Եվրոպային նոր էլիտա է պետք

- in Վերլուծական

Հետպատերազմյա շրջանում Եվրոպան կառավարել են տարբեր էլիտաներ, եւ հենց այդ պատճառով է հաջողվել այդքան ճկուն մանեւրել եվրոպական ներկայիս քաղաքական ու տնտեսական կառույցների ձեւավորման հարցում:

Սակայն անցյալում են քաղաքական ականավոր գործիչները, հիմա իշխանության են պսեւդո-լիբերալ «դաշտի» կլերկները, ովքեր ինքզինքը ներկայացնում են որպես փորձառու քաղաքական գործիչներ, ովքեր չունեն վերլուծական հանրության կարիքը, ովքեր հատուկ ծառայությունների օգնությանն են դիմում ժամանակ առ ժամանակ, երբ ամբողջ երկրներ հայտնվում են «սառը պատի տակ»:

Վերջին երկու տասնամյակներին թվում էր, որ եվրոպական տարբեր երկրների էլիտաները լիովին նույնական են, եւ տեղի է ունեցել քաղաքական խմբերի ստանդարտացում: Միեւնույն ժամանակ, բացի նրանից, որ եվրոպական էլիտաները մանրացել են, նրանք դադարել են արտահայտել համաեվրոպական խնդիրները եւ այն, ինչն ընդունված է անվանել արժեքներ:

Սակայն գլխավորն արժեքները չեն, այլ եվրոպական անվտանգությունն ապահովելու ընդունակությունը: Եվրոպական երկրների մեծամասնության բնակչությունը տարված է պոպուլիստական ու պսեւդո-լիբերալ, ավելին՝ պսեւդո-հումանիստական գաղափարներով: Եվրոպան դադարել է հասկանալ, թե որտեղ են իր քաղաքական ու արժեքային սահմանները եւ հաճախ արդեն չի հասկանում, թե որն է եվրոպական գաղափարը:

Ֆրանսիան դարձավ դասական օրինակ, երբ երկրի բնակչությունը 2012-ի մայիսին հրաժարվեց տնտեսական զարգացման ու անվտանգության ներդաշնակ ու հստակ մշակված չափանիշներից, այսինքն՝ այն քաղաքականությունից, որը հաջողությամբ իրականացնում էր Սարկոզին, եւ գերադասեց սոցիալիստների անհեթեթ կարգախոսները, որոնք չի կարելի անգամ քաղաքականություն անվանել:

Բավական չէ ներկայիս Ֆրանսիան ցնցումների մեջ է, կանգնել է աննախադեպ սպառնալիքների առաջ, իսկ երկրի նախագահը շարունակում է հայտարարել, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել 30 հազար փախստականների: Ֆրանսուա Օլանդը հասել է այնտեղ, որ մոռացել է Ուկրաինայի մասին եւ Ռուսաստանին Սիրիայում համագործակցության կոչ է արել:

Ֆրանսիայից քիչ է տարբերվում Գերմանիան, որտեղ քրստոնեա-դեմոկրատները վերջնականապես բարդույթավորվել են եւ ընդունակ չեն կիրառել անվտանգության մեթոդներ, որոնք երկրի ղեկավարները կիրառում էին 70-ական թվականներին, երբ երկրում մոլեգնում էին ահաբեկիչներն ու արմատականները:

Մի քանի տարի առաջ Իսպանիայի կառավարությունը տրվեց ահաբեկիչների շանտաժին եւ իր զորախումբը հանեց Աֆղանստանից:

Ամեն դեպքում, ձախ պաթոսի ժամանակներն անցել են երկար ժամանակով, եւ հիմա ընտրողների ձայնը ստանալու նպատակով ինքնախաբեության տեղ չի մնացել:

Եվրոպան կանգնել է ոչ միայն ահաբեկության սպառնալիքի, այլեւ քաղաքական նոր խնդիրների առաջ, երբ հանրությունը նկատելիորեն աջ է թեքվել, եւ դա նշանակում է նոր գաղափարների ու նոր էլիտաների առաջացում: Դրանք կան, եւ կարելի է նկատել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում ու նույնիսկ Շվեդիայում: Տարբեր երկրներում հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրություններն արդեն ցույց են տվել տրամադրությունների փոփոխությունները:

Եվրոպական հանրության առջեւ կանգնած է մարգինալներին իշխանության թույլ չտալու խնդիրը, երբ այդ երկրներում իրավիճակն ավելի այլանդակ դառնա: Խոսքը նոր էլիտաների մասին է, որոնք հիմնականում ձեւավորվել են ավանդական աջ կամ աջ-պահպանողական մշակույթից:

Քաղաքական նոր իրավիճակն, անկասկած, կհանգեցնի որոշ գաղափարների ամրապնդմանը, որոնք արդեն մի քանի տարի քննարկվում են, սակայն ենթարկվում քննադատության ինչպես աջից, այնպես էլ ձախից:

Նախեւառաջ, խոսքը ՆԱՏՕ-ի ամրապնդման մասին է, ինչը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպես Դաշինքի կազմի ու առաքելության ընդլայնումը, Եվրատլանտյան գոծընկերության զարգացումը՝ ներառյալ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի ու Մաղրիբի երկրները: ՆԱՏՕ-ի առջեւ դրված է գործառույթների ու գործունեության կառուցվածքային-օպերատիվ վերանայման խնդիրը:
ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության առջեւ կանգնած է այն երկրների ինքնիշխանության պաշտպանության խնդիրը, որոնք Ռուսաստանը վեր է ածել իր վասալների: Այլ կերպ անհնար է եվրոպական անվտանգությունը:

Միեւնույն ժամանակ, նոր էլիտաները պետք է դադարեցնեն խաղերն այն երկրների հետ, որոնք դարձել են ահաբեկության ու արմատականության քաղաքական ու ֆինանսական հովանավորները: Հարկ է վճռական ու բացահայտ ասել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Իսլամական պետության հանցակիցն է: Ընդունա՞կ են այս մասին հայտարարել Եվոպայի քաղաքական ներկայիս էլիտաները:

Միաժամանակ, նման խնդիր է կանգնած ԱՄՆ-ի առաջ, որը վաղուց սպասում է հանրապետական նախագահի, կամ նախագահ-պահպանողականի: Սակայն խնդիրը նախագահը չէ: Ամերիկյան հանրությունը նկատելի շարժվել է դեպի ձախ լիբերալիզմ, այսինքն՝ տրոցկիզմի ուղղությամբ:

Աշխարհի իրադարձությունները, ահաբեկության պես իրական սպառնալիքի առաջացումը կոչված են վերափոխել Ամերիկայի էլիտաները, խթանել լիովին նոր էլիտաների ձեւավորումը: ԱՄՆ-ում այդ տրանսֆորմացիան տեղի կունենա ավելի արագ, քան Եվրոպայում, քանի որ ամերիկյան հանրությունն ավելի մոբիլ է:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20