Մոսկվան А321-ի կործանման վարկածներից չի բացառում Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունը»

- in Հասարակություն
inqnatir

Ռուսական իշխանությունները չեն բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի կործանումը եգիպտական հատուկ ծառայությունների «դավաճանության» հետևանք է: Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել են աղբյուրները պետական կառույցներում:

Պարբերականը նշում է, որ առայժմ ռուսական կողմը պաշտոնական հիմքեր չի հայտնաբերել ինքնաթիռի կործանման ՌԴ ՔՕ 205 հոդվածով (ահաբեկչական ակտ) քրեական գործը վերաորակավորելու համար:

Ինքնաթիռում պայթուցիկի առկայության հետքերի առկայությունը պարզելու համար ուսումնասիրության արդյունքները պատարաստ կլինեն 1 շաբաթից ոչ շուտ, նշում է թերթը:

Սակայն ռուսական պետական կառույցներում բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ ինքնաթիռի աղետը «եգիպտական հատուկ ծառայությունների ներսում դավաճանության հետևանք» է:

«Ինչ էլ եղած լինի՝ դա նրանց մեծ տապալումն է»,- ասել է թերթի զրուցակիցը:

Մասնավորապես, աղբյուրի տեղեկությամբ՝ հետաքննիչները ստուգում են տեղեկությունը, որ թռիչքից առաջ Airbus A321-ին անհայտ պատճառներով մոտ են թողնվել կողմնակի անձինք:

Շարմ էլ-Շեյխ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի վաղ նշել են, որ խնդիրներից մեկը չվերթին սնունդ և վառելիք մատակարարող տրանսպորտի թույլ ստուգումն է: Հաճախ անվտանգության ծառայությունն այդպիսի տրանսպորտին թույլ է տալիս անցնել առանց ստուգման՝ միայն որովհետև անձամբ ճանաչում է վարորդներին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ինքնաթիռի աղետի պատասխանատվությունը ստանձնել էր Սինայի թերակղզում ԴԱԻՇ-ի ստորաբաժանումը:

Որպես աղետի պատճառի գլխավոր վարկած՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզությունները, եգիպտացի պաշտոնյաները նշում են ռումբի պայթյունը:

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանումը հանցանք է մարդկության դեմ:

«Բնականաբար, դա մարդկության դեմ մեծ հանցանք է։ Դա հարձակում չէ ռուսական օդանավի դեմ, այն հարձակում է բոլորիս վրա»,- ասել է նա։

Դավութօղլուն այդ կերպ է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԴԱԻՇ-ի գործունեությունում բեկումնային պա՞հ է համարում ռուսական օդանավի կործանումը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20