Մեղքերի թողություն վերարտադրությունից առաջ և հետո

- in Հրապարակ
Hogevorakan Terter

Ոչ միայն «չար» լեզուները, այլև պաշտոնական վիճակագրությունը, պետական այրերի կողմից հնչեղ խոսքը վկայում է, որ պետության ոչ միայն արտաքին պարտքը, այլ նաև ներքին պարտքը, ԿԲ-ի պարտքը 2016 թ.-ին ավելանալու է: Սակայն միևնույն ժամանակ փորձում են հանրությանը հանգստացնել, որ այն դեռ վտանգավոր շեմից չի անցնի՝ նկատի ունեն ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի չափաբաժինը:

Եվ ահա այս պայմաններում նոր թափ է ստանում ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ամեն կերպ անցկացնելու մոլուցքը:

Բարեփոխում բառը ինքնին հաճելի և դյուրին է հնչում, սակայն երբ տեսնում ես, թե ինչ գործիքներով են փորձում այն անցկացնել մեր արհեստավարժները, բարեփոխում բարդ բառը դառնում է անցանկալի, անհասանելի, որը գտնվում է ռադիոծածկույթից դուրս:

Արտաքին պարտքը, կոռուպցիոն ռիսկերը և երևույթները, դրանց դեմ իրականացվող պայքարի նմանարկումը գտնվում են մեկ փակ պարկում, քանզի տնտեսություն չունեցող, բայց սոցիալապես բևեռացված երկրում իրական դրական աճ գրանցվում է միայն օլիգարխ իշխանավորների անձնական կյանքում:

Ի վերջո, պետության արտաքին պարտքը հո իշխանավորները չե՞ն փակելու կուտակած կապիտալը, ապարանքները գրավ դնելով: Այն մնալու է այսօրվա և վաղվա աղքատ հասարակության զավակների և թոռների վրա:

Ինչ խոսք, իշխանավորների մեջ էլ կան արժանիները, բայց նրանք այնքան քիչ են, որ կազմում են իրական արժանի փոքրամասնություն իշխանական բոլոր թևերում: Նրանք առայժմ եղանակ չեն կարող ստեղծել, քանի դեռ նրանց կողքին պետական այր են դառնում հանրակրթական դպրոցը միջակ առաջադիմությամբ ավարտածները, երբևէ օլիմպիադաներում չհայտնված, բայց բուհի պրեստիժ մասնագիտություն ստացած երիտասարդները, բանակ չծառայած պապաների բալիկները:

Եվ այս պրոցեսի վերարտադրությունը կազմակերպելու համար օրվա օլիգարխ իշխանավորները կառուցում են եկեղեցիներ, որպեսզի մարդիկ աղոթեն…

Բայց ո՞ւմ համար աղոթեն, շատերը աղոթում են ստեղծված վիճակից փրկվելու համար: Իշխանավորները այս սոցիալապես ճզմված վիճակի պատասխանատուն են և նրանք ամեն օր պետք է աղոթեն, որ կապիտալը և ապարանքները մնան տեղում և անվտանգ:

Նրանք պետք է աղոթեն հանրաքվեից առաջ և վերարտադրությունից հետո, քանզի այս մի բուռ ժողովրդին բերեցին նման վիճակի:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20