Կոշ գյուղում «ոչ» են ասում Սահմանադրությանը

Առաջիկա դեկտեմբերի 6-ին, հանրապետության մի շարք համայնքներում, բացի նոր Սահմանադրության հանրաքվեից նաև համայնքապետի ընտրություններ են: Այդ առիթով օրերս այցելեցինք մի շարք գյուղական համայնքներ ու զրուցեցինք, գյուղապետերի, բնակչության հետ, ոչ միայն ընտրությունների, այլև իրենց ապրուստի, մտածումների մասին:

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում պայմանավորվել էինք գործող գյուղապետ, բնականաբար ՀՀԿ-ական, թեկնածու Աշոտ Ենգիբարյանի հետ: Այն պահին, երբ մոտեցանք գյուղապետարանին, նա մեքենան նստեց ու պուկ` փախավ: Ստիպված եղանք զանգահարել, բա թե «Ակբա բանկ եմ գնում, հետո Երևան եմ գնալու, կգաք, կզանգեք, քաղաքում կհանդիպենք»: Ուրեմն` հասել էինք իրենց գյուղ, պիտի վերադառնայինք մայրաքաղաքում հանդիպեի՞նք գյուղապետի հետ:

Նա մի մրցակից էլ ունի` Ժորա Սարգսյան: Որոշեցինք նրա տունը գտնել, ընդհանրապես սովորություն և կարգն է այդպիսին, երբ որևէ գյուղական համայնք ենք այցելում, առավել ևս ընտրությունների առիթով, փորձում ենք, եթե գտնում ենք, զրուցել բոլոր թեկնածուների հետ: Գյուղամիջում հարցրեցինք, ճանապարհը` ոջ ու ձախ, ցույց տվեցին, երբ քայլում էինք գյուղի կիսաքանդ ու թրքոտ փողոցներում, ինձ բռնացրի Հրանտ Մաթևոսյանի գրականության մեջ, լուռ գյուղ էր, մարդիկ իրար հարայ – հրոցով էին կանչում, ոչ մեկը չէր երևում, սակայն ձայն էին տալիս միմյանց: Վերջը` գյուղի ծայրում գտանք Ժորա Սարգսյանի տունը, հիմա էլ ես սկսեցի մաթևոսյանական ոճով կանչել Սարգսյա~ն, ոչ ոք դուրս չեկավ: Մինչ նրա տուն հասնելը հարևանուհին «մատնեց», թե «Ժորան քիչ առաջ ոնց որ գնաց»: Մեր ձայնելու վրա, հենց նա էլ մոտեցավ արդեն հարևան – բարեկամի բակից, իր հեռախոսով զանգահարեց Ժորա Սարգսյանին, սա էլ, թե «Երևան եմ գնում, օրենքով եմ շարժվում, հարցազրույց չեմ տալիս»: Նրա հարազատներն ավելի բարեհամբույր էին, առջարկեցին սուրճ հյուրասիրել, մերժեցինք ու իջանք գյուղամեջ:

Ճանապարհին մի կին` Մանուշակ Գրիգորյանը, խոզերին կերակրել ու բակն էր ավլում, բանից անտեղյակ, ցավին անտարբեր` Սահմանադրության մասին ինձնից էր լսում, թեկնածուներից գործողը բարեկամն է, մրացկիցը` հարևանը, ինքը` երկու քարի արանքում. «Ես ինչ իմանամ ո՞ւմ ընտրեմ, ում էլ ընտրեմ, մյուսը` նեղանալու ա, բա ինձ պետք ա, ոչ էլ կգնամ, կամ` կգնամ մեկին կընտրեմ, էլի …»,- անկեղծացավ նա: Զրուցակիցս չմոռացավ նաև ներկայացնել իրենց խնդիրը` ջուր չունեն, բազմիցս դիմել է բարեկամ – գյուղապետին, ասել է` հա, բայց «խոսքը կտուրը գցել»: Տեսակ է երևի … «Ամբողջ ամառ մենք ջուր չունեինք, ջուրը կրում ենք»,- եզրակացրեց նա:

Ճանապարհին մի երիտասարդի էլ հանդիպեցինք` Բենիկ Մանուկյանին, ով մնացել է գյուղում, չի արտագաղթել, այդպիսի մտադրություն էլ չուներ ու նա միակն էր, որ գոհ էր գործող գյուղապետ Ենգիբարյանի աշխատանքից, թեև` համարում էր, թե «խեղճ գյուղապետի ձեռին ինչ կա, որ ինչ անի»: Նա կողմ էր Սահմանադրական բարեփոխումներին:

Արդեն գյուղի կենտրոնում, ինչպես լուսանկարում է պատկերված, գյուղի տղամարդիկ հավաքված բլոտ էին խաղում ու «քափը 8»-ի արանքում էլ միջամտեցինք ու առաջարկեցինք պատմել իրենց ապրուստից, կյանքից, վերջը` հայկական տարբերակով, միջազգային թեմաներին հասան ու կռվեցին պուտինապաշտպաններն ու «հակառակորդները»:

Կոշ գյուղի բնակիչները, նրանց եզրակացմամբ, միանաշանակ ՈՉ են ասելու նոր Սահմանադրությանը կամ` Սահմանադրական բարեփոխումներին` իրենց ձևակերպմամբ: Հավաքվածներից ամենավրդովվածը Ալբերտ Մեխակյանն էր, ով ներկայացրեց, թե Կոշ գյուղում հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում, դա էլ տուն չի կերակրում, դրա համար էլ երիտասարդությունը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնում` խոպան. ,Էն էլ ռուբլու և դրամի փոխարժեքի պատճառով լավ չի, շատերը դատարկ են հետ գալիս, չեն հարմարվում Ռուսաստանի պայմանների հետ, Եվրասիական միությունն էլ առայժմ ոչ մի օգուտ չի տվել, մենակ վնաս ա տվել: Վերադասները չգիտեմ ինչ են մտածում, բայց ժողովուրդը սպասում էր, որ լավ պիտի լինի, բայց չեղավ»:

Ինչ վերաբերում է իրենց գյուղապետի ընտրություններին, նրանք մեկը մեկից առաջ գործող գյուղապետ Աշոտ Ենգիբարյանին բնորոշում էին «հին», Ժորա Սարգսյանին` «նոր» գյուղապետ բառակապակցություններով, սակայն չէին անկեղծանում, թե ո՞ւմ են ընտրելու. «դե փակ, գաղտնի ընտրություններ ա, էլի …»: «Գործողը աշխատել ա, բայց ավելի լավին ենք ուզում, հավանական ա Ժորան, որովհետև իրա մոտ հլա թերություններ չենք տեսել», կարծիք հայտնեց ը: «Տենց ա, տենց»,- համաձայնեցին մյուսները:

Երբ հերթը հասավ Սահմանադրությանը` վրա տվեցին. «Դա ինչ ա, ինչ կապիկություններ են անում, իրենք` իշխանությունները չգիտե՞ն, որ ինչ էլ նախաձեռնեն, էնքան են վարկաբեկված, որ միևնույն ա, ժողովուրդն ասելու ա` ՈՉ: Էլի կեղծելու են, էլի ստիպելու են էս տեսակ գյուղապետերին, դպրոցի, մանկապարտեզի աշխատողներին, մի երկու կոպեկ աշխատողներին, որ իրանց ուզածն անցկացնեն, բայց դե չեն կարալու, է~, ժողովուրդն էլ առաջվա հարիֆը չի~»: «Եթե մի երկրի մեջ թագավորը չի ուզում իրա զենքերը ցած դնի, այլ ուզում ա Սահմանադրությունը փոխելով էլի տիրանա պաշտոնի, դա անընդունելի վարքագիծ ա, ժողովուրդը ոչ մի հատ վախենալու բան չունի, պիտի ասի` ՈՉ, մենակ ՈՉ-ը մեզի կփրկի: Պատերազմական երկրում ապրող պետություն ենք, ո՞վ պիտի լինի գերագույն գլխավոր հրամանատարը, էլի ինքը՞: Է, օձը դաղձից ա փախնում, դաղձը գալի օձի բնի դեմն ա բուսնում, դուզ եմ ասում, միանշանակ ՈՉ»,- մանրամասնեց Մերուժան Ասատրյանը: «Իհարկե` ՈՉ, եթե ԱՅՈ ասողները մտածում են, որ պետության միջոցները պիտի դրանով խնայեն, դա ձև չի»,- եզրակացրեց Ալբերտ Մեխակյանը. «Գործող Սահմանադրությունը լրիվ բավարարում ա մեզ, օրենքները պիտի աշխատեն»:

Մերուժան Ասատրյանը ռուսական պետհամարանիշներով` իր մեքենայով է եկել Ռուսաստանից, ասում է. «Մինչև Հայաստան հասնելը լավ ա, մտնում ես հայրենիք, սկսում են քամելը, քամում, հա, քամում են, էսքան ստեղ տուր, էնքան ընդեղ, ասում են` Ռուսաստանից ես եկել, փող ես բերել, տուր էլի»,- ձեռքերի կոպտուկները ցույց տալով վիճակը բնորոշում է նա:

«Այ, ցավդ տանեմ, էս ժողովրդին ոչ Եվրասիական միությունն ա հետաքրքրում, ոչ Սահմանադրությունը, ոչ գյուղապետի ընտրությունները, ժողովուրդն ուզում ա լավ ապրի, ինչ մշակում ա, պետությունը բերքը վեկալի, արի գնանք` տես, թե ոնց ա մարդը խաղողը մշակել, թափել քուչեքը կամ` բերքը վրեն դառել ա չամիչ: Մարդու իրավունքներն ամեն քայլափոխի մեր երկրում ոտնահարվում ա, որ տենց չլինի, իշխանությունները պիտի փոխվեն»,- եզրակացրեց Վարուժան Մադաթյանը:

Վերջը` հասանք Երևան, զանգահարեցինք Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանին, թե «դեռ բանկում եմ, վերջացնեմ, զանգեմ, դու քո հոգսերով եղի, ես անպայման զանգ կտամ»: Էն զանգելն է, որ պիտի զանգի …

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20