Ալիևը հիմարացրել է Էրդողանին

- in Մամուլ
Ilham Aliev

Մենք Հայաստանում հանգիստ տեղներս նստած՝ երկիրը հայտնվեց անցյալի ու ապագայի վերագծված քարտեզներում, հարձակվող ու պաշտպանվող կողմի վիճակում։

Հարձակվում ու Թուրքիայի կեսը գրավում էինք, ըստ ռուսական մեծապետական ծրագրերը զառանցող Ժիրինովսկու, պաշտպանվում էինք, ըստ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուի, ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերից՝ Արցախի սահմաններին։

Այ, էսքան արագ զարգացան իրադարձությունները, երբ ռուսական ռազմական ինքնաթիռ խփվեց թուրք-սիրիական սահմանին, ըստ թուրքերի, իրենց բազմաթիվ նախազգուշացումներին չանսալուց, Էրդողանի զանգին Պուտինի չպատասխանելուց հետո։

Երեք շաբաթ է անցել Եգիպտոսից թռչող ռուսական ինքնաթիռի կործանումից, որին վերաբերող կիրակնօրյա նոթս վերնագրել էի «Ռուսական հաջորդ հարվածի թիրախը՝ Թուրքիա»։ Ռուսական շահը անցած երեք շաբաթվա համեմատ մնացել է անփոփոխ. «Իսլամին կամ իսլամական աշխարհի զգալի մասին պատերազմ հայտարարելուց հետո զբոսաշրջիկները դառնում են ահաբեկության թիվ մեկ թիրախ՝ ինչքան քիչ լինեն, էնքան լավ»։ Կսահմանափակվի արտագնա տուրիզմը, կզարգանա «ՌԴ ներքին տուրիզմը, որը չնչին է երկրի ահռելի չափերի համեմատ»։ Թեև նշել էի, որ վարկածը ավելի շուտ դավադրության տեսության ժանրին է պատկանում, բայց երեկ արդեն Պուտինը պաշտոնական ձևակերպում տվեց Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներին, առաջին հերթին զբոսաշրջային հոսքերը դադարեցնելու առումով։

Դա հսկայական վնաս կհասցնի թուրքական տնտեսությանը։ Իսկ համաչա՞փ է թուրքական պատասխանը. Ադրբեջանի միջոցով արցախյան տարածքներ գրավել և դրանով հարված հասցնել Ռուսաստանին։

Մի՞թե էդքան հիմարացրել է Ալիևը Էրդողանին։

Ծիծաղելին միայն հայերի հանդեպ ռուսական հոգատարությունը, դաշնակցությունը չափազանցնելը չէ, այլ Էրդողանին հավատացնելը, որ հակահայկական հոխորտանքները անկեղծ են՝ ինքը գիշերները չի քնում-մտածում է, թե ոնց հետ վերցնի «հայերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերը»։

Հետսովետական պետությունների, ավելի ստույգ՝ ԱՊՀ երկրների, երկրորդ սերնդի ղեկավարները, օրինաչափության հազվադեպ խախտումներով, միայն անձնական իշխանության երկարաձգման խնդիր ունեն։ Որի ամենավտանգավոր, անկանխատեսելի միջոցը պատերազմն է՝ ամեն գնով կխուսափեն։

Հատկանշական է նաև, որ ԱՊՀ երկրների ղեկավարները հաճախ իրար նման էլ գործում են (Կամ նրանց միջոցով միանման են գործում արտաքին ուժերը)։

Զորօրինակ։ Նոյեմբերի 25-ին հրապարակվեց տեսանյութը, ըստ որի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «կազմակերպված հանցավոր խմբակցություն» է բացահայտել, «որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ», նոյեմբերի 26-27-ին Ադրբեջանի Նարդարան բնակավայրում իրավապահները վնասազերծեցին զինված խմբավորում։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում կան սպանվածներ, թե նարդարանցիների, թե ոստիկանների կողմից։

Մինչ Բաքու գործուղված թուրք արտգործնախարար Չավուշօղլուն ակնկալում էր, որ Ալիևը հարձակում կձեռնարկի հայկական ուժերի դեմ ի պաշտպանություն մուսուլման եղբայրների, Նարդարանում ձերբակալեցին 15 հոգու, որոնք հետապնդում էին… Իսլամական պետության գաղափարներին համահունչ նպատակներ՝ հասնել սահմանադրական կարգի փոփոխության, այն է՝ շարիաթի հաստատման բարձրաստիճան անձանց սպանությունների միջոցով։
Մի տարբերություն, այնուամենայնիվ, կովկասյան հարևան երկրների միջև կա։ Հայաստանում ԱԱԾ գործողությունը ծաղրուծանակի ենթարկվեց ու բեմադրություն անվանվեց սոցցանցերում։ Համարվեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեից առաջ հանրությանը ահաբեկելու փորձ։ Նաև՝ ներշնչելու, որ «բարի» են, «մեղք» են պաշտոնյաները, ում դեմ պետք է առգրավված «կալաշնիկովները» կիրառեին «չար մարդիկ»։

Բայց Հայաստանում երևի միայն բարձրաստիճան հհկականներն ու իրավապահները, օլիգարխներն ու վարչախմբի կողմից վերահսկվող մեդիան է ձևացնում, որ պաշտոնյաները բարի են, իշխանությունը երկրում օրինակարգ է, հոգում է 30 տոկոսից ավելի աղքատների, 25 տոկոս գործազուրկների, 195 հազար հաշմանդամների, 600 հազար թոշակառուների մասին։ Մնացած բոլորը հիշում են՝ նրանք իրենց դիրքերը զբաղեցնում են, իրենց հարստությանը տիրապետում են կեղծած ընտրությունների արդյունքում։ Եվ բնական է, որ քվեարկեն՝ ոչ։

Էսքան թույլ իշխանությանը դրսից կարող են պարտադրել ինչ ասես։ Ի վերջո, ընդամենը կես տարի առաջ էր՝ ապրիլի 24-ին, որ Ժիրինովսկին ասում էր. «Հայաստանը մեզ համար եղբայրական երկիր չէ»։

Շարունակությունը կարդացեք www.lragir.am-ում:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ; Գրող, հրապարակախոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20