Սիրիայում ընթացող երրորդ համաշխարհային պատերազմում դեռ հաղթում են ռուսները

- in Միջազգային
siria

Ուկրաինական պրոցեսով սկսված արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ առաջին հայացքից զարմանալի սցենարով կենտրոնացավ Սիրիայում:

Ներկա պահին Սիրիայում ընթացողը ահռելի մասշտաբի պրոցես է, որի հանգուցալուծումը համարժեք է լինելու մի նոր աշխարհամարտի արդյունքների:

Սիրիական պատերազմը հասկանալու համար պետք է հետ նայել վերջին 50 տարիների համաշխարհային պատմությանը՝ սկսած Կարիբյան ճգնաժամից ու աֆղանական պատերազմից:

Երկբևեռ աշխարհի տարիներին, ամերիկյան ռազմականն ու դիվանագիտականը հզոր դինամիզմի մեջ էին՝ աշխարհի տարբեր ծայրերում սովետներին պարտադրելով իրենց կամքը: Ամերիկացիք ձևակերպում էին սովետների շահերին կամ արժանապատվությանը վերաբերող ինտրիգներ, որոնց սովետները արձագանքում էին ուշացած ու նախապես կանխորոշված պարտվողական պայմաններում: Այլոց տարածքներում հրահրված կոնֆլիկտներում ամերիկացիք փորձարկում էին իրենց նորագույն զենքերը, աշխարհով մեկ ծավալում հակակոմունիստական պրոպագանդան, կոնսոլիդացնում իրենց շուրջը շուկայական տնտեսության երկրներին և ստիպում սովետներին ընթանալու իրենց նախանշած կործանարար արահետներով:

Ի վերջո, այս տակտիկան հանգեցրեց սովետների ինքնափլուզմանը, որը ահռելի իմպուլս տվեց արևմուտքին՝ էլ ավելի կոնսոլիդացվելու և տիրապետելու պարտված սոցիալիստական ճամբարի բոլոր ռեսուրսները, ներառյալ նյութականն ու մարդկայինը:

Մեկ տասնամյակ շարունակ, ընդհուպ մինչև հարավսլավական պատերազմները, արևմտյան դիվանագիտականի ու ռազմականի թելադրմամբ լուծվում էին եվրոպական հատվածի խնդիրները: Վերջին ուժեղ անձնավորությունը՝ Միլոշեվիչը, հայտնվեց բանտում և կնքեց իր մահկանացուն:

Դրանից հետո հերթն անցավ արաբական երկրներին ու նրանց լիդերներին: Մեկ տասնամյակ էլ ծախսվեց արաբական աշխարհը ծվատելու և Սադդամին ու Կադաֆիին վերացնելու համար:

Չորս տարի առաջ հերթը հասել էր Ասադին, իսկ Պուտինն ու Ռուսաստանն էլ հաջորդն էին:

Թե ինչ է իրենից ներկայացնում ներկա «հրեշը»՝ ISIS- ISIL-ը, անտեղյակ մարդիկ կարող են միայն գուշակել:

Իրոք, եթե լուրեր են տարածվում, որ դրանք տարի ու կես առաջ «կտրել էին» Մոսուլի բանկը և տարել 429 միլիոն դոլար, ու լուրը ոչ հերքվում ու ոչ էլ հաստատվում է, ապա դա առնվազն զարմանալի է՝ չէ որ աշխարհի ոչ մի ճյուղային, նույնիսկ ամենահեղինակավոր բանկում չկան նման կարգի առձեռն փողեր՝ նույնիսկ դրա քառորդն էլ չկա:

Եթե իսլամիստները որպես զինատեսակ ու «ձի» օգտագործում են բացառապես Տոյոտա մակնիշի հազարավոր բեռնատարներ, ու մինչև հիմա ոչ ոք չգիտի, թե որտեղից են դրանք: Եթե Ավստրալիայում անհետանում են 400 նման բեռնատարներ ու ծայրը չկա: Եթե ողջ ՆԱՏՕ-ով դրանց դեմ պայքարում են արդեն մեկ տարուց ավել, բայց իրենք գնալով հաղթում են ու լցվում Եվրոպա, ապա նորմալ տրամաբանությունը սկսում է տեղը զիջել միստիկային:

Եթե խնդիրը լիներ միայն Ասադին գլխատելը, ապա կարծում եմ դա վաղուց տեղի ունեցած կլիներ: Հետևաբար Ասադը նպատակը չէ, այլ պատրվակն է:

Ավելին, Ասադի հետ կապված Պուտինն էլ, կյանքի երաշխիքներ մուրալով, մտավ ստորացուցիչ խաղի մեջ՝ Ասադին համոզելով ու նրանից առանց մի փամփուշտի քիմիական զենքի ողջ պոտենցիալը վերցնելով ու ամերիկացիներին տրամադրելով:

Փաստացի, ի դեմս ISIS-ի աշխարհն այսօր գործ ունի ֆանտաստիկ ու անհասկանալի մի «կոլոբոկի» հետ, որի ոչ մի պարամետրը հնարավոր չէ հաշվարկել ու հասկանալ:

Իրականում այդ կոլոբոկը ինչ որ տերերի գործիք է՝ քաղաքակիրթ աշխարհն ահաբեկելու, Եվրոպան ավերելու, մարդկանց գաղթական սարքելու, կրոնական գլոբալ պատերազմ հրահրելու դաժան գործիք:

Ու այս պայմաններում, ուկրաինական պրոցեսի ու հետապնդման աքցանի մեջ հայտնված ու ստորացված Պուտինը կատարում է անսպասելին՝ նախ ելույթ է ունենում ՄԱԿ-ում, ապա սկսում սիրիական իր պատերազմը:

Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական արդյունքները շատ ավելի են, քան նախկին ՆԱՏՕ-ական բոլոր արդյունքները միասին վերցրած:

Սա արդեն սկանդալ է, գլոբալ, մեծ սկանդալ: Եվ վերլուծել ու հասկանալ է պետք՝ թե ինչպես և ինչու այն տեղի ունեցավ:

Առաջին և ամենակարևոր պատճառը դա ամերիկյան ու ողջ արևմտյան հետախուզուկան կենտրոնների թերացումն էր, որը արդյունք էր դրանց պրիմիտիվացման: Սովետի կործանումից հետո, երբ վերացավ լուրջ հակառակորդը, արևմտյան հետախուզությունները մնացին առանց առաջադրանքների: Ժամանակի ընթացքում, անգործության պայմաններում, այդ մարմինները սկսեցին լրացվել ոչ կոմպետենտ ծանոթներով ու անբան մարդկանցով, որովհետև արժանի հակառակորդ չկար ու անելիք էլ չկար: /Բացառություն է կազմում Մոսադը, որը հակառակը, ավելի զարգացավ՝ ունենալով իր լոկալ ու գլոբալ-ընդլայնված խնդիրները/:

Հաջորդ պատճառը Պուտինի հանդեպ քամահրական վերաբերմունքն էր: Ասադի քիմիական զենքը սկուտեղի վրա մատուցելու պուտինյան ժեստը բացարձակապես անտեսվեց: Այն ոչ միայն երաշխիքներ չտվեց Պուտինին, այլ հակառակը, տեղիք տվեց մտածելու, որ ի դեմս Պուտինի գործ ունեն անսկզբունքային վախկոտ մեկի հետ, որին կարելի է անարգել ոնց կուզեն:

Հաջորդը ամերիկյան նախագահի կողմից Ռուսաստանի միջազգային ստատուսի վերաբերյալ հայտարարություններ էին, որ Ռուսաստանն այլևս գերուժ չէ, այլ երկրորդական կարգի թույլիկ ռազմականով երկիր: Այդ հայտարարությունը խորապես վիրավորեց ռուսներին, մասնավորապես զինվորականներին, որոնք սկսեցին համախմբվել Պուտինի շուրջը: ՛

Հաջորդը Պուտինի 10-օրյա անհետանալն էր, որը պատահականություն չէր: Այդ օրերին ինչ որ բան էր կատարվել, որը գաղտնի է պահվում մինչև հիմա: Բայց և ակնհայտ էր, որ Պուտինը հայտնվեց ուռած դեմքով և առանց պատշաճ բացատրությունների: Այդ ժամանակներից այս կողմ, Պուտինի վարքը միարժեքորեն փոխված է, և այն շատ ավելի վճռական է միջազգային հարցերում:

Տասնյակ այլ գործոններ էլ կային, ինչպիսին օդային տարածքների փակելն էր ռուսական օդանավերի համար, թուրքական ու բուլղարական գազային ստորացուցիչ խաղերը, մալազիական ինքնաթիռի հետ կապված դիվանագիտական խաղերը, Պուտինի միջնորդությամբ ձևակերպված ուկրաինական համաձայնագրերի անտեսումը ու բազմաթիվ այլ:

Կուտակված վտանգների ու անարգանքների պատճառով, ինչ որ առումներով, վերջին ամիսներին լցվել էր ռուսների և Պուտինի համբերության բաժակը և կատարվեց առաջընթաց անսպասելի քայլը՝ Պուտինն իր վրա վերցրեց Ասադի հակառակորդների դեմ պայքարը:

Իրականում իսլամիստներն ու սիրիական տարածքը հարմար պոլիգոն էին ռուսներին՝ համաշխարհային ռազմական ասպարեզ վերադառնալու և իրենց մասին հիշեցնելու համար:

Եվ Կասպից ծովից էլ թևավոր հեռահար հրթիռների օգտագործումն էլ թափանցիկ ուղերձ է արևմուտքին, որ տեսեք, ես արդեն պատրաստ եմ բալիստիկ պատերազմի էլ ձեր դեմ՝ իմ հետ խաղեր չանեք:

Սա է այդ պատերազմի միակ ու ուղղակի իմաստն ու նպատակը: Թե վաղն ինչ նոր քայլեր կանեն ռուսները, պարզ չէ: Բայց այն, որ մինչև հիմա կատարվողը ռուսների կողմից ամեն քայլն ու տարրը մշակված սցենարով ընթացող մեծ ռազմաքաղաքական շոու – կոմբինացիա է՝ դա փաստ է:

Եվ փաստ է նաև, որ կատարվողը բացարձակ անսպասելի էր արևմուտքի համար, որովհետև արձագանքները առնվազն ոչ ադեկվատ են:

Գումարած ռուսականին, չինացիք էլ են մոտենում սիրիական ափերին և երևի իրենք էլ իրենց պոտենցիալներով կմիջամտեն պատերազմին, իրենց ներկայությունը շեշտելու և ռազմական նոր, շատ ավելի բարձր ստատուս ձևակերպելու համար:

Փաստացի, Սիրիայում ընթացող ISIS անունով արյունալի մեծ թատերական ներկայացումը ռուսների միջամտությամբ վերածվեց համաշխարհային տարօրինակ մի պատերազմի, ուր բոլոր գերուժերը ներկա ու մասնակից են, բայց սցենարն իրենց ձեռքն են վերցրել ռուսները:

Թե ինչ ավարտ կունենա այս պատերազմը, դժվար գուշակելի է: Արևմտյան քաղաքական ու ռազմական գործերը ահռելի անալիտիկ ինստիտուտների ու թինք թենկերի սպասարկման տակ են: Ներկա պահին հազարավոր քաղաքագետներ, վերլուծաբաններ, հոգեբաններ ու ռազմական մասնագետներ ակտիվորեն սցենարներ են մշակում ռուսների դեմ:

Մտածել, որ ռուսները նախապես գերազանց ու հաղթական բազմաքայլ սցենար են մշակել ու կհաղթեն, պարզամտություն կլինի: Բայց որ ռուսները «վա բանկ» են գնացել, դա նկատելի է: Որ ռուսների նպատակը ոչ թե դասական հաղթանակն է, այլ աշխարհին իր կամքն ու ավերիչ զենքի պոտենցիալը ցույց տալը, դա էլ թափանցիկ է:

Ընթացողի հետ կապված արժե շեշտել, որ Հայաստանը որպես ռուսական կազարմա, ներկա պահին հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Կախված, թե ինչ պատասխաններ կստանան ռուսները, տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի ներգրավումը որպես ռազմադաշտի: Սակայն դրա հավանականությունը ներկա պահին չնչին է:

Գերուժի ստատուսը հետ բերելու ռուսական այս քայլը մոտակա ժամանակներում մեծապես փոխելու է ռեգիոնալ պրոցեսների վեկտորը: Այս պայմաններում հայկական միջազգային խնդիրները դրական լուծելու մեծ հնարավորություններ են բացվում, եթե իհարկե մեր երկրում դիվանագիտականն իր տարրական գործն անի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20