: Նա էլ պատասխանել է, թե Սարգսյանը տեղյակ չէ: Արփի Բալյանն ասել է, որ այդ ամենից հետո հիասթափվել է Սուքիասյանից եւ գժտվել նրա հետ:

Ամենաուշագրավն այն է, որ Արփի Բալյանի խոսքով, Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը Աշոտ Սուքիասյանին տվել է Նավասարդ Կճոյանը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը: Արփի Բալյանի խոսքով, Կճոյանն անընդհատ Սուքիասյանի հետ էր:

Փաստորեն, եթե Տիգրան Սարգսյանը տեղյակ չի եղել, որ իր անունով օֆշորում բացվում է ընկերություն, բայց նրա անձնագրի պատճենը եղել է Սուքիասյանի ձեռքին եւ այն տվել է Կճոյանը, նշանակում է, որ Նավասարդ Կճոյանը խաբել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսինքն, նա կամ գողացել է Սարգսյանի անձնագիրն ու պատճենահանել, կամ անձնագրի պատճեն է գողացել, կամ էլ խաբել եւ այլ նպատակի համար է վերցրել անձնագիրը, բայց օգտագործել օֆշորում:

Հետաքրքիր է, ինչ հարաբերության մեջ են այժմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը, ովքեր բավական մտերիմ էին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20