Հնարավո՞ր է ՀՀԿ-ն որոշի Ռոբերտ Քոչարյանին էլ բամփել

- in Հրապարակ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր անդրադարձավ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցին:

Գագիկ Ծառույանը շարունակում է չներկայանալ ԱԺ նիստերին: Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ հաշվո՞ւմ է Ծառուկյանի բացակաները: «Դա իմ լիազորությունների շրջանակներում է, իմ որոշելու խնդիրն է, ինչպես որոշում եմ, դա էլ ճիշտ եմ համարում: Գործող Սահմանադրությամբ այդ որոշումն իմն է, ինչպես որոշեմ, այդպես կլինի»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ նոր Սահմանդրությամբ այդ լիազորությունը տրված է ոչ թե ԱԺ նախագահին, այլ հատուկ խորհրդին: Ինչո՞ւ բացակայությունների համար չեն պատժում Ծառուկյանին, նա պատասխանեց. «Խորհրդարանը պատժիչ մեքենա չի կարող լինել: Քաղաքական իրավիճակներում և տրամաբանության մեջ վերլուծականներ կան, որի հետևանքով ես ինքս որոշում եմ, թե ինչպես վարվեմ: Մի կողմին դուր կգա, մյուս կողմին դուր չի գա»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ քննադատության էր ենթարկվել նոր Սահմանադրությունը: Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն ավելի բարձր տրամաբանություն էր սպասում Քոչարյանից: Նա նշեց, որ չի կարծում, թե դա հարված է, այն ծիրն է, որն ավելին է, քան «ոչ»-ն է:

«Քոչարյանը երկրորդ նախագահն է, պիտի իր տեսակետն ասեր, ասել է: Հիմա դա քննարկելի չէ, որովհետև մինչև դա ընդդիմադիրները, ոչ-երը խնդրին անդրադարձել են: ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ է եղել, և ինքը կցանկանար, որ Քոչարյանը գնար ավելի բարձր արժեք ունեցող քաղաքական գնահատականների ճանապարհով»:

Գալուստ Սահակյանը տպավորություն չունի՞, որ Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիր, ԱԺ նախագահը պատասխանեց, որ չունի այդ տպավորությունը, որովհետև ընդդիամդիր դառնալու համար նախ և առաջ պետք է հայտարարել:

Ինքը` Գալուստ Սահակյանը, կիսո՞ւմ է այն գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանը արատավոր համակարգի հիմնադիրներից է, ինչպես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էր ասել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ եթե համակարգն արատավոր է, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք: «Բայց ես չեմ կարծում, որ համակարգն այնքան լարված է, որ կարելի է նման գնահատականներ տալ: Բոլորը միմյանց արժանի են»:

Հնարավո՞ր է հաջորդ ընտրություններով Ռոբերտ Քոչարյանը դառնա ՀՀԿ թեկնածուն, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նման քննարկում չկա, քաղաքականությունն իր տարբերակներն ունի, բայց Հանրապետականն արդեն իր քայլերով կանխորոշել է, որ առաջիկա մրցակցությունում կարող է դերակատար չլինել, բայց ընտություններին անպայման պետք է մասնակցի. «Քոչարյանը մեր կուսակցության անդամը չէ, և պատշաճ չէ, դեռևս ընտրությունները բավական հեռու են, ինքը՝ քաղաքականությունն իր պայմաններն է առաջարկում: Բայց այս պահին ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն գնում է մի ուղղությամբ, որ թեկնածուների որոնման մեջ է, ՀՀԿ-ն ունի շատ թեկնածուներ»:

Ո՞վ է ՀՀԿ թեկնածուն, Սերժ Սարգսյանն ասել էր, որ իր մտքում է թեկնածուն. «Ես էլ կարող եմ ասել՝ իմ մտքում էլ կա: Եթե իմ մտքում է, դա իմ սեփականությունն է առայժմ»:

Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխություններով ՀՀԿ-ն քաղաքական մենաշնորհ է ուզում ձևավորել, ԱԺ նախագահն այսպես մեկնաբանեց. «Ո՞նց պիտի էլ հաստատենք, ամբողջ Սահմանադրությունն այնպիսին է, որ երբեմն-երբեմն մտածում ես, որ ընդդիմադիր դերակատարների առավելությունն ինչ-որ դեպքում առավել է լինում, քան քաղաքական իշխանությանը»:

ՀՀԿ-ն սպասո՞ւմ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականություն կմտներ, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի չսպասեինք: Ինչո՞ւ պիտի սպասեինք ինչ-որ ոչ-երի ու անանուն մարդկանց հայտարարություններին, իսկ երկորրդ կամ առաջին նախագահների հայտարարություններին պիտի չսպասեի՞նք»:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունում ինքը չի տեսել, թե նա պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքականություն կամ հաջորդ ընտրություններում կառաջադրվի: «Երևի թե շատ շտապողական տեքստ էր, որն իր խորքերով լիարժեք քաղաքական կողմնորոշումների դրվագներ չունի: ՀՀԿ-ի համար ցանկացած քննադատատություն ընդունելի է, ինչքան շատ քննադատություն լինի, այնքան կուժեղանան քաղաքական ուժի դիրքերը, որը մեծամասնություն է կազմում»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանից վտանգ չեն տեսնում՝ հայը հայից վտանգ չպետք է տեսնի: Նա նշեց, որ կարծում է՝ Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է, բայց այս պահին թիմ չունի: Նա միաժամանակ հարցադրում արեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ուզեց վերադառնալ, ինչո՞ւ Քոչարյանը չպետք է ուզի վերադառնալ:

Հնարավո՞ր է ՀՀԿ-ն որոշի Ռոբերտ Քոչարյանին էլ բամփել, ինչպես Գագիկ Ծառուկյանի դեպքում հայտարարվեց: «Մենք երբևիցե չենք որոշում, իսկ բամփվում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն»:

Spread the love