Գյումրիում գործողություններ են կատարվել Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամը»

AAC

Գյումրիում նոյեմբերի 25-ի երեկոյան հատուկ գործողություններ են իրականացվել` կապված նույն օրը Երևանում հանցավոր խմբի վնասազերծման հետ:

ՀՀ ԱԱԾ-ի` նոյեմբերի 23-ի` «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանցավոր խմբի մոտ հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը: ԱԱԾ-ն գործողություններ է իրականցրել Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ»-ի ստուդիան: Դեռ ամիսներ առաջ ռադիոկայանը հեռարձակել էր հարցազրույց «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ նա խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Հայտնի է, որ Արթուր Վարդանյանն է նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի պարագլուխը: Իսկ «Ռադիո Մարիամը» նույնը օրը երեկոյան դադարեցրել է իր հաղորդումների հեռարձակումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղացավ Ղորղանյան 83-ին հարակից տարածքի բնակիչներից, տանը ողջ օրվա ընթացքում եղել են ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Որոշ տեղեկությունների համաձայն` տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել:

Այս հասցեում են տեղակայված նաև «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ. և առաջարկում է ՏՏ ծառայություններ, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը՝ Հայր Անտոն Թոթոնջյանի գլխավորությամբ: Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանն արդեն ավելի քան 11 տարի կրթական, բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հայ կաթողիկե համայնքներում այդ թվում ՝ Փանիկ, Ձիթհանքով, Արևիկ, Լանջիկ և Ազատան:

Արմենուհի Մխոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20