Բազմահանգույց պատմավեպ, որի լուծումը մեր օրերում է

- in Մշակույթ

Էդուարդ Խաչիկյանի «Ղեբուբան կամ արքայի գործակալը» պատմավեպը. 

Կան գրական որոշակի ժանրեր, որոնց առանձնակի «պահանջարկը» սրվում է՝ ժողովուրդների կյանքում հասարակական և քաղաքական շրջադարձային պահերին: Այդ ժանրերից է հատկապես պատմավեպը: Գալիս են պատմական ընդհանրացումներ կատարելու, վերլուծական մոտեցումների, պատմական դասերը վերանայելու, դասեր առնելու, դասեր հաղորդելու, վերարժեվորումներ կատարելու, հստակեցումներ մտցնելու ժամանակներ, որոնք գրական մտքին դրդում են դիմելու պատմավեպին, անցյալի անցուդարձերի մեջ գտնելու արդիականությանը համահունչ իրադարձությունների հետքեր և, հենվելով՝ թեկուզ պատմական սուղ տեղեկությունների վրա, կառուցել այն հենքը, ինչին պիտի կառուցվի, շարադրվի արդի հարցադրումները կրող սյուժեն, պիտի հյուսվեն պատումի հանգույցները: Մերօրյա պատմավեպերի շարքում իր ուրույն տեղն ունի արձակագիր Էդուարդ Խաչիկյանի «Ղեբուբան կամ արքայի գործակալը» պատմավեպը, որը մեկ արտահայտությամբ բնորոշելու դեպքում, կասեի, որ պատերազմի մասին՝ պատերազմը մերժող, հակասող ստեղծագործություն է: Ինչու՞ պատերազմի մասին և ինչու՞ պատերազմը մերժող:

Էդ. Խաչիկյանի վեպում ներկայացված պատմական ժամանակահատվածը նախաքրիստոնեական շրջանը և Հայաստանը մասնատող պատերազմներում երկու գերտերությունների ազդեցության հաստատման համար արյունալի պատերազմների, հայոց անմիաբանության, սեփական շահերը ժողովրդի և պետության շահերից գերադասող իշխանավորների վարքի, պատերա՞զմ, թե՞ խաղաղություն դիլեմայի, այդ խնդրի շուրջ զարգացող հոգեբանական ներքին երկվությունների և, անգամ, կրոնական հայացքների բախումների մասին է, և այս ամենը հեղինակը շարադրում է բազմաճյուղ զարգացմամբ՝ գործողությունների հոսքը հյուսելով՝ միաժամանակ մի քանի վայրում՝ մե՛րթ տեղափոխվելով Եդեսիա, մե՛րթ հայոց իշխանական տներ, մե՛րթ ճանապարհների վրա դեգերելով ու մարտերի նկարագրությամբ, տեղափոխվելով ապա Հռոմ՝ Ներոնի արքունիք, տալով նրա հպատակների ներքին հակասությունները՝ այս ամենը մեկտեղելով հայոց խնդրի շուրջ պատերազմի և խաղաղության հավերժական հոլովույթում: Պատմական անցքերի նկարագրությունը տալիս՝ հեղինակի շարադրանքը բարձրաոճ է, լեզուն՝ նորաբանություններով լեցուն, պատմական տվյալ ժամանակահատվածին հարիր: Վեպում չկան միարժեքորեն բացասական հերոսներ, նրանց կերպարները ճակատային չեն գծված. բոլորն ունեն իրենց ներքին, հոգեբանական հակասությունները, ինչպես և դրական հերոսների պարագայում է: Թե՛ Հայոց Տրդատ արքան, թե՛ Եդեսիո՝ կյանքի արշալույսին քրիստոնեություն ընդունած Աբգար թագավորը նույնպես հոգեբանական հակասություններ են ապրում, ներքին հարցադրումներ ունեն, ինչն արտահայտվում է նրանց արթմնի երազների և տեսիլքների միջոցով: Առանձին դիլեմա է՝ քրիստոնեությու՞ն թե հեթանոսություն ճակատումը. մտածումները կրոնի, դրանց կրած արժեհամակարգերի վերաբերյալ, թերևս, տվյալ խնդրի շուրջ հեղինակի հայեցակետի յուրահատուկ շարադրանքն են:

Այսպիսով՝ պատմական հնագույն ժամանակների գրական վերարտադրություն, որ խորին ուսումնասիրության արդյունք է, քանզի դեպքերի ու դեմքերի նկարագրությունը տրված է հնարավորինս ճշգրիտ ու հավաստի: Այդ ճշգրտությունը պահպանելու միտումն է ունեցել վիպագիրը, երբ տեղ-տեղ ծանրացել է պատմական դեմքերի թվարկումների, մանրամասների շարադրանքի վրա, ինչը մասնակիորեն փոքր-ինչ դժվարընթեռնելի է դարձրել վեպի որոշ հատվածներ: Սրան հակակշռում են հայոց իշխանական տներում՝ մի կողմից, և մյուս կողմից՝ մեծ տիրությունների ներսում գոյություն ունեցող՝ ոչ միանշանակ մոտեցումների ու տեսակետների տեր պետական այրերի ներքին հակասությունների, դավադրությունների բացահայտումներով զբաղվող արքունի գործակալ Ղեբուբայի վարած հետաքննությունները, որ համարյա «դետեկտիվ» ժանրին հատուկ թեթևությամբ առաջ են տանում վեպի գործողությունները: Վեպը «զարդարված է» նաև հայոց արքայի և Սոփիի սիրո պատմության զարգացումով. կան էջեր պատմավեպում, որ բառացիորեն արձակ բանաստեղծություններ են, բնության նկարագրություններ՝ վայելել է պետք՝ բառակազմական հայտնություններ, մակդիրների անսպասելի գործածություններ, զարգացող իրադարձություններին համահունչ, տրամադրություն հաղորդող, մինչ այս չհանդիպած համեմատությունների առատություն, որոնց մտահղացման հեղինակային իրավունքը Էդուարդ Խաչիկյան վիպասանինն է: Առանձին հզոր թափով ու վարպետությամբ են նկարագրված ռազմական բախումների, մենամարտերի, ճակատումների պահերը, և դա ռազմի դաշտում եղած և զենքից հասկացող մարդու խոսք է: Մեծ վրձնահարվածներով արված, շարժումով լեցուն, ճշգրիտ, համոզիչ պատկերներ են. թվում է՝ կռվողների կողքին ես, լսում ես զենքերի շաչյունը, կռվողի հետ հազիվ ես հասցնում ոտքդ ազատել՝ հեռու թռչելով ռազմի դաշտում մահացու խոցված նժույգից, ականատես ես մի աղեղով երկու ցլի գետնած քաջազնի հերոսագործությանը… Գեղեցիկ, տպավորիչ են Ղեբուբայի վարած արշավների ու հայոց արքայի հերոսամարտերի նկարագրությունները:

Հարուստ է Էդուարդ Խաչիկյանի գործածած հայերենը, և հարկ է, որ այն առանձին ուսումնասիրության առարկա դառնա:

Ահա, օրինակ, մի քանի համեմատություն. «…Ոսկեդրամի պես շողշողում էր աստղամանյակով շուրջկալված լիալուսինը»: «…Կյանքը մսխեց կրակի վրա գնացող գիշերաթիթեռի անգիտությամբ, ու տակն էլ, թե մի բան մնաց, հալվող մոմի վերջին թրթիռն էր»: «… Ջղերն աղեղի պես պրկվեցին»: «Նորածնի քնի պես անխռով, խաղաղ առավոտ էր»: «…Մինուճար որդին ծերունական օրերի իր անզորության անթացուպն էր, խորշոմած մատներում ծփացող ոսկեթաս գինին»: «Ինչ ուներ, արդեն կորցրել է, դրա համար էլ ձմռան գայլի պես անխոհեմ է դարձել, կատաղած»:

Մարդկային մտածմունքը հեղինակը հետևյալ կերպ է նկարագրում. «Խոհակունքը գտավ ցավի երակը» կամ «Տառապանքի մաստակն արդեն քանի օր որոճում է, իսկ ցավը չի մեղմանում»: Օրվա մի պահի այսպիսի նկարագրություն՝ «Տոթ ցերեկն աննկատ մերկացել, նվաղել էր երեկոյի զովաշունչ գրկում…»:

Նույնպիսի ուշադրության են արժանի իմաստնախոսությունները, որոնցով լեցուն է վեպը, և որոնցից շատերը կարող են դառնալ թևավոր խոսքեր:

Բերեմ, ընդամենը, մի քանի օրինակ: «Անկումը հասունանում է բարձունք հաղթահարելու ճիգերից»: «Հավատի սերմերը ծլում են տառապանքի դաշտում»: «Չարագործն էլ իրենից հետո անմահության հուշարձան է թողնում, քանզի պատմությունը փայփայում է նաև չարի մասին հիշողությունը»: «Մարդկանց միավորողը ոչ թե ոգեղենն է, այլ ոհմակի ինքնապաշտպանական բնազդը»: «Բարձունքը նպատակ ենք դարձնում, բայց երբ հասնում ենք գագաթին, պարզվում է՝ մնում է վայրէջքի բարդությունը»: «Դժվար է հաղթողի պես ապրել, բայց մեռնել պարտված»: «Համբերի՛ր և հուսա՛, աջուձախ հառվելու փոխարեն՝ նայի՛ր վերև, երկինքն անվնաս է»: «Մեր վստահությունը փոքր ճշմարտություններով են շահում, ապա՝ լիովին խորտակում»: «Ընտրյալները հանձնվելու իրավունք չունեն»: «Ինքնաբավությունից մինչև անմտություն մի քայլ է»: «Սփոփանքը թույլերի և խեղճերի զրահն է»: «Անկեղծությունը մի՞թե երախտիքի կարիք ունի: Թերևս. այլևս եզակի արժեք է»: «Կյանքի իմաստությունը գալիս է ապրված տարիների ծանրությունից»: «Կրակն է ընկել սեփական առաքինության ձեռքին»: «Վատորակ կավն էլ երբեմն անոթ է դառնում»: «Աստվածները հերկելու համար երկու ձեռք են տվել, իսկ տուն քանդողներին՝ հազար»: «Պատերազմում զոհվում է նա, ում ամենից քիչ է պատերազմը պետք, և շահում է նա, ով անձամբ է այդ խաղը խաղում» և բազում այսպիսի իմաստնախոսություններ:Էդ. Խաչիկյանի վեպում արծարծված խնդիրները, որքան էլ ժամանակային առումով, ծագել են անցյալ հեռավոր դարերում, արդիական են այսօր: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում գործողությունների կառուցումը և դրանց անկանխատեսելի հետևանքները, «ու՞մ է ձեռնտու պատերազմը» հարցադրումը և արդյոք ի՛նչ է շահում դրանից ժողովուրդը, անմիաբանության հետևանքները և դրանից տարաշխարհիկ ուժերի քաղած օգուտները, ազգի և անհատի շահերի բախումը, արևմուտքի քաղաքակրթության բերած աղետների ներթափանցման հարցերը, քաղաքական փոխզիջումների գնալու նպատակահարմարությունը, արտաքին հակընդդեմ ուժերի թաքուն և անթաքույց բախման պայմաններում սեփական շահերն առաջ տանելու վարպետությունը, հայոց անկախության տանող քայլերի հետևողականությունը, և վերջապես ստեղծարար խաղաղություն հաստատելու համար ջանադրությունը: Հարցադրումներն այս միանշանակ պատասխաններ չունեն, յուրաքանչյուրն այս վեպում ունի ի՛ր ճշմարտությունը, և վիպասանը նրանց հոգեկան երկվության արձանագրումները տալիս է բավական վարպետորեն՝ համոզիչ դարձնելով նրանց կերպարները, բացահայտելով նրանց գործողությունների դրդապատճառները՝ լինեն դրանք հայրենիքին նվիրված անձինք, թե դավաճան-դավադիրներ, աշխարհակալներ թե հպատակներ: Վեպի ավարտին շատ հարցեր դեռևս մնում են օդից կախված, քանզի դրանց լուծումը ցայսօր չի տրված… Սրանով է հատկապես Էդուարդ Խաչիկյանի վեպն արձագանքում մեր օրերում:

Վեպն ընթերցեց և իր խոհերն ընթերցածի վերաբերյալ շարադրեց Հասմիկ Սարգսյանը; Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20