Հայ եվրասիուհիները և քաղաքակրթական ընտրությունը

Apaga axjik

Այս շաբաթ էլեկտրոնային լրատվամիջոցներում հանդիպեցի երկու հետաքրքիր տեղեկատվության, որոնցից առաջինը վերաբերում էր սեպտեմբերի 24-25-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված Կանանց առաջին եվրասիական համաժողովին, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ երկրորդը` ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տարածած հաղորդագրությունն էր, համաձայն որի` պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Առաջնորդ կանանց համաշխարհային խորհրդի ղեկավար և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով Նյու Յորքում մասնակցել է բավական ներկայացուցչական քննարկման` «Արևելյան Եվրոպայի ապագան. Կանանց կարգավիճակի բարելավում» թեմայով:

Այս երկու տեղեկատվությունը ուշագրավ էին նրանով, որ աչքի էր զարնում այդ քննարկումների քաղաքակրթական հստակ տարբերությունը` մեկը վերաբերում է եվրասիական բռնապետական և հետամնաց համակարգին, մյուսը` քաղաքակիրթ և զարգացած կացութաձևին: Մեկում ակնհայտ է ձգտումը` եվրասիական տարածքի կանանց միջոցով ստեղծել կառույցի գործելու պատրանք, և բնական է, որ հրավիրվել էին ռուսական գազից կախվելուն և եվրասիական սովետալիգային կցվելուն կողմ քվեարկած «հեզաճկունները»: Մյուսում առկա է կանանց խնդիրների բարձրաձայնման միտումը` ազատ տարածության, ժողովրդավարության և իրավունքների հարգման հաղթատիրույթում, և բնական է, որ հրավիրվել էր մեր երկրում մարդու իրավունքների և ազատությունների պահպանման իր նկարագրով, սկզբունքայնությամբ և խիզախությամբ հայտնի Զարուհի Փոստանջյանը:

Մեկում հանվում են հայ և ազերի պատվիրակների բոլոր ելույթները` այդ կերպ հավասարեցնելով ԵՏՄ անդամ Հայաստանին և ոչ անդամ Ադրբեջանին, ինչպես նաև` մեր պատվիրակները, տեսնելով նախագահությունում ապօրինաբար տեղ զբաղեցրած ադրբեջանուհուն (այնինչ այդտեղ պետք է նստեր հայոց բիզնես-լեդին), որպես թե բողոքի նշան, ընդամենը… դուրս են գալիս դահլիճից: Իսկ մյուսում Զարուհին ազատորեն ելույթ է ունենում, անշուշտ` դատապարտելով նաև Ադրբեջանի կողմից հրետակոծությունները, նշելով երեք հայ կանանց ու չորս զինծառայողի զոհվելու փաստը, և ներկաներից որևէ մեկը, բնականաբար, չի ընդհատում ելույթը:

Աներկբա է, որ խնդիրն ուղղակի առնչվում է քաղաքակրթական ընտրությանը, քաղաքակրթություն կրողին: Այստեղ անպայման ուզում եմ հիշատակել այն տարիները, երբ Զարուհին, լինելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, բազմիցս կարողացել է հեղինակել և Վեհաժողովում որպես պաշտոնական փաստաթղթեր անցկացնել գրավոր հռչակագրեր, մեծ մասամբ, իհարկե, Լեռնային Արցախի Հանրապետության անկախության փաստմանը և միջազգային ճանաչմանը վերաբերող: Այդ հռչակագրերը կյանքի կոչելու համար նա կարողացել է այլ երկրների պատվիրակներից հավաքել բավարար և նույնիսկ ավելի թվով ստորագրություններ: Իսկ Զարուհուն պատվիրակության կազմից հանելուց հետո և մինչ օրս` ոչ մի կերպ չեմ մտաբերում գեթ մեկ հատ այդպիսի գրավոր հայտարարություն, որը հայկական կողմը գրանցած լինի այդ բարձր հարթակում:

Ենթադրելի է, որ Եվրասիական կանանց համաժողովի կազմակերպչները, չբավարարվելով եվրասիուհիների հավաքույթով, կնախաձեռնեն նաև կառույցի անդամ երկրների օկրուգ-մարզերի ղեկավարների և երիտասարդ ԵՏՄ-ականների ժողովներ: Այստեղ արդեն Հայաստանը, անվիճարկելիորեն, կներկայացնեն այնպիսի մեծ հումանիստներ, ինչպիսիք են պատմափիլիսոփա-քիլլեր Լիսկան, իրավապահ ողջ համակարգի (այդ թվում` Լիսկայի հարազատների հեռախոսային խոսակցությունները 21-րդ դարում տեխնիկական պատճառներով գաղտնալսել չկարողացող ԱԱԾ-ի) պաշտպանյալ և անձամբ գլխավոր դատախազի սիրելի Տիգրան Խաչատրյանը, Վազգեն Սարգսյանի անվան շքանշանակիր Սաքուլիկը, Ձերժինսկու վկա Վահան Բաբայանը և Կարեն Ավագյանը (առանց մեկնաբանության):

Թեյախմության, օղեկոնծության և առաջադիմության քարկոծման «մշակույթը» որպես քաղաքակրթական ընտրություն կատարած Հայաստանի քաղաքական կուսակցությունների շեֆերը (իրենց եվրասիուհիների աջակցությամբ) անմնացորդ գտնվում են Նազարբաևի, Լուկաշենկոյի և Վլադիմիրի սապոգի ազդեցության տակ: Առավել զարհուրելին այն իրողությունն է, որ ոչ միայն չեն փորձում ազատվել կամ նույնիսկ դիմադրել, դեռ մի բան էլ` շարունակում են ստրկական հաճկատարությամբ փառաբանել եվրասիական բորոտը: Եվ դա` անգամ հիմա, երբ Ադրբեջանն ամեն օր ռմբակոծում է Հայաստանի և Արցախի տարածքները, երբ եդեմական հռչակված եվրասիական 170 մլն-ոց շուկան հիմնովին քանդում է մեր առանց այն էլ փխրուն տնտեսությունը, իսկ արտաքին պարտքն ու արտագաղթն ավելի վտանգավոր չափերի են հասնում:

Եվրասիուհու խալաթները հաճույքով կրող այդ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը (գումարած այս խորհրդարանում կանացի իմաստությունից զրկված սահմանադրափոխ խմբապետականները), հոգով լինելով եվրասիական ժամկետանց բարքերի կրողները, իրենց հանցագործ քվեարկությամբ հայ ժողովրդին փորձում են ներարկել «քաղաքակրթական» օտար բացիլը:

Հետևաբար` խորհրդարանական հաջորդ ընտրություններում այս կուսակցությունների մեծամասնություն կազմելն ուղիղ իմաստով կնշանակի հայկական մշակութաստեղծ գենի վարակում և Հայաստանի ապահայացում` դրանցից բխող տարածքային և մարդկային մեծաքանակ կորուստներով:

Արամ ԵՆՈՔՅԱՆ; www.lragir.am

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.