Հայաստանում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին

Canotutyun

Հայաստանում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Երկրի մշտական բնակչության թվում 2014 թվականին արական սեռի ներկայացուցիչների թիվը կազմել է 1 մլն 439 հազար 148, իսկ իգականը՝ 1 մլն 571 հազար 450:

«Հայաստանի կանայք և տղամարդիկ» խորագրով զեկույցում Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է, թե տարիների ընթացում ինչ փոփոխության է ենթարկվել Հայաստանի բնակչության թիվը:

Եթե 1991 թվականին Հայաստանում մշտական բնակություն ունեցող կանանց թիվը կազմել է 1 մլն 841 հազար, ապա սկսած 2001 թվականից այդ թիվը սկսել է նվազել: Այսպես, 2001 թվականին արդեն Հայաստանում մշտական բնակություն ունեցող կանանց թիվը կազմել է 1 մլն 671 հազար, իսկ 2014-ին՝ 1 մլն 571 հազար:

Երկրում մշատական բնակություն ունեցող տղամարդկանց թիվը 1991 թվականին կազմել է 1 մլն 734 հազար, իսկ 2001 թվականին արդեն նվազել է՝ կազմելով 1 մլն 542 հազար, իսկ 2014-ին՝ 1 մլն 439 հազար:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի կանանց ու տղամարդկանց մեծ մասը ապրում են քաղաքային բնակավայրերում: Հատկանշական է, որ և կանանց, և տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 1990 թվականից սկսած ավելացել է: Հայաստանում կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ: Եթե 1990 թվականին կանանց կյանքի միջին տևողությունը 73 տարեկան էր, իսկ տղամարդկանցը՝ 63, ապա 2014 թվականին կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 78, տղամարդկանցը՝ 72 տարեկան:

Ըստ զեկույցի՝ պտղաբերության գործակիցը 1990 թվականի համեմատ նվազել է, իսկ 2000 թվականի համեմատ աճել: Եթե 1990 թվականին Հայաստանում պտղաբերության գործակիցը կազմել էր 2.6, ապա 2000 թվականին այդ ցուցանիշը 1.3 էր, իսկ արդեն 2014 թվականին կազել է 1.7:

Ամուսնության տարիքը Հայաստանում գնալով բարձրացել է: Եթե Հայաստանի քաղաքներում 1990 թվականին կանանց ամուսնության միջին տարիքը կազմում էր 22.8, ապա 2014 թվականին կազմել է 26.8: Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 25.8-ից 2014 թվականին հասել է 29.7-ի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20