Ռուսաստանի օդուժը Հալեպի մոտ ոչնչացրել է մահապարտ-ահաբեկիչների արհեստանոցները

- in Միջազգային
Inqnatir

Ռուսական Սու-24М-երը Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում ոչնչացրել են մահապարտ-ահաբեկիչների արհեստանոցները: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հալեպ քաղաքի շրջանում Սու-24М-երի ռմբակոծիչները կետային հարվածներ են հասցրել օբյեկտների ուղղությամբ, որտեղ գրոհայինները պայթուցիկներ են հավաքել և դրանք տեղադրել մահապարտ-ահաբեկիչների ավտոմեքենաների վրա»,- ասել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ ծրագրվել է այդ ավտոմեքենաներն օգտագործել սիրիական քաղաքներում և բնակավայրերում ահաբեկչություններ իրագործելու համար, նաև կառավարական բանակի դիրքերի վրա հարձակումների ընթացքում:

Կոնաշենկովը նշել է, որ ռուսական մարտական ինքնաթիռները մի քանի օրում Սիրիայում գրոհել են ԴԱԻՇ-ի ենթակառուցվածքների 40 օբյեկտ:

«Սու-34, Սու-24М և Սու-25СМ ինքնաթիռների անձնակազմերը Խմեյմիմ ավիաբազայից 41 մարտական թռիչք են իրականացրել ԴԱԻՇ-ի ենթակառուցվածքների 40 օբյեկտների ուղղությամբ Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա և Դեյր-Էլ-Զոր նահանգներում»,- ասել է Կոնաշենկովը:

Բացի արհեստանոցներից՝ կետային հարվածներ են հասցվել ահաբեկիչների կառավարման կետերի, նյութական միջոցների ուղղությամբ:

«Հաջող օդային հարվածների արդյունքում փակվել է ահաբեկիչների ռազմամթերքի մատակարարման ևս մեկ աղբյուր, որը գործում էր Հալեպ նահանգում»,- նշել է Կոնաշենկովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20