Հանձնաժողովը հաստատեց. Ռուսական A321-ում ռումբ է պայթել

- in Կեղտոտ լվացք
inqnatir

Եգիպտական հանձնաժողովը, որը զբաղվում է ռուսական A321 մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննությամբ, հայտարարել է, որ սեւ արկղի ձայնագրությունը փաստում է, որ ինքնաթիռում ռումբ է պայթել:

«Սեւ արկղերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա ռումբ է եղել: Մենք 90 տոկոսով վստահ ենք այդ հարցում»,- ասել է հետաքննող հանձնաժողովի անդամներից մեկը:

Ռուսաստանը եւ Եգիպտոսը երկար ժամանակ զերծ էին մնում այս վարկածը քննարկելուց: Սակայն այն բանից հետո, երբ Եգիպտոսը հասկացավ, որ արդեն չի փրկի իր զբոսաշրջային ինդուստրիան, հակվեց ահաբեկության վարկածին: Ռուսաստանն առայժմ այս վարկածի վերաբերյալ տեղեկատվությունը չի տալիս ուղղակի, այլ՝ հղում անելով արտերկրի աղբյուրներին:

Այսպիսով, արդեն ընդունված փաստ է, որ ինքնաթիռը ենթարկվել է ահաբեկության, թեեւ այս մասին գրվել է վթարից անմիջապես հետո: Փաստը հաստատել են ամերիկյան եւ բրիտանական հետախուզությունները:

Երեւում է՝ բացի սեփական հանրությանը «պատրաստելուց», Ռուսաստանի հապաղումը կապված էր նաեւ այն բանի հետ, թե ինչ է սպասվում իրեն թե ներքին, թե արտաքին ճակատներում: Ակնհայտ է, որ այդ ահաբեկությունն ազդանշան էր, որ հարձակումները կարող են շարունակվել, այդ թվում Ռուսաստանի տարածքում:

Ինքնաթիռի աղետից հետո Ռուսաստանի քաղաքականությունը կտրուկ փոփոխության ենթարկվեց: Մոսկվայից մի քանի սենսացիոն տեղեկություն ստացվեց՝ Գլխավոր շտաբը հայտարարեց, որ սկսում է համագործակցությունը Սիրիայի ընդդիմության, այսինքն՝ Ասադի հակառակորդների հետ, եւ ռմբակոծություններն արվելու են ընդդիմության տրամադրած տվյալների հիման վրա:
Բացի այդ, Ռուսաստանւ դիմել է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի իշխանությանը՝ աղետի հետաքննության հարցում օգնության համար:

Երեւում է սա սկիզբն է այն կտրուկ շրջադարձի, որ սպասվում է Ռուսաստանին թե Սիրիայում, թե այլ ուղղություններով: Հասկանալի է, որ Ռուսաստանը ներքաշվել է երկարատեւ դիմակայության մեջ, որտեղ լինելու է ոչ թե «սուբյեկտ», այլ ավելի շատ թիրախ: Երեւի այս պատճառով է, որ Ռուսաստանում աշխատում են հնարավորինս «լղոզել» ահաբեկության փաստը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20