Հրանտ Դինքի գործը քննող դատախազի դեմ հետաքննություն է սկսվել

- in Իրավունք, Մամուլ
Hayastan - Turkia

Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը Հրանտ Դինքի գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուի դեմ հետաքննություն է սկսել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Նշվում է, որ հետաքննությունն իրականացվելու է այն հիմնավորմամբ, թե Քյոքչուն մամուլին տվել է տեղեկատվութուն, որն անել իրավասու չի եղել:

Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը կարող է Դինքի գործի քննությունը վերցնել Գյոքալփի ձեռքից, քանի դեռ հատուկ հսկիչներն անհրաժեշտ ուսումնասիրություն չեն իրականացրել:

Գյոքալփ Քյոքչուն ավելի վաղ Դինքի սպանության գործով պատրաստել էր մեղադրական ակտ, որով պահանջում էր ձերբակալել մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց դատապարտել մինչև 25 տարվա ազատազրկման:

Մասնավորապես, նա պահանջում էր քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատական գործ հարուցել Տրապիզոնի անվտանգության հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայում հետախուզական գրասենյակի ղեկավար Էնգին Դինչի, Տրապիզոն նահանգի անվտանգության նախկին ղեկավար Ռեշաթ Ալթայի և Ստամբուլ նահանգի անվտանգության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեթ Իլհան ԳյուՍ երի դեմ: Եթե մեղադրական ակտն ընդունվեր, ապա երեք անձինք կդատապարտվեին 20-25 տարվա ազատազրկման «անփութության հետևանքով կանխամտածված հանցագործությանն աջակցելու» հիմնավորմամբ: Մեղադրական ակտով պահանջվում էր ընդհանուր առմամբ դատական գործ հարուցել 25 պաշտոնյայի նկատմամբ, որոնց թվում են նաև Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, հետախուզության C բաժնի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը և այլոք:

«Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործը քննող Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը, սակայն, երկու անգամ հետ էր ուղարկել դատախազ Քյոքչուի պատրաստած մեղադրական ակտերը` դրանցում առկա «թերությունների» հիմնավորմամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20