Բնակչությունն ու հանցագործությունների թիվը պակասում են, սակայն քրգործերի թիվն ավելանում է

- in Իրավունք
dat

Խորհրդարանում երկու դատավորի հաստիք ավելացնելու նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ մինչև 1996 թվականը Հայաստանում կար 120 դատավոր, նրանք կարողանում էին լուծել բոլոր վեճերը: Այսօր, նրա խոսքով, ունենք 230-ից ավելի դատավորներ և զուգահեռ ունենք ծանրաբեռնվածություն թե քաղաքացիական, թե քրեական գործերով:

«Եթե ուսումնասիրում ենք հանցագործությունների վիճակագրությունը, ապա ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնն ասում է՝ ամեն տարի այսքան տոկոսով կրճատվել է այսինչ հանցագործությունների թիվը: Եթե նայում ենք դատարանների ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ դատարաններում քննվող քրեական գործերի թվերն ավելանում են: Այդպես հնարավոր չէ: Եթե դրան էլ ավելացնենք երկրից արտագաղթող 50-60 հազար քաղաքացիներին, որոնք ծերեր չեն, քրեական առումով ակտիվ դեմոգրաֆիական խմբերն են, հարց է ծագում՝ բա էս քրեական գործերը ո՞նց են ավելանում»,- ասաց նա: Ջհանգիրյանը նաև հարցադրում արեց, թե ինչպես կարող է մոտ 2 մլն բնակչություն ունեցող երկրում այդքան քաղաքացիական գործեր ունենալ դատարաններում: Նա եզրակացրեց՝ այսինքն՝ այդ համակարգը չի գործում, արդարադատություն չի իրականացվում:

«Քանի որ արդարադատություն չկա, դա պատվերով է, ով վճարում է, նա պատվիրում է: Տնտեսական ու գույքային վեճերն էլ ավելի շատ լուծվում են հեղինակությունների, գողականների կողմից, որը շատ ավելի էֆեկտիվ է արդյունքի տեսանկյունից: Դատարաններում 4-5 ամիս սպասելու փոխարեն մարդիկ նման ճանապարհ են ընտրում»,- հայտարարեց նա: Պատգամավորը նաև ասաց, որ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել սահմանադրական փոփոխությունների, բայց անտեսել են իրենց շատ սիրելի Վենետիկի հանձնաժողովի պահանջը, այն է՝ քանի դեռ երկրում չկա անկախ դատական համակարգ, կառավարման համակարգի փոփոխություն չպետք է նախաձեռնել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20