Ռուսաստանցի քաղաքագետ. «Սիրիան մեր հողն է»

siria

Ավիահարվածներով հնարավոր չէ բեկել իրադարձությունների ընթացքը Սիրիայում, կարծում է Ռուսաստանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը, ով մեկնաբանել է ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում:

«Ռոսսիյա» հեռուստաընկերությունով հեռարձակվող Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ Բաղդասարովը նշել է, որ 20 ավիահարվածով հնարավոր չէ իրավիճակը բեկել, պետք է հստակ հասկանալ, որ 3-4 ամիս հետո սիրիական բանակի հետ պետք է որոշակի արդյունք ցույց տրվի: Այդ արդյունքը մեկն է՝ գրավել Սիրիայում Իսլամական պետության մայրաքաղաք Ռաքքան:

Բաղդասարովի խոսքով, սակայն, սիրիական բանակի վրա մեծ ազդեցություն ունեն իրանցիները: Սիրիական բանակի գլխավոր շտաբն անցել է իրանական վերահսկողության տակ: Իրանն ու Հիզբալլահը փորձում են վերականգնել շիական եռանկյունին, ինչը Ռուսաստանին պետք չէ: Բաղդասարովը մասամբ իրանական ազդեցությամբ է պայմանավորում սիրիական բանակի մարտունակության անկումը:

Քաղաքագետը կարծում է, որ սիրիական բանակում իրանական ազդեցությունը թուլացնելու համար պետք է կոշտ պայմաններ դնել Բաշար Ասադի առաջ:

Բաղդասարովը համարում է, որ հաջողության հասնելու համար ընդհանուր պայքարում պետք է ներգրավվեն նաև քրդական ուժերը, Իրաքի բանակը, որովհետև Իսլամական պետությունը 900 կմ երկարությամբ սահմանով անընդհատ նոր գրոհայիններ կուղարկի ճակատ, ինչը հնարավոր չի դարձնի հաղթանակը:

Բաղդասարովը նշել է նաև, որ Սիրիան Ռուսաստանի համար սուրբ հող է, հենց Սիրիայից է Ռուսաստան եկել քաղաքակրթությունը: Ըստ նրա, չլիներ Սիրիան, չէր լինի ուղղափառությունը, չէր լինի Ռուսաստանը: «Դա մեր հողն է»,- ասել է նա:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.