Հուսահատ բժշկի մոտ ոչ ոք չի գնում

- in Հրապարակ
Bazkator

Դժվար է գտնել մի հիվանդի կամ մի հիվանդի հարազատի, որը խորհուրդ կտա դիմել այն բժշկին, որը ոչ միայն չի բուժում, այլ նաև հուսադրող ոչինչ չի ասում: Ավելին, շեշտադրում է, որ հիվանդի վիճակը չի բարելավվելու և բժշկագիտությունն անզոր է: Նա բարձրաձայնում է, որ ինքը անկարող է բուժել և հիվանդին մնացել են հաշված օրեր:

Սովորաբար նման պատասխան տալիս են այն բժիշկները, որոնք որոշել են այլևս բժշկությամբ չզբաղվել և այնքան են հիասթափված այդ աշխատանքի արդյունքից, որ փորձում են այլ աշխատանք փնտրել ուրիշ ոլորտներում, քանզի երբևէ օգտակար աշխատանք չեն կատարել իբրև բժիշկ:

Անդրադառնալով մեր իշխանություններին և նրանց պաշտոնական հայտարարություններին, տպավորություն ես ստսանում, որ նրանք այլևս անզոր են որևէ պետականամետ գործունեությամբ զբաղվելու՝ շտկելու անցյալի բացթողումները, սխալները և այսօր որոշել են ազնվորեն խոստովանել, որ իրենց հետ չի կարելի հույս կապել, իրենց մոտ չի ստացվում:

Կյանքը գնալով վատթարանում է և չի գտնվելու գոնե մեկ պետական այր, որ կրի պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար:

Գուցե նաև այս հանգամանքը հաշվի առնելով են ցանկանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, որպեսզի իշխանավորների բարեկեցությունը լինի հասցեական, իսկ պատասխանատվությունը անապատում՝ արևի տակ:

Այդ դեպքում «Անապատի արև» երգը կդառնա պետության հիմնը:

Դե ինչ, օրերս տարածաշրջանի երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց կայուն մեծամասնություն:

Հայաստանը չպետք է հետ մնա նրանցից և պետք է պահպանի իր «կայուն մեծամասնությունը» թեկուզև սոցիալական բևեռացումը առավել խորացնելով:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20