Բրյուսելում փակ են բոլոր խոշոր խանութները, կինոհամերգային և ցուցահանդեսային սրահները, մարզադաշտերը

- in Հասարակություն

Բելգիայի մայրաքաղաքում հակաահաբեկչական անվտանգության մակարդակի բարձրացումից հետո, այս հանգստյան օրերին փակ կլինեն խոշոր խանութները, կինոհամերգային և ցուցահանդեսային սրահները, մարզադաշտերը, լողավազանները, ակումբները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Բրյուսելի իշխանությունները:

Մետրոն չի աշխատի առնվազն մինչև կիրակի կեսօր (մեր ժամանակով՝ 15:00-ն): Չեղարկվել են բոլոր խոշոր սպորտային միջոցառումները, ներառյալ՝ 2 ֆուտբոլային և բասկետբոլային խաղեր, նաև, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հայտնի ռոք-կատարող Ջոնի Հոլիդեյի համերգը:

«Ելնելով սպառնալիքի մակարդակի բարձրացումից, խորհուրդ է տրվում փակել բոլոր խոշոր առևտրային հարթակները Ռոժյե, Լուիզ, Իկսել, Բրյուսել-կենտրոն շրջաններում»,- հայտնել է քաղաքային վարչությունը:

Առևտրային ամենամեծ փողոցներում գործնականում ոչ մի խանութ չի աշխատում: Փակ է Բրյուսելի խոշորագույն «Կինեպոլիս» կինոկենտրոնը, արգելափակված է Եվրախորհրդարանի այցելուների կենտրոնը:

Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակ է հայտարարվել անցած գիշեր հյուսիսարևմտյան Մոլենբեկ կոմունայում խուզարկությունների շարքից հետո: Ոստիկանությունն այնտեղ, Ֆրանսիայում ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ևս մեկ հոգու է ձերբակալել, նաև զենքի պահեստ է հայտնաբերել, և ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթուցիկի արտադրության լաբորատորիա:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն այսօր հայտարարել է, որ իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել «երկրում փարիզյան նման ահաբեկչությունների պատրաստման» մասին:

Spread the love