Իրանը կավելացնի նավթի վաճառքը. ինչ կլինի գնի հետ

- in Տնտեսական
Navt

Թեհրանն առաջիկա 5-6 ամիսներին օրական մեկ միլիոն բարելով կմեծացնի նավթի արդյունահանումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նավթ արտահանող երկրների միության` ՕՊԵԿ-ի ֆորումի շրջանակում լրագրողներին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան:

«Մենք սպասում ենք, որ դա արվելու է ՕՊԵԿ-ի շրջանակում: Մենք մեծացնելու ենք արտադրությունը եւ մատակարարումն այն պայմանով, որ ՕՊԵԿ-ի թույլատրված նորմը կմնա անփոփոխ: Այդ պատճառով մենք կոորդինացվելու ենք ՕՊԵԿ-ի հետ…Դա օրական 30 մլն բարել է (ՕՊԵԿ-ի քվոտան)», -նշել է նախարարը:

«Թուրան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ՕՊԵԿ-ի` նավթի շուկայի գծով նոյեմբերի12-ին հրապարակված զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի արդյունահանման օրական ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30 հազար բարելով կրճատվել է:

Ըստ ՕՊԵԿ-ի` ադրբեջանական նավթի վաճառքի ծավալները կրճատվելու են կապված Մերձավոր Արեւելքից կատարվող այլընտրանքային մեծ առաջարկի եւ եվրոպական նավթավերամշակման գործարաններում նավթի պաշարների մեծ կուտակումների հետ:

Bloomberg-ն էլ իր հերթին հայտնում է, որ նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադարձից հետո սեւ ոսկու գինը կտրուկ նվազելու է: Համաշխարհային բանկի փորձագետներն էլ կանխատեսում են, որ նման դեպքում նավթի մեկ բարելի գինը կընկնի եւս 10 դոլարով:

Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրնթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ը չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց  20 դոլարի մակարդակի:

Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է: ՕՊԵԿ-ի նոյեմբերյան զեկույցում կանխատեսվում է, որ նավթի նկատմամբ պահանջարկը 2015 թվականին կլինի վերջին 12 տարվա մեջ նվազագույնը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20