Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «խորքային պետության» դեմ պայքարը

Navt

Թուրքական Milli Gazete թերթում հրապարակվել է ««Արաբական գարունը» ձգտում է դեպի Ադրբեջան» խորագրով հոդվածը.

«2010 թվականի դեկտեմբերի 24-ին Թունիսում մեկնարկած «Հասմիկների հեղափոխությունը» հետագայում ստացավ նոր անվանում՝ «Արաբական գարուն», որն այսօր առաջ է շարժվում դեպի Կովկաս՝ Ադրբեջան։ «Արաբական գարնան» քամու փչելուն չդիմացան Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը։ Դարաա քաղաքում գտնելով բաց դուռ՝ այդ քամին 2011 թվականի մարտին մուտք գործեց Սիրիա, ուր այն վերածվեց փոթորկի՝ խլելով հարյուր հազարավոր կյանքեր։

Ներկա դրությամբ այն շարժվում է դեպի Կովկաս։ Տարածաշրջանում գործող խմբերն Ադրբեջանի վրա նայում են՝ որպես Մերձավոր Արևելքից դեպի Կովկաս ու Միջին Ասիա տարանցման համար հարմարավետ կամրջի։ Նրանց ախորժակը գրգռում է Բաքվի նավթը։

Ադրբեջանի հանդեպ իր նպատակամղվածության մասին ԴԱԻՇ-ի բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է դեռևս այս տարվա սկզբին (թեև փոքր-ինչ քողարկված ձևով)։ Այն ժամանակ էլ նրանք սկսեցին իրենց համար ստեղծել հուսալի ենթակառուցվածք։

Սիրիայում ԴԱԻՇ-ի մղած պայքարին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունն ակնհայտ ազդանշան է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այդ երկրում։ Բանն այն է, որ չնայած Ադրբեջանում գործում է արմատական հայացքներով քաղաքական կուսակցությունների ու կրոնական կազմակերպությունների գործունեության արգելք՝ արմատական իսլամականները այստեղ գտել են իրենց համար գործունեության դաշտ և հիմնավորապես ծավալել են ընդհատակյա աշխատանք։

Վահաբական խոշոր համայնքները, որոնք վերջին տարիներին առաջացել են Ադրբեջանում, այն բանի ցուցիչն են, որ վահաբական միսիոներները, որոնք որպես քարոզիչներ ուղարկվում են այդ երկիր, միանգամայն հաջող են կատարում իրենց առաքելությունը՝ կապված տեղի կենսակերպի, կրոնական գիտելիքների բացակայության և վերջին տարիներին երկրում ստեղծված աշխարհիկ կառուցվածքի հետ։ Ներկայում շիական բազմադարյա ավանդույթներն ու կենսակերպն իրենց տեղը զիջում են վահաբական ավանդույթներին ու պատկերացումներին։ Քարոզները մզկիթներում կարդում են գիշերները և այդպիսով «լվանում» են երիտասարդ ադրբեջանցիների ուղեղները։

Ադրբեջանում գործող կրոնական արմատական կազմակերպությունները (ցայժմ հայտնի չէ, թե ովքեր են նրանք, որտեղ է գտնվում նրանց կենտրոնը և ովքեր են նրանց առաջնորդները)՝ «Անտառային եղբայրներ» ու «Ալլահի բանակ» անվանումներով, հայտարարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա թիմի դեմ զինված պայքար սկսելու մասին։ Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ այդ անձինք ժամանել են Չեչնիայից։ Այդ անձանցից ստացվող գրավոր հայտարարություններն ու խոստովանությունները սարսափ են հարուցում։ Նրանք կատարելապես հստակ հասկացնում են, թե Բաքվի որ դեսպանատնից են ստանում փող, նյութական ու տեղեկատվական օգնություն, որպեսզի զենք գնելու հնարավորություն ունենան։

«Խորքային պետության» (թուրքական քաղաքական համակարգում գործող ազդեցիկ դաշինք, որը բաղկացած է հետախուզական, ռազմական, ուժային կառույցների ու դատական համակարգի տարրերից, որոնք միջամտում են պետության ղեկավարման գործընթացին, «պետություն պետության մեջ») դեմ պայքարը, որի հետ ավելի վաղ բախվել է Թուրքիան, այժմ պաշտոնապես սկսվել է Ադրբեջանում։

Հոկտեմբերի 17-ին Էլդար Ահմեթ Մահմուդովին պաշտոնանկ արեցին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնից՝ կապված նրա հետ, որ նա աչք է փակել նախագահ Ալիևի դեմ ուղղված գործունեության վրա, չի ձեռնարկել որևէ միջոց, չնայած ստացած տեղեկություններին, և նախագահին չի իրազեկել տեղի ունեցող անցուդարձերի մասին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին սպասվում են ծանր ժամանակներ»։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի վերջին թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնը հայտնել էր, որ «Անտառային եղբայրներ» (Orman kardeşleri) և «Ջեյշուլլահ» (Ceyşullah) կազմակերպությունները պատերազմ են հայտարարել Ադրբեջանի իշխանություններին: Այդ կազմակերպություններն Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ են հիշեցնում իրենց գոյության մասին: Նրանք զբաղվում են իրավապահների վրա հարձակումներ իրականացնելով, ահաբեկչություններ կազմակերպելով, վահաբական ուղղվածության գրականություն տարածելով, քարոզչական գործունեությամբ:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ տարածաշրջանի վերլուծաբանները կարծում են, որ այդ խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել Ադրբեջանի տարբեր շրջաններում: Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այդ կազմակերպությունները ծանր մեղադրանքներ են ներկայացրել Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, ով ոչ վաղ անցյալում դեմ է արտահայտվել սիրիական հակամարտությանն ադրբեջանցիների մասնակցելուն: Բացի այդ, նրանք Փաշազադեին մեղադրել են մզկիթների կառուցման համար հատկացված գումարները վատնելու համար. «Քուվեյթցի գործարար Աբդուլազիզ Բաթենը Հրդալանում (Ադրբեջան) Իսլամական համալսարանի կառուցման համար հատկացրել է 500.000 դոլարի օգնություն, և չնայած դրան՝ այն չի կառուցվել: Հարց է ծագում նաև, թե ինչու է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար Նայըֆ Աբդուլազիզը 700.000 դոլար հատկացրել Փաշազադեին: Հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվել գործարար Աբդուլլահից փախստականների համար ստացված 800.000 դոլարը: Նուրսիական համայնքի մզկիթի կառուցման համար հատկացված 250.000 դոլարը չգիտես ուր է չքացել»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.