Մարդիկ վատ են ապրելու, պաշտոնյաները՝ ավելի լավ

- in Մամուլ

2016 թվականը դժվար տարի է լինելու: Սա էր այն հիմնական միտքը, որ երեկ հնչում էր խորհրդարանում մեկնարկած բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: Հաջորդ տարին ավելի ծանր է լինելու, քան այս՝ առանց այն էլ ոչ այնքան հեշտ 2015 թվականը, որովհետև… պաշտոնյաները դա հիմնավորելու տասնյակ-հարյուրավոր փաստարկներ են ներկայացնում, մեկը մյուսից հիմնավոր, մեկը մյուսից հուզական:

Բայց հասարակության համար բոլոր այդ փաստարկներն ու հիմնավորումները, ըստ էության, ոչինչ են: Հասարակությունը ցանկանում է եթե ոչ՝ լավ, ապա՝ գոնե տանելի կյանք ունենալ, որը, ինչպես «խոստանում» է հաջորդ տարվա բյուջեն, չի ունենալու: Հասարակությունը կառավարության ու բյուջեի համար պատասխանատու պաշտոնյաների ասածներին լուրջ, գուցե անգամ ըմբռնումով կվերաբերվեր միայն այն դեպքում, եթե գոնե նվազագույն չափաբաժնի վստահություն ունենար իշխանության նկատմամբ:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ոչ միայն իշխանությունը ձևավորման ժամանակ գոնե լեգիտիմության փոքր չափաբաժին ունենար, ինչը չունի, այլ՝ որպեսզի իշխանության ներկայացուցիչները հավասարապես կրեին ծանր սոցիալական իրավիճակի ազդեցությունը: Ավելի պարզ ասած, եթե մարդիկ տեսնեն, որ պաշտոնյաների կյանքը ևս վատթարանում է, քանի որ «մենք գտնվում ենք անբարենպաստ արտաքին տնտեսական գործոնների ազդեցության տակ, և այլն», ապա գուցե և հասկանային, որ մի տարի էլ կարելի է փոքր-ինչ ավելի «սեղմված» ապրել: Բայց մարդիկ տեսնում են, որ որքան ծանրանում է երկրի տնտեսական վիճակը, այնքան ավելի ծանրանում են պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների կշիռն ու նրանց թիկնապահների պարանոցներին շողշողացող ոսկյա շղթաները:

Դրանք իրականում հասարակությանն այս իրավիճակին հասցրած ու դրանում պահող շղթաներն են՝ բառի փոխաբերական իմաստով, իհարկե: Իսկ քանի դեռ հասարակություն-իշխանություն խզումը խորանում է տնտեսական աճին ուղիղ համեմատական կարգով, հասարակությունը չի հավատալու ու չի վստահելու թեկուզ օբյեկտիվ հիմքերով համեստ բյուջե ներկայացնողներին:

Այնպես որ, բյուջեի խորհրդարանական քննարկումներն իրականում անիմաստ զբաղմունք են, եթե, իհարկե, իմաստալից չհամարենք այն, որ դրանց ընթացքում պատգամավորների մեծ մասը համապատասխան ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու լոբբինգի դիմաց հիմքեր է ստեղծում հաջորդ՝ ծանր տարին «թեթև» անցկացնելու համար:

«168 ժամ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20