Նորայր Գրիգորյան. Բանաստեղծություններ

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ. /Ժամանակակից պոեզիա/:

***

– Ի՞նչ կա ծաղկափոշու մեջ,-
հարցրի մեղվին:
Ասաց՝իմ դառը անցյալը
ու այն ինչքանփորփրում եմ,
այնքան հեռանում է,
ինչքան հեռանում,
այնքան քաղցրանում է,
ինչպես քո հայրենիքը:

 

Մի պուտ աշուն

Ես մի պուտ աշուն հանեցի
Աչքերիս միջից, և տարին ծերացավ:
Ես փողոցները մաքրեցի ձյունից,
Եվ աշունը դեղին անեծք թափեց
Մազերիս վրա:

Ես փորձեցի մոտենալ գարնանը,
Բայց ձնծաղկի բույրն ինձ շպրտեց
Մի տարածություն, ուր ավազների մեջ
Փշեր ու փշերի մեջ
Ավազներ էին աճում:

Ես փորձեցի իմ գլխավերևում
Երկինք գտնել,
Սակայն հրեշտակը մի բուռ արև
Շաղ տվեց աչքերիս մեջ:

Ես կուրացած աչքերով
Սկսեցի գունավոր երազներ տեսնել,
Որոնք հորինել էր մի աղջիկ
Այն ժամանակ,
Երբ ես դեռ աչքեր ունեի:

Հայրենիք

Տարածության և ժամանակի վրա

Կախվել է ագռավի կտուցով

Եվ աղավնու աչքերով թռչունը:

Կտուցն անսպառ կտցահարում է

Տարածության սիրտը,

Աչքն անսպառ արտասվում է,

Որովհետև ժամանակն

Այլևս ապառնի չունի:
Դիմացի սարից

Նոյն ինքնակամ գահավիժել է

Ու անհիշելի ժամանակներից

Չի հասնում հատակն անդունդների:

Մինչդեռ կտուցը խելահեղ կտցահարում,

Ու աչքն անսպառ արտասվում է

Անդունդների խորքում մոլորված

Ապառնի ժամանակի համար:

Հենց այնպես

Ահա ես այսպես,

Ահա հենց այնպես

Քայլում եմ կարծես,

Չեմ քայլում կարծես:
Հեռացող ձայնը

Լսվում է կարծես,

Ձայնը հենց այնպես

Չի լսվում կարծես:
Չի շարունակվում

Օրը հենց այնպես,

Բայց ձայնը կարծես

Օր է հենց այնպես:
Մեռնում է կարծես՝

Մտաբերելով քայլերը անտես՝

Իր միջով անցած

Կարծես հենց այնպես:

 

Անձրևոտ օր

Մի անձրևոտ առավոտ
գնացի թախիծ որոնելու:
Ծառերն ու կտուրները,
թռչուններն ու կտուրներին
կծկված կատունրը
ծիծաղեցին ինձ տեսնելուց.
– Ու՞ր, անխելք մարդ,
այսքան թախծոտ առավոտ
էլ որտե՞ղ կգտնես,-
ասաց կրպակի մոտ անձրևից
պատսպարված մուրացիկը,
որի բաժին աղբամանը
համառորեն թրջվում էր
առավոտվա մեջ:
– Տուր ինձ ձեռքդ,- ասաց մուրացիկը:
Ես պարում էի նրա հետ
աղբամնի շուրջ,
քծնում աղբամանին
իմ իմացած բոլոր բառերով,
շողոքորթում, անգամ աղոթում
ու խաչակնքում:
Եվ դա բոլորովին
երազում չէր, այլ մի առավոտ,
երբ գնացել էի թախիծ որոնելու,
երբ կտուրներին կծկված
կատուները,ծառերն ու
թռչունները արտասվեցին
ինձ տեսնելուց:

 

ԲԱՑ ԴՈՒՌԴ

Քո վերադարձն արթնացրեց
լքված փողոցների հիշողությունը
տարվա եղանակների մասին:
Հիմա աշուն է, և բոլոր հրաժեշտները
թռչունների տեսքով հավաքվել են ծառերին:
– Բաց դուռդ,Երկնավոր,
քո բաժին հրաժեշտն ամենացավոտն է:
Քո բաց դռնով մի օր անձրևները ձյուն,
ձյուները սառնամանիք կդառնան,
մինչև արեգակի կանաչ արցունքները
կջերմացնեն երկիրը:
Թաքուն լսեցի,որ դու էլ
ջերմության կարիք ունես,Տեր:
Բաց դուռդ, և դեղին, ոսկեդեղին
անցյալը կծվարի շեմիդ:
Այնտեղ ոտնաձայներ կան,
որոնցից դեղինն ու ոսկեդեղինը
ջերմացել են և ահա,քո շեմին
նրաց վերադարձը գուցե արթնացնի
ծերացող երկնքի հիշողությունը.
չէ՞որ ամեն ինչ այստեղից է իջել ներքև,
ու Դու վերևում մնացել ես մենակ:
Բաց դուռդ,Երկնավոր,
քո բաժին հրաժեշտն ամենացավոտն է,
չէ՞որ հիմա աշուն է ու բոլոր հրաժեշտները
թռչունների տեսքով հավաքվել են քո շեմին:

 

ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ

Որքան դատարկ է քաղաքը,
այնքան լիքն են օդանավերը,գնացքները,
երկինքը:
– Բարի լույս,դատարկություն,-
մի անգամ ասաց առավոտվա քամին,
և երկնքից անձրևի հետ
աչքեր տեղացին:
– Սրանք քո աչքերն են,-ասաց
քամին ու ես
այդ ժամ տեսա,
որ աչքերիս գույնը կանաչ է:
– Ո՞ւր,- հարցրեց իմ ծառ երկվորյակը,
– Քո կանաչ աչքերի ետևից,-ասացի:
– Երկինք չգնաս,
այնտեղից վերադարձ չկա,- ասաց ծառը:
Բայց ո՞վ էր լսողը,
ծառի կանաչ աչքերը
ինձ երկինք էին տանում,
առանց օդանավի,
անձրևի միջով,
այն անձրևի,
որը ծառի աչքերը
մոռացել էր երկնքում:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

Տասը միլիոն
ծաղիկ է աճում այստեղ,
որոնցից փախչում են
աշխարհի բոլոր
մեղուները:

 

ՀՐԱԺԵՇՏ

Փաթաթիր աշունը թղթի մեջ.
ես հեռանում եմ:
Շարիր գույները կողք-կողքի՝
կարմիր, կապույտ,ծիրանագույն:
Սեր իմ, քաղաք իմ,
կույս ու լլկված.
ես կհավաքեմ վերջին արցունքներդ՝
որպես անմահական ջուր
ճանապարհի,
ու աշունը՝թղթի մեջ փաթաթած՝
որպես հաց հանապազօրյա
ճանապարհի:
Սեր իմ, քաղաք իմ
լքված, ինչպես ես,
մերժված, ինչպես դու՝
առանց աշնան,
առանց վերջին արցունքի:

 

ԱՂԵՐՍ ԱՆԾԱՆՈԹԻՆ

Մի հանիր ոտնամաններս
դատարկ փողոցում անծանոթ քաղաքի:
Ես լեռ էի բարձրանում ոտաբոբիկ,
և աչքերով շոյում քո պատկերը հավերժական:
Մի կապիր ձեռքս մետաղյա ծանր աղբամանին,
ես այդ ձեռքով ներբողներ էի ձոնում քեզ,
և հիմա դասալիքի նման, օտար հացի համից
մոռանում եմ աչքս շոյող պատկերները հավերժական:
Ես խոտ եմ, ծաղիկ եմ, թռչուն եմ,
որ կորցրել է երկնքի և հողի գույները:
Ինձ աճելու, ծաղկելու, թռչելու բերկրանք տուր,
վերադարձրու ոտնամաններս,
աջս ազատիր աղբամանի ծանր շղթայից
և ես ոտաբոբիկ կբարձրանամ լեռը,
ներբողներ կձոնեմ քո հավերժական պատկերին,
հիմա և միշտ:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ

91-ին Անկախությունը մտավ
Բաղրամյան փողոցի ամենաշքեղ շենքը:
Ճանճասպանով,սրբիչով,ավելով
Նրան դուրս շպրտեցին
Պատուհանի օդանցքից:
Ընկնելով ավտոմեքենաների
Անիվների տակ,
Ու բարձրանալով կտուրներին՝
Անկախությունն իրեն գցեց
Վերևի ոչ պակաս
Շքեղ շենքը:
Այնտեղից նույն գործիքներով
Նրան դուրս շպրտեցին
Պատուհանի օդանցքից:
Դարձյալ ընկնելով
Անիվների տակ
Ու բարձրանալով կտուրներին՝
Անկախությունը ճանապարհ էր որոնում
Դեպի ամենամոտ
Սահմանամերձ բնակավայրը՝
Քաղաքական ապաստան խնդրելու
Հարևան ցանկացած երկրում…

 

ՎԵՐՋԱԿԵՏԻՑ ՀԵՏՈ

Ես ներս մտա,
երբ պետք է դուրս գայի:
Ես դուրս եկա,
երբ պետք է ներս մտնեի:
Ե՞ս եմ մոլորվել,
թե՞ ժամանակը:
Իհարկե ժամանակը,
որ հավերժ մոլորյալ է
երկրի և երկնքի միջև:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20