Բրյուսելում ձերբակալվել Է Փարիզում ահաբեկչական գրոհներին մեղսակցության մեջ կասկածվողը

Dzernashxta

Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի 17-ին ձերբակալել է Աբդեսլամ Սալահին, որի նկատմամբ հետախուզում էին հայտարարել Ֆրանսիայի իշխանությունները Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RTL հեռուստաալիքին:

«Աբդեսլամ Սալահը ձերբակալվել է իր տանը: Դրա համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը իրադարձությունների վայրից:

Ավելի վաղ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել Է, որ Ֆրանսիայի հետաքննչական մարմիններին եւ ուժային գերատեսչություններին հաջողվել է պարզել այն երեք մարդկանց ինքնությունը, ովքեր նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել են մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացմանը:

Այդ ահաբեկիչներից երկուսը ավելի վաղ բնակվել են Բելգիայում՝ ունենալով Ֆրանսիայի քաղաքացիություն:

Նրանցից մեկը 20 տարեկան է, եւ հենց նա է իրեն պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ: Երկրորդ մահապարտ ահաբեկիչը (31 տարեկան) շահիդի գոտին պայթեցրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արեւելյան շրջանում՝ Վոլտերի ծառուղում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ:

Spread the love