«Դե ֆակտո» հաղթանակով` դեպի Երևան

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ. Մաս III

– Սեդրակ Երկանյան հասուն դաշնակահարի նորամուտը երաժշտության մեծ աշխարհ, թերևս, պետք է հաշվարկել անդրկովկասյան մրցույթին մասնակցությամբ. նրանում առաջին տեղը փաստացի թեև իրենը չէր, սակայն իրական հաղթանակը (և դա բոլորը գիտեին) ինքն էր անվերապահորեն նվաճել: Եվ դրա վկայությունը թբիլիսաբնակ երաժշտասեր հասարակության հիացումն էր Ձեր նվագով: Հանդիսականը համաձայն չէր թույլ տված անարդարությանը, քաջատեղյակ էր կուլիսային խարդավանքներից, և իր համակրանքը երիտասարդ հայ կատարողի կողմն էր:

Ի՞նչ զգացումներով վերադարձաք այդ մրցույթից: Հավանաբար՝ խառը:

Ս. Երկանյան. – Ճիշտ բնորոշեցիք՝ իրո՛ք խառը զգացումներով էի վերադառնում: Ի վերջո դափնեկիր դառնալը դաշնակահարների անդրկովկասյան մրցույթում զգալի նվաճում էր. այդ մրցույթները՝ ներառյալ հինգերորդը, ուժեղ և հեղինակավոր մրցույթներ էին. դրանից հետո սկսեցին որակապես թուլանալ և առանձնապես երևելի դեմքեր այլևս չտվեցին: Այդ խառը զգացողությամբ վերադառնում եմ՝ հոգուս մեջ ո՛չ այնքան դափնեկիր դառնալուս ուրախությունը կրելով, որքան Թբիլիսիում մեծ երաժշտասեր համայնք ձեռք բերելու զգացողությամբ: Խառը, քանի որ աչքիս առջև էին պատկերները, երբ շնորհում էին պարգևները և ապա՝ հյուրանոցի սենյակներում խրախճանքները, որոնցում իրենց զավակներին ուղեկցող ծնողների ու մրցութային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, կամ ռեստորաններում նշում էին մրցույթի ավարտը (մրգե՜ր, կոնյակնե՜ր), իսկ ես մեն-մենակ սպասում էի, թե երբ պետք է գնացքը շարժվի, և վերադառնանք Հայաստան.- այդ ամենից հոգիդ տակնուվրա էր լինում:

– Այսինքն՝ նաև մենության զգացու՞մն էր գումարվել խառն ու տարամերժ զգացումների «փնջին»:

Ս. Երկանյան. – Մենության զգացումը, որը խորանում էր այն անարդարության դառնությամբ, որ արդեն ճաշակել էի: Շարունակվում էին ուսուցչուհուս՝ Ելենա Աբաջյանի հետ անհարկի ընդհարումները: Հասկանում եմ՝ կին էր, նա էլ իր հերթին հավանաբար ինչ-որ մասնագիտական վիրավորվածություն, իր սպասումները չիրագործված տեսնելու հիասթափություն էր ապրում: Ու հատուկ ուշադրություն էր ակնկալում, բայց այդ ուշադրությունը շատ ավելի ստանում էր մրցույթին, որպես ունկնդիր, Երևանից ժամանած ուսանողությունից, իսկ ինձնից՝ առանձնապես ոչինչ…

– Բայց չէ՞ որ հենց իրեն ի սկզբանե չդավաճանելու և այլ ուսուցչի՝ իրենից չգերադասելու պատճառով էիք նաև հայտնվել հարվածների ներքո, ձեռք բերել թշնամիներ:

Ս. Երկանյան. – Այո՛, փաստ է, որ հենց այդ թշնամությունն էր պատճառը, որ մրցույթի երրորդ փուլից հետո ես այդպիսի հարված ստացա…

Ի վերջո, եկանք հասանք Երևանի կայարան: Գնացքից դուրս եկողին դիմավորում են մարդկային հոծ խմբերով, ընտանիքներով, վեր են թռցնում… Ինձ եկել էր դիմավորելու եղբայրս՝ Երվանդը: Եկավ սուսուփուս, շնորհավորում եմ՝ ասաց, էլի մի քանի նախադասություն, տաքսիով պատվով բերեց հասցրեց տուն: Ավարտվեց այդ շրջանը, այդպես վերջակետվեց: Գնացքն արդեն գնացել էր, որևէ բան չէի կարող անել, հիմա պետք է մտածեի հետագայի մասին: Անդրկովկասյան մրցույթին հաջորդում էին համամիութենական մրցույթի նախընտրական փուլերը: 1977-78 թվականներն էին. ես արդեն 5-երորդ կուրս էի անցնում, ուսուցչուհիս չէր հանձնվում, ինձ պատրաստում էր, որպեսզի այդ փուլերին մասնակցեմ, անպայման դրանցով անցնենք և նվաճենք Լենինգրադ գնալու իրավունքը: Ի դեպ, դարձյալ ինձ գալիս հասնում էին կամ բերում հասցնում էին խոսակցությունները, թե ով է շահելու հիմա էլ ա՛յս մրցույթում: Ճիշտ է, հոլովվում էր լավ դաշնակահարի անուն, բայց մրցույթից ամիսներ առաջ ապագա հաղթողների անունները հոլովվելու պրակտիկան շարունակվում էր: Տալիս էին Միխայիլ Պլետնյովի անունը, որն այսօր միջազգային առումով նշանավոր դեմք է: Այդ հոլովումներն ունեին իրենց պատճառահետևանքային բովանդակությունը:

Բացահայտորեն Խորհրդային Միությունում գլուխ էր բարձրացրել հրեական կլանը, ու նաև՝ այս ոլորտում: Մի քանի անուններ կային՝ Օբորին, այլոք, որոնց աշակերտը լինելն արդեն նշանակում էր ինչ-որ մի հաղթանակի կամ հաջողության հասնել: Ոչ մի շանս չունեիր առաջինը կամ երկրորդը դառնալու այդ մրցակցությունում, եթե ուրիշ մեկին էիր աշակերտում: Եվ ահա, դաշնամուրային արվեստի կարկառուն դեմքերից մեկը՝ Ֆլիյերը, որ ժամանակին կատարող էր եղել, ապա և դասատու՝ պրոֆեսոր, մահացել էր, և նրան աշակերտած Մ. Պլետնյովը, ի հիշատակ իր ուսուցչի, պետք առաջին տեղում հայտնվեր:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԱՖԻԱՅԻ ԵՎ ՉՀԱՆՁՆՎԵԼՈՒ

ԵՐԿԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

– Մինչև ո՞ր աստիճանն էր գործում մրցութային այդ հովանավորչությունը, մի՞թե անգամ միջազգային մակարդակներում այդ եղծելի պրակտիկան գործարկվում էր:

Ս. Երկանյան. – Խորհրդային Միությունն իր կադրերին ուղարկում էր այն մրցույթներին, որոնցում համոզված էր՝ առաջին տեղն իրենն է: Կոմունիստական մշակութային քաղաքականությունն էր այդպիսին. արտերկրում խորհրդային երկրի ագենտուրայի աշխատանքի շնորհիվ հասնում էին նրան, որ պարտությունը բացառվի. ժյուրիի անդամները «գնված» էին: Այդ պատճառով գնում էին մրցույթների Պորտուգալիա, Չեխիա, Լեհաստան, Ֆրանսա. այդ պատճառով հիմնականում իրենց կադրերին ուղարկում էին այդ նույն մրցույթներին: Եվ կային հեղինակավոր մրցույթներ, որտեղ խորհրդային երկիրը ներկայացնող ոչ մի արվեստագետ չէր մեկնում, իսկ եթե մասնակցում էին, ապա լավագույն դեպքում վերջին տեղերն էին զբաղեցնում:

– Գուցե դա բացատրվում է <<սառը պատերազմի>> ժամանակներում սովետների երկրի հանդեպ չոր պահվածքո՞վ, այն ներկայացնող անհատ արվեստագետների հանդեպ աչառու վերաբերմունքո՞վ: Նման բան կա՞ր:

Ս. Երկանյան. – Այնքան էլ այդպես չէ: Գոնե մինչև անցյալ դարի 70-ականներն անցկացված լուրջ մրցույթների և նրանցում հաղթած երաժիշտների մասին գրականությունն այլ բանի մասին է վկայում: Այնպիսի անուններ են նրանցում դափնիներ նվաճել, որ այդ երաժիշտների հաղթանակին չես կարող կասկածել:

– Ահա, երբ այսպիսի մթնոլորտ էր տիրում, Դուք մասնակցում եք մրցույթի: Նախապես պարտություն ունենալու զգացումը չէ՞ր կեղեքում:

Ս. Երկանյան. – Գնում էինք, բայց արդեն «մեջքներս ջարդված»: Ամեն օր կոնսերվատորիայի միջանցքներում մեր ականջներում կաթեցնում էին՝ Պլետնյով, Պլետնյով … Կլանի հետ ո՜վ կարող էր ոտք ձգել: Ֆլիյերն էլ մահացել էր, իր հիշատակին պիտի այդպես հարգանքի տուրք մատուցեին՝ իր աշակերտին բաժին հանելով դափնիները:

Այդպես էլ եղավ: Նվագեցի առաջին փուլում, ոմանք մոտեցան, շնորհավորեցին: Ի դեպ, ինձ մոտեցավ նաև Պլետնյովը. լսել էր ինձ և ասաց, որ ցնցված է Սկրյաբինի «Էտյուդի» իմ կատարումից: Իսկ ես կատարում էի Սկրյաբինի ամենաբարդ էտյուդներից մեկը՝ «Տերցիաներով» էտյուդը: Անսպասելի էր, իհարկե: Ինքը շատ լավ դաշնակահար էր, $հաղթելու հնարավորություններ, իհարկե, ուներ, բայց ինձ վրա ամենից փայլուն տպավորությունը թողեց մեկ ուրիշը՝ մի ֆանտաստիկ երիտասարդ դաշնակահար. ոնց որ պատրաստի Բենեդետտի Միքելանջելլի լիներ: Նա ավարտել էր կոնսերվատորիան և սովորում էր ասպիրանտուրայում՝ Ստանիսլավ Նեյհաուսի մոտ: Լսելով նրա ֆանտաստիկ նվագը՝ մտածեցի՝ ի՜նչ լավ է, որ եկել եմ, այս տղային լսեցի:

Լավ դաշնակահարներ, իհարկե, շատ կային: Նրանց թվում էր մի աղջիկ, որ դարձյալ սովորել էր Ֆլիյերի դասարանում, Ռիգայից էր: Կային նաև թյուրիմացություններ: Օրինակ, միջինասիական հանրապետություններից մեկի նեկայացուցիչը եկավ, սկսեց Շոպեն նվագել, չստացվեց: Նորից սկսեց, դարձյալ չստացվեց, և այսպես՝ մի քանի անգամ: Դաշնամուրի կափարիչը շը՜փ շրխկացրեց, գնաց: Ի վերջո, մրցույթից ես դուրս մնացի: Ցավալին այն էր, որ ինչ-որ 0 ամբողջով սկսվող միավոր չէի հավաքել՝ հետագա մասնակցությունս ապահովելու համար: Պիտի միանգամից <<մաղեին>> անցանկալիներին, նրանց, ովքեր կարող էին դույզն-ինչ վտանգ ներկայացնել իրենց նախընտրած թեկնածուի համար:

– Իսկ այն ֆանտաստիկ տղա՞ն՝ Միքելանջելլիին հիշեցնող: Նա՞ էլ անցանկալիների թվում էր:

Ս. Երկանյան. – Նրան էլ մրցութային երկրորդ փուլիս դուրս թողեցին, որ երրորդում խնդիր չծագի, ոնց կամենան, տեղաբաշխեն: Որքան տեղեկացված եմ, հետո այդ տղային ուղարկել էին հեռավոր Ուրալ՝ Սվերդլովսկի ֆիլհարմոնիա՝ այնտեղ աշխատելու: Այսինքն՝ Մոսկվայից հեռու, որ իրենց հաշիվներին չխառնվի…

ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ ԿԱՄ

ՇՈՒԲԵՐՏԻ «ԲԵ ԴՈՒՐԸ»՝ ՀԱՂԹԱՔԱՐՏ

– Երևանում էլ, հավանաբար, ջանում էին, նույնկերպ Ձեզ հետ վարվել. կային մարդիկ, որոնց հաշիվները երևի Դուք էիք խառնում:

Ս. Երկանյան. – Հիմա ես՝ Երևան վերադարձիս ուսուցչիս առջև խնդիր դրեցի չխառնվել իմ պետական քննությանը ծրագրի ընտրության հարցում, և հայտարարեցի, որ կգամ ու պատրաստի ծրագիրը կներկայացնեմ քննությունից 10-15 օր առաջ: Եվ կնվագեմ: Նույնն արել էի դեռ երեք տարի առաջ՝ 1975-ին, մինչև անդրկովկասյան մրցույթին իմ մասնակցությունը: Մինչ այդ մի այլ՝ Լիսաբոնում կայանալիք մրցույթին մասնակցելու հայտ էլ էի ներկայացրել. նախընտրակա փուլով չանցա, բայց իբրև խրախուսանք ունկնդրումներին իմ նվագի համար, ինձ ազատեցին քննություններից: Դա ինձ համար շատ լավ էր, քանի որ մեկ էլ կոնսերվատորիայում հայտնվեցի 3-րդ կուրսի հունվարյան քննություններին: Գրեթե ինն ամիս ազատ էի. այդ ընթացքում վերափոխեցի դաշնակահարի ողջ իմ կեցվածքը, նստվածքը, ձեռքի դրվածքը, տուշեն: Ամեն ինչ վերափոխեցի:

– Ո՞նց դրան հասաք, ո՞վ ուղղություն տվեց, հուշեց, ո՞վ արեց:

Ս. Երկանյան. – Բացարձակ մենակ:

– Որտեղի՞ց էիք քաղում, հապա, գիտելիքները, հմտությունները:

Ս. Երկանյան. – Դե՛, ինչ-ինչ բաներ արդեն կարդացել էի, լսում էի, ականջիս մեջ, ուղեղիս մեջ, հոգուս եռքը բերել հասցրել էր դրան… Հասկացել էի, որ նախկինի պես նվագելու դեպքում շատ հեռու այլևս չեմ գնա: Եթե մրցութային լսումներին չանցա, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ, ուրեմն՝ մի լուրջ բան պակասում է: Մի շատ լավ ժամանակաշրջան էր՝ վերլուծելու, ինքս իմ մեջ նայելու: Ու այդպես ոնց որ «զրոյից» սկսեցի: Օգնեց նաև կարդալը, մեծ վարպետների կատարումները լսելը, ուսումնասիրելը. Սվյատոսլավ Ռիխտեր, Գլեն Գուլդ, Կլաուդիո Արրաու, Սոֆրոնիցկի, Բոշնյակովիչ, Արթուր Շնաբել. նրանց կատարումներով բոլոր ձայնասկավառակները պահպանում եմ մինչ օրս:

– Ստեղներին մատնահարելու կերպն էլ վերանայեցիք, հարկավ. ֆրանսիական տուշե՝ փափուկ մատնահարում:

Ս. Երկանյան. – Տուշե ասելով չի թիրախավորվում լոկ փափուկը: Տուշեն առհասարակ հասկացություն է նվագելու կերպի վերաբերյալ, թե մատնահարվածն ինչպիսին է, ինչքան պալիտրա ունես: Ստակատտոների, լեգատոների, հարվածների, շեշտերի տեսակներ կան: Մի խոսքով, այս ողջ արտիկուլյացիոն համակարգը դու որքանով ես կարողանում և՛ տիրապետել, և՛ ունենալ քո մատների տակ:

– Եվ դա՞ էլ փոխեցիք:

Ս. Երկանյան. – Ես փոխեցի ամբողջ, այսպես ասած, իմ և դաշնամուրի միջև «փոխհարաբերությունը»: Չէի նվագում այլևս այնպես, ինչպես մինչ այդ: Նվագում էի այնպես, ինչպես այլևս իմ ականջն էր թելադրում՝ այսպե՛ս պիտի նվագես, այս ձայնն այսպե՛ս պետք է դուրս գա…

Ինքնահայեցողության այդ շրջանն ավարտվեց նրանով, որ գնացի ու կոնսերվատորիա տարա մի սոնատ, որ Հայաստանում ոչ ոք չէր նվագել: Շուբերտի ամենամեծ սոնատն էր՝ «Բե դուր. սի բե մոլ մաժոր»: Այն տևում է 45 րոպե՝ ահռելի մի բան՝ սիմֆոնիայի չափ:

– Եվ ո՞նց ընդունվեց ուսուցչուհու, մյուսների կողմից:

Ս. Երկանյան. – Նա սահմանափակ ռեպերտուարի (երգացանկի) տիրապետող ուսուցչուհի էր. ինչ անցել էր, այն էլ փոխանցում էր իր ուսանողներին: Խուսափում էր նորություններից, որովհետև առանձնապես ասելիք չուներ: Իսկ ես պնդեցի, որ դա՛ եմ նվագելու, սովորել եմ, արդեն պատրաստ եմ: Պապանձվել էր, չգիտեր ինչ ասել նվագս լսելուց հետո: Սա այն Սեդրա՞կն է, որը մի քանի ամիս առաջ ոնց որ թե այլ կերպ էր նվագում, այլ կերպ էր մտածում… Մանավանդ, չգիտեր՝ այդ նյութի վերաբերյալ ի՛նչ պետք է ասեր: Եվ համաձայնեց:

Նվագեցի սոնատը, և հանձնաժողովը «դատապարտված» լսեց ինձ 45 րոպե (մյուսներն ամենաշատը՝ 10-15 րոպե էին նվագում): Մի շշուկ, ծպտուն չկար: Բարձր գնահատեցին, իհարկե: Կետտի Մալխասյանը (նա էլ մի «օլիգարխ» էր այդ ոլորտում) դասատուիս ասել էր. «Նրա մոտ բոլորովին այլ մոտեցում է դաշնակահարությանը: Ինչպե՞ս եք դուք հասցրել …»: Դասատուս էլ, թե՝ դե՛, հիմա այդպե՜ս…

Սա ինձ այնքա՜ն ներքին վստահություն հաղորդեց: Նշանակում էր՝ ինչ-որ բան սկսում էր աշխատել ճիշտ ուղղությամբ, ավելի խորը, առավել արտիստիկը, հեղինակին ավելի մոտ: Սա նախադեպն էր, երբ ինքնուրույնաբար որոշեցի, թե ինչ պետք է նվագեմ:

Արդեն շուրջ երկուսուկես տարի անց պետական քննությանը պատրաստվելիս դարձյալ որոշում կայացնելու իրավունքն ինձ վերապահեցի: Ու դարձյալ ընտրեցի այնպիսի երաժշտական կտավ, որը մինչ այդ, որքան տեղյակ եմ, Հայաստանում չէին կատարել: Ռախմանինովի 4-րդ կոնցերտն էր, ինչը շատ բարդ է՝ կոմպոզիցիայի առումով: Եթե Ռախմանինովի 2-րդ կոնցերտում բավարար է տեխնիկապես տիրապետես, և երաժշտությունը՝ ծո՜վ, տանում է քեզ, ապա 3-րդ և 4-րդ կոնցերտները բարդագույն են, դժվարին: Չորրորդն այդ առումով, այլ բան է պահանջում: Ոնց որ բլից շախմատները լինեն՝ վայրկենապես պիտի կողմնորոշվես՝ ի՛նչ քայլ անել: Նրանում արագ-արագ փոխվում են կերպարները, արագությունները: Այդ ամենը մի կամարի տակ բերելու համար պետք է շատ լավ ականջ ունենաս և նկարչի պես կարողանաս տեսնել՝ ո՛նց անել, որ չափերը՝ արագությունների, ռիթմերի, գույների, դինամիկայի, շատ ճիշտ լինեն: Ահա, այդ առումով, բարդագույն գործ է: 10 օր էր մնացել քննությանը, պնդեցի, որ դա՛ եմ նվագելու, չբեկանեցին ծրագիրը: Նվագախմբի բաժինը կատարող դաշնակահարը, որ դասախոս էր, հազիվ էր հասցնում նվագիս հետևից…

«ՁՄԵՌՎԱ ԹԻՓԻ», ՈՐՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ … ԵՐԱԶՆԵՐԸ

– Կոնսերվատորիան փայլուն կերպով ավարտած, խոստումնալից երիտասարդին երկու ձեռքով պիտի պահեին բուհում: Առաջարկներ չհաջորդեցի՞ն ուսումը շարունակելու:

Ս. Երկանյան. – Հիմա կպատմեմ կյանքիս ամենադաժան դրվագներից մեկը: Ես և Անդրկովկասյան մրցույթում լազրսարյանական ջանքերի շնորհիվ երկրորդ տեղում հայտնված աղջիկը մինչև պետական քննություն վստահ էինք, որ շարունակելու ենք ուսումը: Մեզնից բացի ուրիշ մեկը չկար՝ ո՛չ համերգ տվող, ո՛չ մրցույթների մասնակցող: Բայց այդ ձմեռվա թիփիին սկսվեցին տաք-տաք խոսակցություններ, թե «Իգորը, գիտե՞ք, ի՜նչ գիտական կոմունիզմ, ի՜նչ անգլերեն գիտե»: Իգորն էլ դաշնակահար Ռոբերտ Անդրեասյանի երրորդ կնոջից ծնված տղան էր, էլի՝ մեր կուրսեցի: Լավ պիանիզմ ուներ, բայց՝ անշուք, անհոտ, անհամ. հինգ տարի սովորեցինք, մի օր մի տեղ չնվագեց, մի օր մի տեղ չերևաց: Ու հանկարծ հոլովում են այդ Իգորի անունը:

Սա արդեն, կարծես, դառնում էր քո կյանքի գիրը: Քննություններից հետո հրապարակվում է, որ ասպիրանտուրային ընդամենը մի տեղ է հատկացված. և ամենասարսափելին՝ ո՛չ ինձ, ո՛չ էլ այն աղջկան ուղեգիր չեն տալիս, այլ մատուցում են Իգորին: Սա նշանակում էր՝ իրավունք չունեի մասնակցելու ասպիրանտուրայի ընդունելության քննություններին:

Դասատուս սկանդալ է անում. մի ահավոր խայտառակ վիճա՜կ, կռիվ է սկսվում… Այդ առիթից օգտվում են իմ՝ կամերայի երաժշտության, նաև կոնցերտմայստերության դասատուները, որոնք նույն բանն են ասում են. «Ի՜նչ տարբերություն, արի՛ ինձ մոտ ասպիրանտուրա»: Ելենա Տեր-Ղևոնդյանն առաջարկում էր ինձ դիմել ասպրանտուրայի կոնցերտմեյսրական այն տեղի համար, որ առաջին անգամ էր բացվել կոնսերվատորիայում: Ես կտրականապես մերժեցի: Հանուն ասպիրանտուրայի հո չէի՞ թողնելու դաշնակահարությունը:

– Դարձյալ Ձեր սկզբունքայնությունը և արվեստագետի բողոքող ոգին բախվում են անհաղթահարելի պատնեշների: Այլևս ի՞նչ քայլ էր կարելի կամ հնարավոր ձեռնարկել՝ դրությունը փրկելու համար:

Ս. Երկանյան. – Սկանդալի արդյունքում նոր հանձնաժողով կազմվեց, որոշվեց երեքին էլ ուղեգիր տալ: Բայց արդեն գիտեի՝ մի տեղ է հատկացված դաշնակահարության գծով, պիտի մասնագիտությունից «գերազանց» գնահատեն, իսկ գիտկոմից՝ «լավ» կամ «բավարար», ու արդյունքում ստացվի, թե Իգորն անցավ: Հասկանալով իրադարձությունների հետագա ընթացքը՝ հրաժարվեցի մասնակցել: Այն աղջիկն էլ (Սարաջևի աշակերտն էր) հրաժարվեց, բայց մի քանի ամիս անց «սարքեցին», ընդունվեց ասպիրանտուրա:

Հիմա Սարյանին հարցնում եմ. «Լա՛զր Մարտիրոսովիչ, ո՛նց եք մտածում, իմ պարագային ո՞նց է լինելու»: «Դե՛, ասում է,- քեզ նման դաշնակահարը ի՞նչ մտահոգվելու տեղ ունի: Գնա՛, բանակային տարիքդ անցկացրու հանգիստ, կգաս, կնվագես, կանցնես»:

– Ո՞նց պիտի անցկացնեիք բանակային տարիքը: Խորհրդային բանակում երկու տարի ծառայելո՞վ, Աստված գիտե՝ որտեղ, երբ ձեռքերն ու մատները վնասելու հավանականությունը մեծ էր, երբ երկար ժամանակ չէիք կարող պարապել (իսկ դա ունակությունների և հմտությունների զգալի կորստի պիտի հանգեցներ):

Ս. Երկանյան. – Իհա՛րկե: Դա արդեն Լազր Սարյանին չէր վերաբերում, կոնսերվատորիայից հետո իմ բանակային տարիքն անցկացնելու խնդիրն ինչու՞ պիտի նրան մտահոգեր:

ԵՐԿԱՆՅԱՆԸ՝ ԵՐԳԻ ԴԱՍԱՏՈՒ

(կամ այն մասին, թե Զովունիում ո՞նց ընդունեցին Բեթհովենի և Գյոթեի մասին պատումները)

– Բանակի կամ այլ անհայտ ճանապարհ մատնացույց անելով՝ մի՞թե այդքան դյուրին կերպով հայոց երաժշտանոցում պատրաստ էին տաղանդավոր, մեծ ապագա խոստացող դաշնակահարին կորցնելու:

Ս. Երկանյան. – Եթե ես իրենց, որպես կադր, որպես արվեստագետ, մտերիմ, հետաքրքրեի, այդպես, իհարկե, չէին վարվի. ասպիրանտական երկու տեղ կհատկացնեին: Այդ ընթացքում իմ բանակի խնդրի լուծման ուղիներն էի փնտրում: Այն տարիներին մի լավ կարգ կար. կա՛մ պիտի երկու տարի ծառայեիր բանակում, կա՛մ մինչև 27 տարին լրանալը մի որևէ հեռավոր գյուղում դաս տայիր: Գտա ամենալավ տարբերակը. իմ ոտքով գնացի ու գտա, իմ տանն էլ՝ շատ մոտ: Երևանին անմիջապես հարող Զովունիում երգի դասատու չկար: Մնում էր ծանոթների միջոցով ամրագրեի այդ տեղն ինձ համար: Այստեղ օգնության եկավ Արթուր Շահնազարյանի հայրը՝ Միհրդատ Շահնազարյանը, որ այն ժամանակ խիստ ազդեցիկ «Սովետական Հայաստան» թերթի խմբագիրն էր և արժանավոր անձնավորություն: Եղվարդի շրջանում ծանոթ ուներ, գնացինք միասին, ներկայացրեց, և որոշ թղթաբանությունից հետո աշխատանքի անցա Զովունիի դպրոցում: Կոնսերվատորիան ավարտելուց մեկ շաբաթ անց աշխատանքի էի անցել Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ակադեմիական երգչախմբում՝ որպես դաշնակահար, և շաբաթվա այն միակ օրը, երբ երգչախումբը չէր աշխատում, դասավանդում էի Զովունիում: Հաճախ էի բացակայում, որովհետև համերգային շրջագայությունների էի գնում Չեքիջյանի հետ, բայց տնօրենը հասկացող մարդ էր:

– Հարկավ, ուշագրավ պատումներ մնացած կլինեն երգի դասատու աշխատելու՝ այդ հեռավոր տարիներից:

Ս. Երկանյան. – Դպրոցում մի շատ խուլիգան մասսա կար, ինչպես լինում է ամեն տեղ: Ես էլ անտեղի խստություն էի անում՝ դասարանից դուրս էի անում անկարգներին, դիտողություն էի անում, թե՝ լուռ մնա և այլն: Ավելորդ ուժեր էի տրամադրում իմ դեմ: Գյուղի բնակիչների մի մասը եզդիներ էին: Նրանց մասնաշենքում հանգիստ էր՝ սուսի՜կ-փուսի՜կ, միայն դասասենյակներում տիրող հոտերին էր պետք դիմանալ: Բայց գյուղում մի քանի լկտիացած հայ տղաներ կային, որ իրենց վարմունքով հասկացնում էին՝ մեր գյուղն է, ինչ կուզենք, կանենք: Ես էլ՝ դրսից եկած… Հենց դասն ավարտին էր մոտենում, զանգը չհնչած՝ դասարանի դռանը դանակներ էին նետում, այսինքն՝ թե կարող ես, դուրս արի:

Հետաքրքիր մի ուրիշ բան հիշեցի այդ տարիներից: Դասերին պետք է պատմեի այս կամ այն երաժշտի մասին: Երբ Մոցարտի մասին պատմեցի, իմ անունը դարձավ Արամոցարտ: Դպրոցից դուրս գալիս՝ գյուղի տղերքը թե՝ Արամոցարտը: Մի օր էլ սխալվեցի, Բեթհովենի մասին պատմելիս՝ իր և Գյոթեի առնչություններից խոսեցի: Պատկերացնու՞մ եք՝ ի՜նչ եղավ հետո… Դե՛, արի, մի ամբողջ գյուղ զսպիր սրանից հետո: Չորս-չորսուկես տարի գյուղում աշխատեցի այս պայմաններում:

Վերջ III արարի

Զրուցեց` Հասմիկ Սարգսյանը

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20