Սիմոն Սարգսյան. «Սա ուղղակի իշխանությունների կողմից ճնշում է լրատվամիջոցի հանդեպ»

Arman Sahakyan

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Ժամանակի ՄԻՏՔ» թերթը հրատարակող «Մուրց» ՍՊԸ-ի: Հեղինակ: «Փաստինֆո». Ըստ հայցվորի` թերթը հրատարակող ՍՊԸ-ն Պետական գույքի կառավարման վարչության հետ կնքել է պայմանագիր Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող Մամուլի շենքի  12-րդ հարկում 19 քառ. մետր տարածքով աշխատասենյակը վարձակալելու մասին, և լրատվամիջոցի կողմից  պայմանագրով սահմանված վարձավճարները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նրա պարտքը պետբյուջեի հանդեպ 01. 02. 2014 թ.-ից առ 27. 09. 2014 թ. կազմում է 261965 ՀՀ դրամ, որից պարտքը՝   150100 ՀՀ դրամ, սահմանված ժամկետում վարձավճարը չվճարելու հետևանքով առաջացած տույժը՝  111 865 ՀՀ դրամ:

Հայցվորը  դատարանին խնդրում է հօգուտ պետբյուջեի բռնագանձել 261965 ՀՀ դրամ, որից 150100 ՀՀ դրամը՝ ապառքի գումար, 111 865 ՀՀ դրամը՝ տույժի գումար, ինչպես նաև վարձավճարների կետանցի վրա հաշվարկվող տույժի գումարը՝  սկսած  27. 09. 2014 թ.-ից մինչև ողջ պարտքի փաստացի մարումը:

«Ժամանակի ՄԻՏՔ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, «Մուրց» ՍՊԸ տնօրեն  Սիմոն Սարգսյանը չի ընդունում հայցադիմումը: Ըստ նրա,   Պետգույքի կառավարման վարչության կողմից խախտվել են պայմանագրի մի շարք կետեր, ինչի և ընդհանրապես հայցադիմումի վերաբերյալ ինքը մինչև հաջորդ դատական նիստը՝ նոյեմբերի 13-ը, կներկայացնի իր գրավոր դիրքորոշումը:

Ըստ Սիմոն Սարգսյանի,  2012 թ. հոկտեմբերին` 3 տարի ժամանակով,  «Ժամանակի ՄԻՏՔ» թերթը հրատարակող «Մուրց» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության հետ հիշյալ տարածքը վարձակալելու մասին և մինչև 2013 թ. մարտի 30-ն օգտագործել ու ժամանակին վճարել է վարձակալության գումարները:

2013 թ. ապրիլի 11-ին «Ժամանակի ՄԻՏՔ»-ի   գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանը պետք է մեկներ ԱՄՆ՝  թերթ հիմնադրելու և հրատարակելու նպատակով, այդ մասին հայտնել է Պետական գույքի կառավարման վարչությանը, որ հանձնում է աշխատասենյակը և պայմանավորվածության համաձայն,  մարտի 30-ին սենյակն ազատվել է և աշխատասենյակի բանալիները հանձնվել Մամուլի շենքի պարետին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Սիմոն Սարգսյանը, Պետգույքի կառավարման վարչությունը պատճառաբանում է, որ ինքը դիմում չի ներկայացրել կադաստրին տարածքը հանձնելու մասին, իսկ դիմում գրելու հնարավորություն ինքը չի ունեցել՝ Հայաստանում չգտնվելու պատճառով: Եթե իրենք համարում են, որ ես օրենք եմ խախտել, ինչո՞ւ վճարումներ չկատարելուց  երկու ամիս անց միակողմանի չեն դադարեցրել պայմանագիրը, այլ 23 ամիս անց դիմել են դատարան:

Սիմոն Սարգսյանը նշեց նաև, որ միայն www.datalex.am կայքում փնտրման արդյունքում է իմացել, որ 4 դատական գործեր են հարուցված ընկերության դեմ, երկուսը` Պետգույքի կառավարման վարչության, երկուսն էլ` նրա ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի կողմից, որի արդյունքում երկուսը միասին «Մուրց»  ՍՊԸ-ից պահանջում են 1 մլն 5 հազար դրամ իբրև վարձավճար և յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տույժերի ընդհանուր գումար:

Առաջին երկու հայցադիմումների ուժի մեջ մտած վճիռների համաձայն, արդեն իսկ 313 հազար դրամ ՊԳԿՎ-ի և 148 հազար դրամի չափով կատարողական թերթեր են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայություն և կալանք է դրվել միայն լրատվական գործունեություն իրականացնող «Մուրց»-ի հաշվեհամարի վրա: Վեց ամսից ավելի է, ինչ այդ պատճառով թերթը չի գործում:

«Սա ուղղակի  իշխանությունների կողմից ճնշում է ընդդիմադիր, արևմտամետ լրատվամիջոցի հանդեպ»,- գտնում է Սիմոն Սարգսյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.