Ո՞ւր է աղքատության պատասխանատուն, որտե՞ղ է արդարության պահանջատերը

Bazkator

Իշխանության օրենսդիր թևը գործադիրի անմիջական վերահսկողության ներքո հրապարակում է օրենքներ, որոնցով իբր կանոնակարգում է նաև հանրային կյանքի կազմակերպման շրջանակները:

Արդյունքում ձևավորվել է սոցիալապես բևեռացված հասարակություն, որի ամեն մի երրորդ քաղաքացին հայտնվել է աղքատության շեմին՝ չկարողանալով օգտվել սպառողական զամբյուղից՝ հույսը դնելով նվազագույն աշխատավարձի վրա, որը հաճախ տրվում է նաև ուշացումներով՝ վկան «Նաիրիտը» և ոչ միայն:

Շուրջ 600 հազար կենսաթոշակառու սպասում է կենսաթոշակի վճարման օրվան, որ ստանան 30.000 դրամ, իսկ որոշ քաղաքացիներ գուցե մի փոքր ավելի:

Արտագաղթողների մասին դժվար է խոսել, քանզի վիճակագրությունը ամբողջական չի ներկայացնում իրական պատկերը, այն պարզապես պետք է տեսնել օդանավակայանում և սահմանային անցակետերում ավտոբուսներով մեկնողներին:

Այս ամենը զգացմունքային խոսք չէ, այլ մեր իշխանությունների պատասխանատվության բացակայության արտահայտումն է իրական կյանքում:

Իսկ ո՞վ է պահանջատերը, որը հարմարվելով լռում է և չի բարձրաձայնում, որ հանրային ներքին կյանքի կազմակերպումը գտնվում է ռիսկի գոտում:

Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար՝ խորհրդային պետությունը, որը արդեն քառորդ դար չկա, անկախացո՞ւմը, որը հասարակությանը բերեց հռչակագրային ազատությունների և «բարեկեցությունների» դաշտ, առաջին նախագա՞հը, որը ռոմանտիկ պատկերացումներով ձևավորեց հավատարմության կադրային բանկը, երկրո՞րդ նախագահը, որը կոշտ ձեռագրով մենաշնորհը դարձրեց կյանքի անբաժան մաս, երրո՞րդ նախագահը, որը կարևորում է, որ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինի, ԱԺ-ն, որը այդպես էլ չդարձավ ժողովրդի ձայնի իրական արտահայտիչը, այլ պարզապես մնաց կոճակ սեղմող և վերջապես գործադիրը, որը օֆշորին կանաչ լույս տվեց…

Այս ամենը իշխանությունների պատասխանատվության բացակայությունն է, որը ժողովրդին բերեց նման աղքատության, գործազրկության և արտագաղթի:

Իսկ որտե՞ղ է պահանջատերը. նույն ժողովուրդը, որը ընտրությունից ընտրություն 5000-անոց դրամի վրա լցնում է մեկ լիտր ձեթ, 1 կգ կաթի փոշի, 3 կգ ալյուր, դնում է գազօջախի վրա ու լավ խառնում 5 տարի կամ 1875-1876 օր շարունակ…

Եվ հետո տեսնում ես, որ իշխանության բոլոր թևերը թևքերը կշտած քեֆ են անում և անտարբեր հայացքով շշնջում. «սրանք ովքե՞ր են և ի՞նչ են ուզում իշխանական աթոռներից»:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.